HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկանք

«Ժառանգություն» կուսակցության վստահված անձանց կողմից 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված որոշ խախտումների եւ դրանց հետ կապված դիմում-բողոքների մասին

Արձանագրությունների եւ դիմում-բողոքների պատճեները կցվում են

5/19 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Մանյա Հովհաննիսյանն արձանագրել է, որ ժամը 10.00-ին ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Հակոբյանը «աչք է փակել» ընտրացուցակում ընտրողի ազգանվան եւ նրա անձնագրային տվյալի անհամապատասխանության փաստի առջեւ: Բացի դրանից, խախտվել են իր` որպես վստահված անձի, իրավունքները. թույլ չեն տվել ծանոթանալ գրանցամատյանին եւ ընտրական մյուս փաստաթղթերին: Ի հավելումն այս ամենի, Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել իր եւ մյուս դիտորդների բողոքները: Նույն դիտորդի արձանագրմամբ` հանձնաժողովի նախագահը փորձել է գաղտագողի, առանց գրանցելու եւ ընտրացուցակներում ստորագրելու քվեաթերթիկներ տալ 6 երիտասարդների, սակայն վստահված անձանց բարձրացրած աղմուկից հետո այդ երիտասարդներն արագ հեռացել են: Ի սկզբանե այդ խախտումները հովանավորել է Բաբկեն Խաչատրյանը, որը սպառնացել է եւ, անգամ, ընտրատեղամասից դուրս է հրավիրել լրագրող Քալաշյանին: Ընտրախախտողների հետ գործարքի մեջ էր մտնում նաեւ հանձնաժողովի անդամ Արտակ Հակոբյանը:

Գրեթե բոլոր ընտրատեղամասերից արդեն քվեարկության նախօրեին «Ժառանգության» վստահված անձինք ահազանգել էին կուսակցության կենտրոնական շտաբ, ինչպեսեւ հայտնել էին լրատվամիջոցներին, որ քվեատուփերը սահմանված նմուշի չեն, քանի որ նրանց հատակային մասում առկա են 4 սմ տրամաչափի 4-ական անցքեր, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է, քանի որ քվեատուփերը պետք է լինեն հերմետիկ:

«Ժառանգության» վստահված անձ Ռաֆիկ Հակոբյան ը ժամը 17.15-ին արձանագրել է, որ Դավիթաշենի թաղապետի տեղակալ Արթուրին պատկանող` 02 002 ջիպ մեքենայով թիվ 5 ընտրատարածքի տեղամասերով շրջող մի տղամարդ ամենուր սաստում է այն վստահված անձանց, ովքեր փորձում են գրանցամատյանում արձանագրել խախտումները:

3/31 եւ 3/32 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձը կուսակցության պատասխանատու Ստեփան Սաֆարյանին հայտնել է, որ որոշ ընտրողներ` մտնելով ընտրատեղամաս, քվեարկում են արդեն դրսից իրենց հետ բերած քվեաթերթիկներով: Երբ վստահված անձը փորձել է կանխել այս խախտումը, նրան վիրավորել են, որից հետո վերջինս ահաբեկված լքել է ընտրատեղամասը:

1/28 ընտրատեղամասում վստահված անձ Հերմինե Սանթրոսյանը ժամը 15.50-ին հայտնել է Ստեփան Սաֆարյանին, որ ինքը պարբերաբար արձանագրում է դեպքեր, երբ քվեարկության եկած անձը ստորագրում եւ քվեաթերթիկ է ստանում ընտանիքի անդամի փոխարեն, իսկ հանձնաժողովի նախագահը չի կանխում:

1/12 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Անահիտ Առուստամյանը ժամը 14.00-ին արձանագրել է, որ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում առանձին ընտրացուցակներ են հայտնվել, որոնցում ստորագրում եւ քվեաթերթիկներ են ստանում ընտրողները: Տեղամասում տիրում է խառնաշփոթ իրավիճակ:

5/28 ընտրատեղամասից վստահված անձ Թամարա Սարգսյանը ժամը 13.35-ին ահազանգել է, ինչպեսեւ բողոք-դիմում է գրել առ այն, որ տեղամասում, ի խախտումն Ընտրական օրենսգրքի, 15 հոգուց ավելի ընտրող է խմբվել: Եվ երբ ինքն այդ կապակցությամբ դիտողություն է արել, սպառնացել են` ասելով, որ դուրս կհանեն տեղամասից: Համանման խախտում են արձանագրել նաեւ 1/25 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Արմինե Պետրոսյանը եւ 1/26 ընտրատեղամասում վստահված անձ Սուսան Սա ? ֆարյանը: Վերջին դեպքում ընտրողների թիվը ընտրատեղամասում գերազանցել է 45-ը, ինչը տեխնիկապես անհնարին է դարձրել ընտրությունների օրինականության վերահսկումը:

5/09 ընտրատեղամասում վստահված անձ Շուշանիկ Ավագյանը բողոքել է, որ խախտվում են իր` որպես կուսակցության վստահված անձի, իրավունքները, թույլ չի տրվում ծանոթանալ ընտրական փաստաթղթերին: Համանման խախտումներ են արձանագրել նաեւ 5/10 ընտրատեղամասում Հմայակ Ավագյանը, 05/52 ընտրատեղամասում` Մերուժան Դավթյանը, 10/18 ընտրատեղամասում` Սուսաննա Բարխուդարյանը, 9/29 ընտրատեղամասում` Անուշ Ղարիբյանը: Վերջինս նաեւ արձանագրել է հանձնաժողովի որոշ անդամների կողմից իր հասցեին արված վիրավորանքների, սպառնալիքների եւ հոգեբանական ճնշումների փաստեր:

4/12 ընտրատեղամասից «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հաղորդել է, որ ժամը 13.35-ին մի ընտրողի անվամբ քվեարկել է ուրիշը, իսկ երբ առաջինը եկել էր քվեարկության, չէր կարողացել քվեարկել, քանի որ իր անվան դիմաց ընտրացուցակում արդեն ստորագրված է եղել:

1/28 ընտրատեղամասում Հերմինե Անտոնյանը արձանագրել է, որ հանձնաժողովի անդամ Ռիտա Բրուտյանի կողմից մի ընտրողի տրամադրվել է լրացուցիչ ծրար, որն ընտրողը քվեարկությունից հետո ետ է վերադարձրել Բրուտյանին («կարուսել» տեսակի ընտրախախտում է):

7/23 ընտրատեղամասում վստահված անձ Հովսեփ Խուրշուդյանը ժամը 7.20-ին արձանագրել է, որ տեղամասում առկա ընտրացուցակներն ըստ սահմանված կարգի թելակարված չեն: Հանձնաժողովի նախագահին ուղղված նրա պահանջը` թելակարել եւ թելակարի վրա կնքել ընտրացուցակները, չի բավարարվել:

06/29 ընտրատեղամասում վստահված անձ Աննա Մարտիրոսյանը ժամը 13.15-ին արձանագրել է, որ 16-րդ թաղամասի (շենք 27, բն.12) բնակիչ Գուլեպսիկ Գեւորգյանի անվան դիմաց արդեն լրացված են եղել ուրիշի տվյալներ եւ ստորագրված: Վստահված անձը պահանջել է գրանցամատյանում արձանագրել այդ խախտումը, սակայն հանձնաժողովի նախագահ Գյուլամիրյանը հրաժարվել է դա անել:

Թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» վստահված անձ Միհրան Ամիրխանյանը դիմում-բողոք է ներկայացրել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բարսեղյանին` նշելով, որ 05/32 ընտրատեղամասում կոպտորեն խախտվել է «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի իրավունքը:

4/30 ընտրատեղամասից Արմեն Հայրապետյանը հաղորդել է, որ քաղաքացի Հռիփսիմե Համբարձումյանը (Սոսեի փող. 2/2, բն. 16) եկել է քվեարկելու, սակայն պարզվել է, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է, եւ քաղաքացին հեռացել է «ձեռնունայն», այսինքն` ընտրելու իր իրավունքը չիրացրած:

12/26 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Լարիսա Ալավերդյանը բողոքել է, որ որոշ ընտրողներ ընտրության են ներկայացել գունավոր (հիմնականում կանաչ) գրիչներով եւ, ստանալով հանձնաժողովի նախագահի թույլտվությունը, քվեարկել դրանցով: Իսկ ընտրատեղամասի անմիջական հարեւանությամբ քարոզչություն էր իրականացվում` հօգուտ երկու իշխանամետ կուսակցությունների:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին ներկայացրել է դիմում-բողոք, համաձայն որի` թիվ 5 ընտրատարածքի 19 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի կողմից դիտարկվել եւ արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների ընթացքի վրա: Խախտումները կատարվել են հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից:

Գարեգին Ազարյանին ուղղված մեկ այլ հայտարարությամբ Մարտիրոսյանը խնդրել է տեղամասային հանձնաժողովին տեղեկացնել այն մասին, որ ԱԺ ընտրությունների համամասնական կարգի քվեաթերթիկների մեջ առկա է տպագրական խոտան: 06/08 ընտրատեղամասի քվեաթերթիկներում «Ժառանգության» առաջին 3 թեկանծուների անուն-ազգանուն-հայրանունը պարունակող վանդակի ստորին մասում սպրդել է 2-3 մմ գծիկ: Կուսակցության ներկայացուցիչը խնդրել է քվեաթերթիկների հաշվարկման եւ ամփոփման ժամանակ դրանք չհամարել անվավեր:

Ի պատասխան այս հայտարարության, ԿԸՀ-ն կայացրել է «Քվեաթերթիկներում առկա տպագրական թերությունների եւ քվեաթերթիկների երանգների տարբերության պարագայում դրանց վավերականության մասին» որոշում, համաձայն որի` քվեաթերթիկներում եղած տպագրական թերությունները եւ քվեաթերթիկների երանգների տարբերությունը չեն հանգեցնում դրանց անվավերության:

Թիվ 4 ընտրատարածքից Զարուհի Փոստանջյանը մայիսի 13-ին ժամը 11.25-ին հաղորդեց, որ ընտրատեղամասերից այստեղ բերված քվեաթերթիկների պարկերը բացված վիճակում են, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվում են գրանցել այդ խախտումը:

Մայիսի 13-ին «Ժառանգության» վստահված անձ Մերուժան Դավթյանը թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացրել է 05/32 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում-պահանջ` հենվելով իր դիտարկումների վրա եւ գտնելով, որ այդ ընտրատեղամասում տեղ են գտել քվեարկության կարգի եւ քվեարկության արդյունքների ամփոփման կարգի այնպիսի խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել թիվ 32 ընտրատեղամասում քվեարկության վերջնական արդյունքների վրա:

Մայիսի 13-ին ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը դիմում-բողոք է ներկայացրել թիվ 9 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանին` հայտնելով, որ քվեարկությունն ամփոփելուց եւ քվեարկած թերթիկները հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը հրաժարվել է «Ժառանգություն» կուսակցության վստահված անձին տրամադրել ամփոփիչ արձանագրության քաղվածքը` կոպիտ եւ վիրավորական մեկնաբանություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter