HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռեցիները դժգոհում են, թե ինչու թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը բոլոր նպաստառուներին չեն տրամադրվում

Տաթեւիկ Ղազարյան

«Մինչեւ ստեղ նայել եմ (ձեռքով ցույց է տալիս պատին փակցված ցանկը), չեմ գտնում, պտի Կիրակոսյան Միշա ըլնի, բայց չկա: Մենք պապի ու տատի ենք, երկրաշարժից հետո մինչեւ հիմա ապրում ենք դոմիկում, ասի կարողա մեզ էլ հասնի, մեր բալերն էլ հերիքի: Մթամ խի՞ չեն սաղին տալիս, որ»:

Միշա պապին հանդիպեցի սոցիալական ապահովության Վանաձորի տարածքային բաժնում: Ինքն էլ շատերի պես փորձում էր իր անունը գտնել արդեն մի քանի օր առաջ սոցիալապես անապահով ընտանիքների` պատին փակցված այն ցանկում, որոնց կառավարության որոշման համաձայն` անվճար տրամադրվելու է DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:

Տեսնելով, որ չի կարողանում գտնել իր կամ կնոջ անունը` խնդրեց օգնել իրեն. «Բալա ջան կարող ա ես լավ չեմ տեսնում, մի հատ դու էլ նայի հա՞»: Փորձեցինք միասին փնտրել, սակայն ապարդյուն, Կիրակոսյան Միշա, ցանկում այդպես էլ չգտանք:

Միշա պապի պես տիկին Գայանեն էլ, ով սոցիալապես անապահով լինելուց բացի ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ցանկում իր անունը չգտավ:

«Աղջիկ ջան, ասի գամ նայեմ, տենամ կա-չկա: Էդ էլ նայում եմ, տենամ չկա: Ումից հետաքրքրվեմ: Ասում են չի հասնում, շատ չգիտեմ, երեւի բալերս չի հերիքում: Գոնե բոլոր նպաստառուներին էլ տային»,- «Հետք»-ի հետ զրույցում սրտնեղած ասում է տիկին Գայանեն:

Մոտ 30 րոպե գտնվում էի սոցիալական ապահովության Վանաձորի տարածքային բաժնում: Շատ լոռեցիներ այդպես էլ իրենց կամ իրենց ընտանիքի անդամի անունը չգտան ցանկում:

Ի տարբերություն նախորդ զրուցակիցներիս` Թերեզայի ընտանիքի անապահովության միավորը սահմանված 34,6 միավորից բարձր է: Վերջինիս տրամադրվել է թվային ընդունիչ սարք ստանալու հնարավորություն. «Մեր անունը գտա ցանկում: Մեր բալերը հերիքում էր: Էդքան մեծ քանակությամբ օգնություն էլ չի, բայց դե ինչ-որ չափով օգնում են մարդկանց»:

Լոռու մարզում հաշվառված 20198 նպաստառու ընտանիքներից թվային սարքեր ստանալու հնարավորություն ունեն միայն 9709-ը: Վանաձոր քաղաքին տրամադրվել է 2693 թվային ընդունիչ սարք, Գուգարքի տարածաշրջանին՝ 552, Սպիտակի տարածաշրջանին՝ 2746, Ստեփանավանի տարածաշրջանին՝ 2330, Թումանյանի տարածաշրջանին՝ 889 եւ Տաշիրի տարածաշրջանին՝ 499 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1532-Ն որոշումով` հաստատվեց սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք: Ընդունիչ սարքը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ունեն 34,6 եւ ավելի անապահովության միավոր: Ամբողջ հանրապետությունում սարքը կտրամադրվի 46,494 ընտանիքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter