HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Փոքր եւ միջին բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ պետությունը չի խառնվում

Հարցազրույց Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ- եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայկական տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ

- Որքանո՞վ է Հայաստանի տնտեսական վիճակը համապատասխանում շուկայական տնտեսության պահանջներին, որո՞նք են երկրում շուկայական տնտեսության գործառության գլխավոր խոչընդոտները:

- Հայաստանում շուկայական տնտեսության զարգացման եւ կայացման ճանապարհին կա մի շատ լուրջ խնդիր: Այդ խնդիրը բնորոշ է բոլոր անցումային երկրներին: Այն է` ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտների բախումը: Որպեսզի պարզ խոսենք, հարկ կա նախապես սահմանել որոշակի տերմիններ: Ինստիտուտներն այն խաղի կանոններն են, որոնցով հասարակության անդամները հարաբերվում են միմյանց եւ պետության հետ: Ֆորմալ ինստիտուտները գրված եւ մասնակիցների համար համապարտադիր դրույթներն են` մասնավորապես օրենքները, պայմանագրերը, համաձայնագրերը եւ այլն: Ոչ ֆորմալ ինստիտուտները չգրված օրենքներն են` ավանդույթները, բիզնես մշակույթը, ընտանեկան, բարեկամական եւ ընկերական հարաբերությունները:

Անցումային շրջանի երկրները կարելի է բաժանել երեք խոշոր կարգի: Առաջին կարգում են այն երկրները, որոնք այդ ընթացքում կարողացան չփլուզել տոտալիտար ռեժիմում առկա ֆորմալ ինստիտուտների համակարգը` հարմարեցնելով այն շուկայական հարաբերություններին: Այդ երկրներից ամենավառ օրինակներն են Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Երկրորդ կարգում արեւելյան Եվրոպայի եւ Բալթյան երկրներն են, որոնք Եվրամիության օգնությամբ կարողացան շատ արագ վերափոխել իրենց ինստիտուտները շուկայական տնտեսություններին համապատասխան: Բնական է, որ նրանք դեռ չեն հասել զարգացած ինստիտուտներ ունեցող երկրների մակարդակին, բայց հիմնական փուլն արդեն անցել են: Եվ երրորդ կարգում են, այսպես ասած, վակուումի մեջ գտնվող երկրները, որոնք անցումային շրջանում փլուզեցին հինը, բայց նորը չկարողացան ձեւավորել այն արդյունավետությամբ, որն անհրաժեշտ էր: Դրանց շարքում են Ուկրաինան, Մոլդովան, Բուլղարին, Ռումինիան եւ նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը:

Այս երկրներում ինստիտուցիոնալ համակարգերը փլուզվեցին, իսկ նորերը սկսեցին հաստատվել շատ քաոսային: Արդյունքում գոյացել էր մի դատարկություն, որը լցվեց ոչ ֆորմալ` չգրված օրենքներով: Երբ ասում եմ չգրված օրենքներ, նկատի չունեմ, որ գրվածներ գոյություն չունեին, պարզապես չգրված օրենքները հասարակության մեջ գերակշռում էին գրվածների նկատմամբ, եւ պետությունը ոչինչ չէր կարողանում կամ չէր ուզում անել այդ ուղղությամբ: 90-ական թվականներին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին մի հարցազրույցի ժամանակ հարցրեցին, թե ինչպե՞ս ապրել ստեղծված ծանր սոցիալական պայմաններում, նա պատասխանեց` ապրեք համախմբվելով ու իրարից պարտքեր անելով: Եվ այդպես էլ եղավ, մարդիկ սկսեցին զարգացնել ոչ ֆորմալ հարաբերությունները, որոնք հիմնված էին փոխօգնության, ծանոթության վրա:

Արդյունքում` ոչ ֆորմալ ինստիտուտները հնարավորություն տվեցին որոշակի խումբ մարդկանց ձեւավորել մրցակցային առավել նպաստավոր պայմաններ իրենց բիզնեսի զարգացման համար: Դա էլ եղավ այն պարարտ հողը, որի վրա այս երկրներում շնորհիվ մրցակցային առավելությունների ձեւավորվեցին մենաշնորհային դիրքեր գրավող գործարարներ: Փաստորեն, ոչ ֆորմալ ինստիտուտի ձեւավորման առաջին փուլում մարդիկ, ունենալով սեփականության պաշտպանության եւ պայմանագրային համաձայնությունների կատարման ալտերնատիվ ուղիներ` հիմնված ոչ ֆորմալ հարաբերությունների վրա, կարողացան ապահովել տնտեսության աճ, որը սկսվեց 1996 թ.-ից: Դա դրական ազդեցություն ուներ սկզբնական փուլում, քանի որ այն ժամանակ ոչ ոքի մոտ չէր պաշտպանվում սեփականությունը, եւ պայմանագրերը չէին կատարվում, իսկ ինչ-որ մի խումբ մարդիկ կարողացան գտնել ալտերնատիվ ուղիներ իրենց բիզնեսը սկսելու եւ հետագայում այն զարգացնելու համար: Սակայն, խնդիրն այն էր, որ այդ ալտերնատիվ ուղիները գործում էին ոչ ֆորմալ հարաբերությունների շրջանակներում եւ հավասար չէին բոլորի համար` հանգեցնելով բիզնես վարելու ոչ մրցակցային պայմանների գոյացման:

Բերեմ մեկ օրինակ: Ցանկացած տնտեսագետ կարող է ասել, որ ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը հանգեցնում է շուկայում նրա գնի բարձրացմանը: Սակայն, երբ ինստիտուցիոնալ առումով երկիրը թույլ է, եւ իրական շարժիչը ոչ ֆորմալ համակարգն է, ապա ակցիզային տարիֆի բարձրացման արդյունքում ծխախոտի գինը կարող է չփոխվել կամ նույնիսկ իջնել: Պատճառն այն է, որ մաքսային սակագնի բարձրացման դեպքում մարդիկ ավելի քիչ են սկսում հարցերը լուծել ֆորմալ դաշտում, գործարքի մեջ են մտնում մաքսավորի հետ եւ, արդյունքում, ապրանքն ավելի էժան են մուտքագրում, որի պատճառով էլ ծխախոտն էժանանում է: Մեկ այլ դեպքում գները մնում են նախորդ մակարդակին. վարչական գործոններն արգելում են նրանց բարձրացնելու ապրանքի գները` փոխարենը «չնկատելով» չինովնիկի եւ գործարարի միջեւ եղած ոչ ֆորմալ փոխհարաբերությունները: Մեզ մոտ անցյալում նման դեպքեր բազմիցս գրանցվել են:

Շուկայական անցումային տնտեսության տեսությունը նոր է ձեւավորվում, բայց այն արդեն բախվել է մի խնդրի, երբ ոչ ֆորմալ ինստիտուտը կարող է այնքան հզորանալ, որ դառնա կայուն եւ արմատավորված: Այս վտանգի միտումները ես այսօր արդեն նկատում եմ Հայաստանում: Փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությունը ենթադրում է հավասար իրավունքների պաշտպանություն, այսինքն` արդյունավետ ֆորմալ ինստիտուտի առկայություն: Բայց շատ դեպքերում փոքր եւ միջին բիզնես ծավալած գործարարները հաճախ ստիպված են հրաժարվել գործարքներ կնքելուց, որովհետեւ չունեն այն մեխանիզմը, որով կպարտադրեն այդ գործարքի պայմանների ապահովումը: Դրա համար գործարարը սահմանափակվում է այն միջավայրում, որտեղ ունի իր ծանոթները եւ բարեկամները, ընկերները, որտեղ նա կարող է ոչ ֆորմալ մեխանիզմների միջոցով ազդել պայմանագրերի կատարման վրա:

Իմ հիմնական հարցադրումը հետեւյալն է: Արդյո՞ք մենք կկարողանանք ձեւավորել այնպիսի ֆորմալ ինստիտուտներ, այնպիսի խաղի կանոններ, որոնք հավասար կլինեն բոլորի համար: Հայաստանը, շնորհիվ խոշոր Սփյուռքի առկայության, ունի բավական լուրջ տրանսֆերտների հոսք, մյուս կողմից` երկիրը վերելք է ապրում, բայց պարզ է, որ այս պայմանները երկար չեն տեւելու: Եւս երեքից-հինգ տարի, եւ այդ հնարավորությունները գուցե սպառվեն: Ես հույս ունեմ, որ մենք այնքան խոհեմ կլինենք, որ կկարողանանք այս ժամկետում օգտվել այդ հնարավորությունից եւ կստեղծենք հավասար պայմաններ բոլոր մարդկանց համար տնտեսության մեջ ներդրումներ անելու համար: Բացի այդ, ի վերջո, Հայաստանում շուկան փոքր է, եւ հայ գործարարը զարգանալու դեպքում պետք է ձգտի դուրս գալ եվրոպական շուկա: Բայց եվրոպական շուկան գործում է ֆորմալ դաշտում եւ ցանկանում է տեսնել մեզ որպես կանխատեսելի երկրի գործընկերներ: Եվ ես հույս ունեմ, որ ոչ ֆորմալ ինստիտուտների վրա ձեւավորված քաղաքատնտեսական խմբերը կգերադասեն անցնել ֆորմալ հարաբերությունների դաշտ գոնե միայն նրա համար, որ կարողանան մուտք գործել նաեւ արտաքին շուկա: Չկա բարեփոխումների այլ տարբերակ, բացի նրանից, որ պետք է առաջանա այսօրվանից ավելի մեծ տնտեսական շահ:

Շատ են խոսում ստվերային տնտեսության, կոռուպցիայի մասին, սակայն մոռանում են, որ այս երեւույթները տնտեսության զարգացմանը խոչընդոտող պատճառներ չեն, այլ` առկա ոչ ֆորմալ հարաբերությունների հետեւանքներ: Կոռուպցիան, ստվերային տնտեսությունն ընդամենը այսպիսի տնտեսության արձագանքն է: Գործարարն ինքը չի կարող չգործել ոչ ֆորմալ դաշտում, այլապես կդադարի մրցակից լինել: Մարդը ռացիոնալ է, մանավանդ` գործարարը: Բարեփոխումների գործընթացը պետք է համակարգված լինի, համաձայնեցված, ընդունելի բոլորի համար: Եթե ոչ, ապա մենք կարող ենք հայտնվել լատինաամերիկյան երկրների տեղում, որտեղ արդեն 50 տարի փորձում են հաղթահարել այդ շղթան եւ չեն կարողանում: Օրինակ` Պարագվայի նման երկրում միջին տնտեսական աճը վերջին տարիներին եղել է մինուս 2 տոկոս: Այդ երկիրը հայտնվել է խորը փակուղում, որովհետեւ ռեսուրսներն արդյունավետ չեն գործածվել, եւ գործարարության կանոնները չեն եղել հավասար բոլորի համար:

Ադրբեջանում, իմ կարծիքով, նույն վիճակն է: Հայաստանի համար արտերկրում աշխատող հայրենակիցները նույնն են, ինչ նավթն Ադրբեջանի համար` միայն մեկ տարբերությամբ. Հայաստան եկող տրանսֆերտները բաշխվում են շատ ավելի հավասար, քան թե նավթից ստացած գումարները, որոնք կենտրոնանում են որոշակի խումբ մարդկանց ձեռքում: Եվ սա լրացուցիչ գործոն է, որը հանգեցնում է ոչ ֆորմալ համակարգի կարծրացմանը եւ նրա վերափոխման է՛լ ավելի բարդացմանը:

- Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնում փոքր եւ միջին բիզնեսը, եւ որո՞նք են նրա զարգացման հիմնական խոչընդոտները։

- Կան գնահատականներ, որ Հայաստանում ՀՆԱ-ի 40 տոկոսը արտադրվում է փոքր եւ միջին բիզնեսում: Բայց նշեմ, որ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգանում է այն ոլորտներում, որտեղ պետությունն առավել քիչ է խառնվում: Օրինակ` պետությունը որոշեց ատամնաբուժական կնետրոններին տալ լիցենզիա եւ մի կողմ քաշվել: Դրանից հետո Հայաստանում զարմանալիորեն արագ սկսեց ձեւավորվել ատամնաբուժարանների մրցակցային շուկա, որը հայտնի է նաեւ Հայաստանից դուրս: Ես գիտեմ, որ շատ հայրենակիցներ գերադասում են ատամները բուժել Հայաստանում, որտեղ որակ եւ արժեք համադրությունը շատ մրցակցային է: Բայց, օրինակ, պետությունը որոշեց, որ ամբուլատոր բուժումը պետք է լինի անվճար: Իհարկե, սոցիալական տեսակետից սա շատ արդիական որոշում է, բայց իրականում այդ ծառայություններն անվճար չեն մատուցվում. մարդիկ գումար են տալիս բժիշկներին, բյուջեից եկած միջոցները սպառվում են անարդյունավետ, որակի եւ գնի առումով մրցակցություն չկա:

Կամ պատկերացնենք, որ պետությունը որոշում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային արտոնություններ տալ, ես վստահ եմ, որ ուրիշ բիզնեսներ միանգամից կսկսեն ներկայանալ որպես ՏՏ ձեռնարկություններ` ստանալով իրենց համար չնախատեսված արտոնություններ: Այսօր շատ են խոսում այն մասին, որ պետությունը պետք է աջակցի փոքր եւ միջին գործարարությանը: Սակայն, իմ համոզմամբ, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այս վիճակի պետությունը խառնվի բիզնեսի զարգացման գործում: Պետական աջակցությունը կարող է հանգեցնել միայն լրացուցիչ խեղաթյուրումների: Ավելի լավ է պետությունն առայժմ չմիջամտի: Աջակցության քաղաքականություն պետությունը կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ այն ինստիտուցիոնալ առումով կայուն եւ արդյունավետ համակարգ կլինի: Իսկ այսօր դեռեւս այդ ոչ ֆորմալ ինստիտուտն է կողմնորոշում եւ ուղղորդում բիզնեսի մթնոլորտը: Պետությունն ամենաքիչը պետք է պարզապես իրականացնի իր ամենակարեւոր գործառույթը` լինի շուկայի բոլոր մասնակիցների համար խաղի հավասար կանոնների հզոր երաշխավորը:

- Ի՞նչ դեր ունի երկրի բանկային համակարգը մասնավոր ձեռներեցության եւ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում։

- Հայաստանի բանկային համակարգն ունի հավելյալ լիկվիդային ռեսուրսներ: Մյուս կողմից էլ փոքր եւ միջին բիզնեսն ունի ներդրումների պահանջ: Բանկի առաջարկն ու բիզնեսի պահանջարկն իրար չեն հանդիպում: Պատճառը պարզ է. բանկային համակարգը ֆորմալ ինստիտուտ է, ունի ֆորմալ կանոններ, որոնց համապատասխան է վարկ տալիս, իսկ փոքր եւ միջին բիզնեսն աշխատում է լրիվ այլ` ոչ ֆորմալ դաշտում: Հետեւաբար, նրանք տարբեր ճանապարհներով են գնում: Կարող եմ ասել, որ բանկային համակարգն այսօր ամենակայացածներից մեկն է ֆորմալ ինստիտուտի տեսանկյունից: Բայց, ֆորմալ լինելով, այն չի կարող հարաբերվել այն կառույցների հետ, որոնք չեն գործում նույն դաշտում: Բանկային համակարգը զարգանում է ի հաշիվ այլ ոլորտների, օրինակ` սպառողական եւ հիպոթեկային վարկերի: Այսօր ձեռնարկատերերի միայն 7-8 տոկոսն է դիմում բանկին:

Ֆորմալ դաշտում գործող գործարարն ունի մի շարք առավելություններ: Օրինակ` բիզնեսի որոշ տեսակներ աշխատում են միջազգային ընկերությունների հետ եւ գնային ոլորտում առաջացած մրցունակության բացը լրացնում են այլ առավելություններով. կարող են կրել գործընկերոջ ապրանքանշանը, երաշխավորագիր տալ հաճախորդներին, մատուցել այլ ծառայություններ եւ այլն: Այս առավելությունները լրացնում են այն բացը, որով ձեռնարկությունները կարողանում են, աշխատելով ֆորմալ դաշտում, ունենալ մրցակիցներ: Բայց սա ավելի շուտ ոչ թե օրենք է, այլ բացառություն օրենքից:

- Որքանո՞վ է երկրի օրենսդրությունը եւ հարկային քաղաքականությունը համապատասխանում միջին եւ փոքր բիզնեսի զարգացման պահանջներին:

- Օրենսդրությունը համապատասխանում է միջին եւ փոքր բիզնեսի զարգացման պահանջներին: Բայց հետո՞ ինչ: Ես կարող եմ ասել, որ Հայաստանը եվրոպական երկրների օրենսդրություններին բավական մոտ օրենսդրություն ունի, բայց դա դեռեւս ոչինչ չի նշանակում: Դա ֆորմալ ինստիտուտն է, որը չի ուղղորդում փոքր եւ միջին բիզնեսը: Մեր օրենքների մակարդակը շատ լավն է, բայց ենթաօրենսդրական բազաները, կարգերը, որոնք պետք է ապահովեն օրենքի պահանջները, ձեւավորեն համակարգը, փչացնում են օրենքը: Մեզ մոտ ենթաօրենսդրական ակտի գոյության իմաստը ոչ թե օրենքի կատարման ապահովումն է, այլ որոշակի խումբ մարդկանց գումար աշխատելու հնարավորության ընձեռումն է: Բացատրեմ օրինակով:

Հայաստանի օրենսդրությամբ սահմանված է, որ թաղման արարողությունների համար նախատեսված պարագաների ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Եվրամիությունն էլ է այդպես սահմանել, բայց, ի տարբերություն մեզ, նա այդ որոշումից հետո հատուկ ցուցակով նշում է այն բոլոր պարագաները, որոնք վերաբերում են թաղման արարողությանը եւ որոնք ազատված են հարկից: Մենք այդ կետերը չենք նշել, եւ մաքսավորն արդեն ինքն է որոշում` տվյալ ներմուծվող առարկան թաղման արարողության պարագա՞ է, թե՞ ոչ: Արդյունքում` մեկը Հայաստան է ներմուծում ծաղիկներ եւ դա ձեւակերպում որպես թաղման արարողության պարագա, ազատվում ավելացված արժեքի հարկից, իսկ մյուսը` ոչ:

Օրենքները շատ լավ են գրվում, բայց հետո գալիս են այդ ենթաօրենսդրական ակտերը, որոնք մեկ կարգ իջեցնում են օրենքի արդյունավետությունը: Կարծում եմ, որ ցանկացած օրենքի հետ պետք է ներկայացվեն նաեւ դրա բոլոր ենթաօրենսդրական ակտերը, որպեսզի որոշում կայացնողը հասկանա, թե ինչպե՞ս է այդ օրենքն աշխատելու: Օրենքի մեջ հնարավոր չէ ամեն ինչ գրել:

- Ի՞նչ ծավալի են միջին եւ փոքր բիզնեսում արված արտասահմանյան ներդրումները:

- Նորից, եթե մենք գործում ենք ոչ ֆորմալ դաշտում, ապա ի՞նչ հնարավորություններ կարող է ունենալ արտաքին ներդրողը, երբ կա սեփականության պաշտպանության եւ պայմանագրերի կատարման ոչ արդյունավետ համակարգ: Փոքր ներդրումները չեն կարող արդարացնել իրենց, քանի որ դրանց պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելի մեծ են, քան ստացվող շահույթը: Մնում է խոշոր ներդրումներ անել` 1.5 մլն դոլարի չափի, որոնց դեպքում գուցե ծախսերն արդարացվեն: Փոքր բիզնեսը միանգամից դուրս է գալիս մրցակցությունից, մնում է միջին բիզնեսը: Եթե ուշադրություն դարձնենք, ապա այդ ներդրումները դարձյալ կուտակվում են այնտեղ, որտեղ պետությունը ամենաքիչն է խառնված: Շատ մեծ ծավալի ներդրումներ դեռ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter