HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հայաստանում ընտրությունները կեղծվեցին, բայց ոչ բուն քվեարկության փուլը»

«Սրա հետ այսօր համաձայնվում են նույնիսկ պարտված այն քաղաքական ուժերը, որոնք խուսափում են բուն քվեարկության փուլի կեղծման մասին հայտարարություններ անել: Չի կարելի ասել, որ ուրիշի փոխարեն քվեա ր կեցին, լցոնումներ եղան, քվեաթերթիկները սխալ հաշվեցին, մեկը մյուսի փոխարեն դրեցին եւ այլն: Այո, մարդիկ գնացին եւ իրենք իրենց ձեռքով ընտրեցին: Բայց ասել, որ ամեն ինչ արդար է եղել, չի կարելի: Շատ դժվար է մի հասարակության մեջ, որտեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, բաժանել ընտրակաշառք եւ թաքցնել դա»,- աում է Հրայր Թովմասյանը: Ընտրակաշառք տալու եւ վերցնելու պատճառները մեկնաբանում է Իրավական համակարգի ամրապնդման խորհրդատվության ծրագրի իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը:

- Ինչո՞ւ են մարդիկ ընտրակաշառք վերցնում:

- Պատճառներից առաջինն իրավական մշակույթի բացակայությունն է: Մարդկանց մեջ արմատացել է այն գիտակցությունը, որ, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: Հասարակության այն մեծ զանգվածը, որը վերցրել է ընտրակաշառք, իմ դիտարկումների համաձայն, ունի հետեւյալ մոտեցումը. «Դե մեկ է, բոլորն էլ նույնն են, ոչինչ չի փոխվի, անցնելու է նա, ով պետք է անցնի, այդ դեպքում ես այս վիճակից դուրս գամ ինչ-որ մի բան շահած»: Այդ շահումն էլ ընտրակաշառքն է: Կարեւոր գործոն է նաեւ սոցիալական ծանր վիճակը: Ես երբեմն պատկերավոր ձեւով ասում եմ, որ ընտրակաշառք վերցնող հայ մարդը նման է անապատում գտնվող այն մարդուն, որն արդեն երկար ժամանակ է, ինչ այդ անապատում է առանց ջրի ու հացի, եւ հանկարծ նրա առջեւ հայտնվում են երկու հոգի, ովքեր ինչ-որ բան են նրան առաջարկում: Առաջինը իր օգտին քվեարկելու դեպքում խոստանում է մի կտոր հաց եւ մեկ բաժակ ջուր, մյուսը խոստանում է ցույց տալ ճանապարհը, որով այդ մարդը ինքնուրույն կհասնի ջրի եւ հացի: Եվ այդ մարդն այս դեպքում վերցնում է ջուրն ու հացը, որը նրան առաջարկվում է հիմա, չգիտակցելով, որ որոշ ժամանակ անց նա դարձյալ մնալու է այդ անապատում: Ասեմ նաեւ, որ այդ մարդը վստահ էլ չի, որ երկրորդ թեկնածուն նրան իսկապես ցույց կտար ճիշտ ճանապարհը: Կաշառք վերցնելու եւս մեկ պատճառ կա: Եթե մեր շրջապատում ինչ-որ մեկը մեր գրպանից գումար գողանա, ապա մենք միանշանակ նրան կանվանենք գող: Բայց այն մարդիկ, ովքեր ուրիշի փոխարեն են քվեարկում, լցոնումներ են անում, ընտրակաշառք են բաժանում եւ վերցնում, մեր հասարակության մեջ չեն ընկալվում որպես հանցագործներ: Ընդհակառակը, նրանք ճարպիկ տղաներ են, բաշարողներ: Ընտրակաշառքը եւ՛ վերցնողի, եւ՛ տվողի համար պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ: Մեկ օրում մեր հասարակության զգալի զանգված դարձավ քրեական հանցագործ: Եվ զարմանալի է, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ կոչ են անում կաշառք վերցնել, սակայն քվեարկել խղճի թելադրությամբ: Ախր դա նույնն է, եթե կոչ անենք բռնաբարել, գողանալ, սպանել: Մեր հասարակությունը կաշառքը չի դիտարկում որպես հանցագործություն: Սա քաղաքական մշակույթի ցածր աստիճան է: Մարդիկ չեն տեսել, որ իրենց ընտրությունից հետո իշխանություն է փոխվում, որ իշխանության փոփոխությունից հետո նրա կյանքում ինչ-որ բան է փոխվում: Եթե չհաշվենք կոմունիստական կուսակցության տապալումը եւ 1998 թ.-ին իշխանությունների ներսում գզվռտոցների հետեւանքով տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա Հայաստանում ընտրություններով դեռեւս իշխանություն չի փոխվել:

