Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքի հայտարարությունը
«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալումը քաղաքական պատվեր է: Մայիսի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսում իրենց այս համոզման մասին հերթական անգամ հայտարարեցին Արզումանյանի կինը՝ ԱՄՆ քաղաքացի Մելիսա Բրաունը եւ փաստաբան Հովիկ Արսենյանը:
«Ես գտնում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանիրավի է, եւ դա, ինչպես նաեւ նրան անազատության մեջ պահելը, չի բխում գործող օրենսդրության պահանջներից»,- ասում է փաստաբան Հ. Արսենյանը: Վերջինս նշում է, որ իր պաշտպանյալը ոչինչ չի իմացել Մոսկվայից ստացված գումարների «ոչ մաքուր» (ԱԱԾ-ի բնորոշումը) լինելու, հետեւաբար եւ դրանց օգտագործման անօրինականության մասին: Այսինքն՝ Արզումանյանին հնարավոր կլիներ քրեական մեղադրանք առաջադրել միայն այն դեպքում, երբ նա գիտակցաբար խախտեր Քր.օր.-ի 190-րդ հոդվածը, ինչը չի արել:
Հ. Արսենյանն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ Արզումանյանին 2 ամսով կալանելու որոշման դեմ:
Իսկ Ա. Արզումանյանի կինը՝ ԱՄՆ քաղաքացի Մելիսա Բրաունը, դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, որտեղից նրան պատասխանել են, թե քանի որ սա քրեական գործ է, իրենք ոչինչ չեն կարող անել, սակայն հետեւում են գործի ընթացքին: Բրաունը պատրաստվում է դիմել նաեւ իր արտասահմանյան ընկերներին ու ծանոթներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Ա. Արզումանյանին եւ մեծ հնչեղություն տալ գործին:
Ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքը տարածեց հետեւյալ հայտարարությունը:
Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքի հայտարարությունը
2007 թ. մայիսի 7-ի ուշ գիշերին ձերբակալվեց Ալեքսանդր Արզումանյանը։ Նա պահվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բանտախցում՝ փողի լվացման մեղադրանքով։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ալեքսանդր Արզումանյանին կամ լսել են նրա մասին, գիտեն, որ քրեական մեղադրանքն անհեթեթ է, եւ որ նրա ձերբակալությունը ներկա իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող բռնությունների, ահաբեկման, կաշառակերության եւ վարչական ռեսուրսների չարաշահման գործելակերպի դրսեւորումներից է եւ նպատակ ունի ճնշել ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները Հայաստանում։
Ալեքսանդր Արզումանյանը հայտնի է իր համարձակությամբ եւ անկաշառությամբ, երբ դեռ երիտասարդ հասակում միացավ անկախ, ժողովրդավարական Հայաստանի համար մղվող պայքարին, երբ ծառայում էր Հայաստանի Հանրապետությանը որպես երկրի առաջին դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Միավորված ազգերի կազմակերպությունում, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար 1996 թ. եւ երբ հրաժարական տվեց այդ պաշտոնից 1998 թ.՝ երբ իշխանության եկավ ներկա կառավարությունը։
Այդ պահից ի վեր նա ակտիվորեն, օրինական քայլերով ընդդիմանում է այս վարչակարգին։ Նրան հնարավոր չէ գնել, նրան հնարավոր չէ ահաբեկել։ Նա շարունակում էր աշխատել, շարունակում էր խոսել նաեւ այն բանից հետո, երբ մեր տունը խուզարկության ենթարկվեց մայիսի 5-ին` մինչեւ նրան ձերբակալեցին մայիսի 7-ի կեսգիշերին մեր շքամուտքի մոտ։
Այսօր մենք խնդրում ենք Ալեքսանդր Արզումանյանի ընկերներին եւ գործընկերներին Հայաստանում եւ արտասահմանում, խնդրում ենք նրանց, ովքեր միգուցե առաջին անգամ են լսում նրա անունը, ծանոթանալ այս գործին` մեր միջոցով, մեր փաստաբանների միջոցով, մամուլից, իշխանություններից: Միացեք Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքին եւ նրա ընկերներին` հասնելու այս հարցի արդարացի լուծմանը: Իմացեք, որ Ալեքսանդր Արզումանյանը միշտ գործել է ի շահ իր Հայրենիքի, եւ եթե այսօր դա պատահեց մեր ընտանիքի հետ, վաղը նույնը կարող է պատահել նաեւ ձեր ընտանիքի հետ:
Թող Հայաստանի իշխանությունները եւ ժողովուրդը իմանան, որ դուք հետեւում եք այս գործին, անհանգստացած եք եւ մտահոգված դրանով։
Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել