
Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ. զոհեր չկան
Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նշվածից բացի, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը»:
Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- հայտնում է գերատեսչությունը:
Մեկնաբանել