- Ինչո՞ւ են ընտրակաշառք տալիս:

- Հայաստանում իշխանություն ունենալը շարունակում է մնալ հարստանալու ամենակարճ ճանապարհը: Իշխանությունը հնարավորություն է տալիս լինել սեփականության վերաբաշխման ամենամոտ դիրքերում կանգնած մասնակիցը: Իշխանությունը նաեւ շարունակում է մնալ արդեն կուտակված հարստությունը պաշտպանելու միջոցը, որովհետեւ չկան պաշտպանության այլ միջոցներ, օրինակ` արդար դատական համակարգ: Եվ չեմ ասում, որ որոշ մարդկանց համար իշխանությունը ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ այսպես, կան ընտրակաշառք տվողներ եւ կան վերցնողներ, այսպիսով շղթան, կարծես թե, փակվում է: Բայց փոխվել են ընտրակեղծիքների ձեւերը: Եթե 2003 թվականին լցրեցին, փոխեցին, ջարդեցին, գողացան եւ այլն, հիմա դռնեդուռ ընկան, համոզեցին, սակարկեցին եւ կաշառեցին:

- Ինչո՞ւ է այդպես:

- Անշուշտ նմանատիպ երեւույթները բավականին խորքային արմատներ ունեն: Մինչեւ 19-րդ դարի վերջ հայ ժողովրդի համար չգոյության տարիներ էին, չկար պետականություն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում զարգանում եւ արմատավորվում էր իրավական պետության գաղափարը, քաղաքացիական հասարակությունը: Իսկ այդ ընթացքում հայի մոտ ձեւավորվում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են հարմարվողականությունը, կրավորականությունը եւ այլն: Երկու ասացվածք կան, որոնք բնորոշ են միայն հայերին, մյուս ժողովուրդների մոտ նույնիսկ դրանց տարատեսակները չկան, համենայնդեպս, ես չեմ գտել` «Որտեղ հաց, այնտեղ կաց» եւ «Եղունգ ունես, գլուխդ քորիր»: Նման գենետիկական պաշարով հայ մարդը ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար բավականին վատ նյութ է:

- Ի՞նչ է պետք անել իրավիճակը շտկելու համար:

- Եթե շախմատային լեզվով ասենք, ապա հնարավոր չէ հաշվարկել այն միակ քայլը, որի դեպքում մենք կունենանք դիրքային առավելություն: Լավագույն դեպքում դա պետք է լինի քայլերի կոմբինացիա, որի պարագայում հնարավոր կլինի խուսափել պարտությունից: Ընտրակաշառքները հետեւանքներն են, ուրեմն պետք է գտնել եւ վերացնել պատճառները: Իշխանությունը չպետք է դառնա այդքան գայթակղիչ, չպետք է դառնա սեփականության ձեռք բերման կամ այն պաշտպանելու միջոց: Եվ այդ ժամանակ մարդիկ կհասկանան, որ, ի վերջո, պատգամավորի աշխատանքը շատ ձանձրալի է իրականում:

- Իսկ եվրոպացի դիտորդնե՞րը:

- Իրենք ինչ-որ բան զգացին, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ չեն կարող մերկապարանոց հայտարարություններ անել: Համատարած ընտրակաշառքների մասին կարող ենք խոսել մենք, որովհետեւ մենք այս հասարակության անդամներն ենք, տեսնում ենք, շփվում ենք, գիտակցում ենք, իսկ դիտորդը չունի շփման այն շրջանակը, որ ունենք մենք: Իսկ միայն լսածով նա չի կարող նման եզրահանգումներ անել: Միջազգային դիտորդներին բնավ էլ չի կարելի մեղադրել այն հարցում, որ նրանք աչք փակեցին կեղծիքների վրա: Իսկ կաշառքն ամենադժվար բացահայտվող հանցանքներից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter