HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է ասվել զորակոչային հանձնաժողովի նիստում

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար:

Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին նաև պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է, որն իրականացվում է զորակոչի շրջանակներում: Նա շնորհակալություն է հայտնել գարնանային զորակոչի ընթացքում բարեխիղճ աշխատանք ցուցաբերած զինկոմիսարներին և խիստ ցուցումներ տվել այն զինկոմիսարներին, որոնց աշխատանքներում եղել են թերացումներ ու բացթողումներ:

Հաշվետու զեկույց է ներկայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը: Խոսելով 2011թ. գարնանային զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին՝ նա նշել է զորակոչի հաջողությունները և որոշակի բացթողումները:

ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչությունը ստուգումներ է կատարել զինկոմիսարիատներում: Դրանց արդյունքները ներկայացրել է վարչության պետ, գնդապետ Արմեն Սահակյանը:

Մանրակրկիտ ստուգվել են զինակոչիկների փաստաթղթերն ու անձնական գործերը, որոնց մեջ երբեմն առկա են եղել հակասություններ, օրինակ՝ եղել են դեպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտության տվյալները չեն համապատասխանել:

Ըստ այդմ, հանրապետական հավաքակայանից զինակոչիկները ուղարկվել են լրացուցիչ հետազոտության, իսկ մեղավորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորողներն էլ պատժվել են:

Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ-ում իրականացված օրենսդրական փոփոխություններին: Նրա խոսքերով՝ հանձնաժողովն ու պաշտպանության նախարարությունը ակտիվորեն համագործակցում են զորակոչն ավելի թափանցիկ ու արդար մթնոլորտում իրականացնելու հարցերում:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն իր ելույթում անդրադարձել է գարնանային զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների ու հանցագործությունների, ինչպես նաև հարուցված քրեական գործերի վերլուծությանը: Զինդատախազը առանձնահատուկ ընդգծել է բուժհանձնաժողովների թերացումներն ու խախտումները:

Նիստի ընթացքում զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկել են երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանն առնչվող և այլ այլ հարցեր:

Նիստի ավարտին ամփոփիչ ելույթ է ունեցել Սեյրան Օհանյանը: Նա զորակոչը պատշաճ կազմակերպելու ու անցկացնելու համար տվել է համապատասխան ցուցումներ:

Գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության կայքը:

Մեկնաբանություններ (1)

Սասուն
Այսքան պարապ մարդ կա՞ Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter