HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղետի հետևանքով բնակարան կորցրածների երկրորդ հերթացուցակի մասին վերջին տարիներին Վանաձորում չեն խոսում

Լոռու մարզպետարանում այս օրերին ընթացքի մեջ է 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած վանաձորցի 14 ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը: Այն սկսվել է դեռ նախորդ տարեվերջին՝ 2015թ. նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումից անմիջապես հետո:

Ի սկզբանե նախատեսվել էր վանաձորցի այս 14 ընտանիքներին բնակարան հատկացնել քաղաքի կենտրոնական հատվածում՝ Բաթումի 7 հասցեում կառուցվելիք շենքում: Ի դեպ, ընտանիքների թիվը եղել է 16: Մինչ բաղձալի բնակարանը ստանալը բնակիչներից մեկը մահացել է ու մեխանիկորեն դուրս մղվել բնակարանի հատկացման ցուցակից: Մյուսն էլ հետ է վերցրել փաստաթղթերը:

Ինչպե՞ս են ընտրվել այս ընտանիքները:

«Աղետի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման   հերթացուցակում վերջին տվյալներով՝ 2010թ., 62 ընտանիք է եղել, որից հետո մենք ցուցակում փոփոխություններ կատարելու իրավունք չենք ունեցել: Այդ 62-ից երկուսը մահացել են, 13-ը բնակարան է ստացել Տիգրան Մեծ պողոտայի նորակառույց շենքում:

2012թ. հուլիսին շենք էին նախատեսում կառուցել: Մենք հայտարարություն տվեցինք այդ շենքի կառուցման հետ կապված: Ով այստեղ՝ քաղաքում է եղել, իրենց առաջարկել ենք այդ շենքում բնակարան ստանալու տարբերակը: Ով ներկա է եղել, դիմում են գրել, համաձայնություն են տվել, որ այդ շենքում տուն ստանան: Կոնկրետ թիվ չի եղել, որ 14-ից ավել մարդ չլինի: Մենք սկզբից որոշում էինք, տեսնենք՝ քանիսն են այստեղ:  Սկզբից 16-ն էին, մեկը մահացավ, մյուսը եկավ դիմումը հետ տարավ: Մյուսներն էլ հիմնականում քաղաքում չեն եղել»,- պարզաբանում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ, իսկ նախկինում երկար տարիներ բնակֆոնդի բաժնի պետ աշխատած Քաջիկ Թադևոսյանը:

Շենքը պետք է կառուցեր «Գլենդել Հիլզ» ընկերությունը: Շենքի կառուցման մասին խոսակցությունները քաղաքում ակտիվորեն շրջանառվում էին դեռ 2012թ.-ից:  Կառուցվելիք շենքի տեղն ազատելու համար այդ տարածքում գտնվող տնակային պայմաններում գործող թիվ 2 երաժշտական դպրոցի աշակերտամանկավարժական կոլեկտիվին Վանաձորի քաղաքապետարանը շատ արագ տեղափոխեց մի քանի փողոց այն կողմ գործող թիվ 1 երաժշտական դպրոց:

Շահառու բնակիչներն անհամբեր սպասում էին շենքի կառուցմանը: Այն, սակայն, այդպես էլ չկառուցվեց: Թե ինչու՝ մարզային ու քաղաքային իշխանությունները դժվարանում են հստակ պատասխանել:

«Ես չեմ կարող ասել՝ ինչու չսարքվեց»,- ասում է  Քաջիկ Թադևոսյանը:

Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, որն անմիջականորեն զբաղվում է այս ընտանիքներին ԲԳՎ-ների տրամադրման հարցով, հետևյալ մեկնաբանությունն է տալիս. «Վանաձորի քաղաքապետարանը շատ արագ ապամոնտաժեց թիվ 2 երաժշտական դպրոցը և այդ տարածքը որոշեց տալ «Գլենդել Հիլզ»-ին:  Դա եղել է համատեղ աշխատանք՝ «Գլենդել Հիլզ»-քաղաքաշինության նախարարություն-Վանաձորի քաղաքապետարան-Լոռու մարզպետարան, և ընտրվել է այդ տեղը շենքի կառուցման համար: Նախագծային աշխատանքներ են արվել, հետո ֆինանսական վիճակն այնպես է եղել, որ նստել հաշվել են՝ էս աղետի գոտում էսօր ավելի շատ դատարկ բնակարան կա՝ ուզում է դա ներքին միգրացիան լինի, ուզում է արտաքին միգրացիան լինի… Հետո նոր շինարարությունն ավելի թանկ է,  քան բնակարանի գնման վկայագիրը,- ասում է նա ու հավելում,- նաև պետությանն է պետք այս հարցում հասկանալ, չէ՞»:

2014 թ. հուլիսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշված 14 ընտանիքներին հրավիրեց քննարկման՝ հասկանալու, թե նրանցից քանիսն են համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարան ձեռք բերել:

«Վերջին երկու տարիներին «Գլենդել Հիլզ»-ը մեր մարզում գրեթե շինարարություն չիրականացրեց, եթե նույնիսկ իրականացրեց էլ, շատ դանդաղ տեմպերով եւ, կարելի է  ասել, որ ծավալ չկար: Վանաձորի քաղաքապետարանն ամեն ինչ արեց, որ արագացնի այդ պրոցեսը, այնինչ «Գլենդել Հիլզ»-ը բազմիցս փորձում էր մեղքի բաժինը քաղաքապետարանի վրա գցել, որը, իբր, հողհատկացում չի արել: Բայց իրականում այդպես չէր. քաղաքապետարանը հնարավորինս արագ քանդեց երաժշտական դպրոցը, եւ հողը պատրաստ էր արդեն հատկացմանւ, բայց մենք տեսանք, որ ընկերությունը նաեւ ֆինանսական խնդիրներ ունի եւ շինարարություն իրականացնել չի կարող»,- 2014թ. հուլիսի 27-ին բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ շենքի կառուցման ձգձգման պատճառները Լոռու մարզպետն  այսպես էր մեկնաբանել:

Քննարկման արդյունքում ներկա 11 ընտանիքներից 7-ը համաձայնություն էր տվել ԲԳՎ ստանալու տարբերակին, 4-ը՝ կտրականապես հրաժարվել:

72-ամյա Էմիկ Շահբազյանը ընտրել էր ԲԳՎ-ի տարբերակը: Իր ընտրությունը նա հիմնավորել էր այսպես. «Քանի որ կարգին պետություն մենք չունենք ու չենք կարա իմանանք՝ շենքը երբ պիտի շինվի, տված որեւէ բանը պետք ա վերցնենք: Մյուսները բողոքում են, թե ինչու շինարարությունը չուզեցիք: Ո՞նց ուզենք, եթե գիտենք՝ դա չպիտի էղնի: Մոտակա մի 5-6 տարում չի էղնի: Հիմա կակռազ երկու հոգի մեռել են, մի երկու հոգի էլ կմեռնեն, վերջում էլ մարդ չի մնա, էլ ո՛չ կշինեն, ո՛չ էլ էնա»:

Մինչ նախորդ դեկտեմբերին ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը սկսելը մտափոխվել ու ԲԳՎ ստանալուն համաձայնել է 14 ընտանիքներից 13-ը: Միայն մեկը՝ Սվետլանա Բաբայանը, ոչ մի կերպ չի համաձայնել ԲԳՎ-ի տարբերակին:

Վանաձորի 14 ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 60 մլն դրամ: 1 սենյականոց բնակարանի համար ԲԳՎ-ով նախատեսված գումարի չափը 3.983.000 դրամ է, երկսենյականոցի  համար՝ 4.868.000 դրամ, երեք սենյականոցի համար ՝ 5.753.000 դրամ:

Վանաձորցի 14 ընտանիքներից 11-ը հավակնում է մեկսենյականոց, 2-ը՝ երկսենյականոց, 1-ը՝ 3-սենյականոց բնակարանի:

Մենք փորձեցինք կապ հաստատել Սվետլանա Բաբայանի հետ, որը ԲԳՎ-ի ծրագրից հրաժարված միակ բնակիչն է: Նա թեև հրաժարվեց մեզ հետ հանդիպել՝ ասելով, որ որդին թույլ չի տալիս, սակայն հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ իր կորցրած երեք սենյականոցն է ցանկանում ստանալ:

«1990-ին մի տղաս երեք անձով ստացավ երկսենյականոց գնաց, հիմի պատճառաբանություն են բռնում, որ տղադ ստացել է, դու իրավունք չունես երեք սենյականոց պահանջելու: Ասում են, չէ՝ քեզ մեկն է հասնում: Հետն էլ տալիս են 8000 դոլար: 8000 դոլարով ես կարա՞մ տուն առնեմ: Էս մի տղուս էլ ամուսնացրել եմ 90 թվին, ինքն էլ ա դոմիկում ապրում»,- նշեց նա:

Բնակչուհու երեք սենյականոցի պահանջը պաշտոնյաներն անհիմն են համարում:

«Ես կողմնակից եմ, որ մարդիկ ստանան իրենց կորցրածի դիմաց, բայց չչափազանցնեն: Կառավարության որոշմամբ եթե ընտանիքը կորցրել է երեք սենյակ, երկուսը ստացել էր, քանի՞ սենյակ մնացել է՝ դա են ստանալու, անկախ նրանից, թե այսօր քանի հոգի են: Եթե ինքը տղային ամուսնացրել է, թոռներ ունի, նա չի կարող մի սենյակից ավել ստանալ»,- ասում է Լ. Ասլանյանն ու հավելում,- տիկինը մնում է մենակ, թող մնա, բայց պետությունն այլևս պետական աջակցությամբ իրեն էլ ոչ մի բան չի տա»:

«Սվետան միշտ բողոքական է, երկու անգամ ամրացված շենքում ենք բնակարան առաջարկել, մի երեք անգամ էլ ԲԳՎ: Ինքն ունեցել է 3 -սենյականոց բնակարան, որդիներից մեկի ընտանիքը ստացել է երկսենյականոց բնակարան: Ինչո՞ւ  իր անունը չի գնացել երկրորդ ցուցակ: Երեքից հանած երկու մնացել է մեկ սենյակ պարտքը, այսինքն՝  մնացել է  առաջին հերթում ու 1 սենյակի պահանջատեր»,- բացատրում է Քաջիկ Թադևոսյանը:

Աղետի հետևանքով բնակարան կորցրածների երկրորդ հերթացուցակի մասին գոնե վերջին տարիներին Վանաձորում չեն խոսում: Ի՞նչ ցուցակ է դա, ու ովքե՞ր են ընդգրկված այդ ցուցակում:

Այս հարցերին ի պատասխան՝ Ք. Թադևոսյանը պատմում է. «Մինչև 1999թ.ի հունիսի 10-ի թիվ 432 որոշումը գործում էր 1989թ. ընդունված թիվ 371 որոշումը: Սրանց տարբերությունը հետեւյալն էր. օրինակ՝ մարդն ունեցել է մեկսենյականոց բնակարան, որտեղ 8-9 հաշվառված անձ կա: Մինչև 1999թ. հաշվի չէր առնվում՝ դու ունեցել ես մե՞կ սենյակ, թե՞ 3 սենյակ, տալիս էին անձերի քանակով: Այսինքն՝ մեկ սենյակ կորցրած անձը կարող էր ստանալ 4 սենյակ: Եթե մեկ սենյակի մեջ հաշվառված էին երկու տարբեր ընտանիքներ՝ երկու եղբոր ընտանիքներ, տալիս էին երկու բնակարան: Օրենքը դա թույլ էր տալիս: Ի օգուտ բնակչի էր: Բայց մի պայման էլ կար. եթե շենքը փլված էր ու զոհեր ունեին, բոլորին միանշանակ տալիս էին: Եթե չէ՝  երկու եղբոր ընտանիք է մեկ կամ երկու սենյականոցում հաշվառված , տալիս էին մեկ բնակարան, երկրորդը սպասում էր, այսինքն՝  գնում էր երկրորդ ցուցակ: Պայմանը սա էր. առաջին ցուցակում գտնվողները բոլորը մեկական բնակարան ստանան, նոր հետո անցնենք երկրորդ ցուցակին: Ստացվում էր՝ ընտանիքի մի մասը առաջին ցուցակում էր, մյուսները՝ երկրորդ: Երկրորդ ցուցակն այդպես է ձևավորվել:

1999թ. կառավարությունը նոր որոշում կայացրեց, որով բնակարանները հատկացվում էին նախկին սենյակների քանակից ոչ ավել: Բայց մինչև այդ մենք արդեն ունեինք երկրորդ ցուցակ, որն այդպես մնաց օդում: Երկրորդ հերթում մոտ 80 ընտանիք կար: 3-4 տարի է՝ չենք անդրադաձել այդ ցուցակին: Այս պահի դրությամբ երկրորդ ցուցակ որպես էդպիսին գոյություն չունի»:

Հարցին՝ երբվանի՞ց դադարեցվեց երկրորդ ցուցակի գոյությունը, Ք. Թադևոսյանը պատասխանում է. « 2010թ.-ից սկսեցին չվերցնել»:

Լոռու մարզպետարանում չեն էլ ուզում լսել երկրորդ ցուցակի մասին: «Ներողություն, ի՞նչ է նշանակում երկրորդ ցուցակ… Բարելավում են ուզում անեն ինչ-որ մեկի հաշվին, թող իրենց հաշվին անեն: Պետականորեն ես ճանաչում եմ մեկ ցուցակ»,-ասում է Լևոն Ասլանյանը:

Գայանե Սարգսյան 

 

 

                                                                                    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter