HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Գերադասում եմ տղավարի մահը»

Մայիսի 16-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց անժամկետ հացադուլ է սկսել թիվ 11 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ԱԺ պատգամավորության նախկին թեկնածու, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

«Պատճառն էն է, որ չեն եղել ազատ, արդար ընտրություններ,- ասում է Հակոբկոխյանը,- թափանցիկության հետ համաձայն եմ, որովհետեւ թափանցիկ կերպով «Գազելներից» փող էին տալիս, մարդկանց էլ զգուշացնում էին, որ թաքնված տեսախցիկներով իրենց նկարելու են, եթե սխալ ընտրություն անեն: Թաղապետերը, միլպետները մարդկանց տներից զոռով բերում էին ու զգուշացնում, որ մեկն աշխատանք ունի, մյուսի էրեխեն բանակում ա...»:

Հակոբկոխյանին փողոց է դուրս բերել այն, որ 11-րդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված թեկնածուների (Իսրայել Հակոբկոխյան-քաղ. նախաձեռնությամբ, Հեղինե Բիշարյան-ՕԵԿ, Գրիգորի Մարգարյան-քաղ. նախաձեռնությամբ, պաշտպանում էր ՀՀԿ-ն) պայքարում ակնհայտ առավելությամբ (ավելի քան 16.000 ձայն) հաղթել է Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը ( «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր ) , ինչն, ըստ բռնցքամարտիկի, լայնածավալ կեղծիքների արդյունք է:

Արդյո՞ք Հակոբկոխյանի ստացած 5543 քվեն համապատասխանում է իրականությանը. աշխարհահռչակ մարզիկի կարծիքով` դա պետք է ճշտել ժողովրդից: Սակայն ամենակարեւորը ոչ թե իր՝ Հակոբկոխյանի, այլ արդարության հաղթանակն է:

Իսկ հացադուլը որեւէ արդյունք կտա՞:

«Չէ, բայց ես պատրաստ եմ տղավարի մեռնել, ոչ թե դառնալ ինչ-որ մեկի ջեբի թաշկինակը, որ իմանան, թե ուզած ձեւով ինձ կարան օգտագործեն: Ես գերադասում եմ տղավարի մահը, քանց ըտենց անարժանների կողմից բարոյալքված լինելը»,- պատասխանում է Հակոբկոխյանը:

Հացադուլավորի հետ ԿԸՀ-ի որոշ աշխատակիցներ զրուցել են, բայց ոչ ոք նրան պաշտոնապես չի հանդիպել: Փոխարենը՝ ժամանակ առ ժամանակ աշխարհի չեմպիոնին այցելում են նրա մտերիմներն ու ընդդիմադիր գործիչները:

Իսկ թե որքան կշարունակվի հացադուլը, Հակոբկոխյանն ասում է. «Ինչքան որ շունչս կհերիքի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter