HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մուտքի աղբանոցը

Արգավանդի խճուղին Երևանի մուտքերից մեկն է, հատկապես արտասահմանից Հայաստան եկողների համար: Այստեղ կան մեծ թվով կահույքի խանութ-սրահներ: Մայրուղու երթևեկելի երկու հատվածները բաժանվում են երկաթյա ճաղավանդակներով, և այդ հատվածում փողոցն անցնելու համար անցորդները պետք է օգտվեն Մայրաքաղաքային 190 հասցեի ստորգետնյա անցումից:

Այս ստորգետնյա անցումի շրջակայքը աղբանոցի է վերածված: Ճանապարհի տակով անցնում է հին երկաթուղին, իսկ կամրջի տակով՝ անցումը: Այստեղից երևում է այդ աղբանոցը, որտեղ հին աղբակույտերի վրա ավելանում են նորերը: Լուսանկարում ենք «աղբարկղ» դարձած նախկին երկաթուղին, երբ հեռվից, աղբը ձեռքին մոտենում է տիկին Կատյուշան: Տոպրակներն ու թղթե տուփը վերևից գցում է ներքև:

Հետաքրքրվում ենք՝ տարածքում աղբարկղ չկա՞, որ այստեղ են թափում, պատասխանում է. «Որ աղբարկղ դնեն, մարդիկ աղբը ինչի՞ էստեղ կթափեն: Տեսեք՝ էս երկաթուղու հատվածը, գետնանցման տակ, ամբողջ երկայնքով աղբանոց է: Էս տարածքի հետևը գյուղ ա, էդտեղի բնակիչներն էլ են աղբը էստեղ թափում: Ամեն երեքշաբթի գյուղ ընդամենը մի մեքենա է գալիս, հավաքում շաբաթվա կուտակված աղբը: Բայց մի անգամվա գալով՝ ի՞նչ: Որ աղբը չեն գալիս տանում, ստիպված կուտակված աղբը վառում են, որ վերանա: Թող էս նույն տեղը մի աղբարկղ դնեն, մարդիկ աղբը էդտեղ թափեն, իրանք էլ գան, տանեն: Մայթի երկու հատվածում էլ պիտի դրվի: Մենակ դիմացի մայթում են դրել: Մեզ մոտ էլ ամեն քսան մետրի վրա մի աղբաման պիտի դրվի, ողջ տարածքում խանութներ են»: 

Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը պարզաբանում է, որ ճանապարհի երթևեկելի հատվածը՝ մինչև Զվարթնոց օդանավակայան, այդ թվում՝ գետնանացումը, Երևան քաղաքի պատասխանատվության շրջանում է:

«Աղբարկղերը դրվում են «Սանիտեկ» ընկերության կողմից: Մայթից դուրս՝ տների աղբահանությունը կատարվում է մեր կողմից: Նոր Տարուց առաջ մեր համայնքի ճանապարհներին չորս կամ վեց աղբանաման տեղադրել ենք: Ես հիմա կհանձնարարեմ բարեկարգման գծով պատասխանատուին՝ էդ հատվածով մի հատ պտտվի, խանութի ժողովրդի հետ զրուցի և կփորձենք իրանց հետ էդ հարցին լուծում տալ», - ասաց համայնքապետը:

Ս.Վարդանյանին ասացինք, որ բնակիչները աղբը թափում են գետնանցմանը հարակից տարածքում՝ ասելով, որ աղբարկղ չկա: «Եկեք գնանք, մի քանի անգամ էդ հատվածով անցնենք..., միևնույնն է՝ մարդիկ տանելու են, աղբը նույն տեղում գցեն»,- պատասխանեց պաշտոնյան:

Նշենք, որ երկու մայթերից միայն մեկում է տեղադրված «Սանիտեկ» ընկերության երկու աղբարկղ (տե՛ս լուսանկարը): Մյուս մայթում փոքր, կանաչ աղբարկղ է, որը դրված է խանութի առջև:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter