Սիրիահայ Կարպիսը աշխատանք է փնտրում․ «Խոհանոցում ալ կ՛աշխատիմ, պնակ ալ կը լուամ»
Էլիզապէթ Քէշիշեանը արդեն երեք օր է՝ աշխատում է որպես խոհարարի օգնական։ Աշխատանքը նրա համար գտել են ֆեյսբուքյան օգտատերերը, երբ Էլիզապէթը այնտեղ գրել էր իրենց անհույս վիճակի մասին։ Նրա ամուսնուն՝ Կարպիս Գապըրեանին չի հաջողվում որեւէ տեղ գործ գտնել։
Նրանք Երեւանում տուն են վարձակալել եւ արդեն 15 ամիս ապրում են այնտեղ։ Դուռը բացում է նրանց որդին՝ Գևորգը: Մի քանի բառ փոխանակելուց հետո Կարպիսը սկսում է պատմել․ «Մենք գործի, տունի ամսականի կարօտ ենք: Ուտել-խմել չկայ: Օգնական չկայ: Վիճակներս լաւ չէ: Այսպէս տունը նստելով, անգործ..․ Տղաս, կնիկս աշխատին, ես տունը նստի՞մ»:

Գապըրեանների ընտանիքը ապրում էր Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գիւղ հայկական թաղամասում: Գոհ էին Սիրիայի պայմաններից: Նրանց շենքի մոտ ռումբ է պայթել, հարակից երկու շենքերը փլվել են: Կարպիսն ասում է՝ ձեռքի տակ ընկած լաթերը վերցրին, «ծլկեցին» Հայաստան:
Հայաստան են վերադարձել հինգով՝ Կարպիսը, Էլիզապէթը, 16-ամյա Ջոզեֆը, 11-ամյա Գէորգն ու 14-ամյա Շուշանը:
Ասում են՝ դիմել են Սփյուռքի նախարարություն, մինչ այժմ որևէ արձագանք չի եղել։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Շուշանը կույր աղիքի վիրահատության է ենթարկվել: «Կարիտաս» կազմակերպությունը վեց ամիս է օգնել, իսկ «Առաքելություն Հայաստանը» տվել է երեք ամսվա տան վարձի մի մասը։ Պետական մարմիններին էլ չեն դիմում, Կարպիսը ծիծաղելով ասում է՝ արդեն հույսներս կտրել ենք, որ կօգնեն:

Սիրիայում Կարպիսը վարորդ էր աշխատում, միայնակ աշխատելով պահում էր ընտանիքը։ «Սիրիայում ես միայն կ՛աշխատէի, փառք տիրոջ, մեզ բաւարարում էր: Հոս երկու-երեք հոգով կ՛աշխատենք, չենք հասցնի: Հոս ապրելը թանկ է: Կեանքը դժուար է Հայաստանի մէջ: Էնտեղ կ՛աշխատէինք, կ՛ուտէինք, կը խմէինք, բայց էստեղ միայն տունի վարձ պէտք է 80 հազար վճարինք»:
Ամիսներ առաջ Կարպիսը ավտոսպասարկման կենտրոնում աշխատանք է գտել, չորս ամիս աշխատել որպես օգնական, սակայն աշխատատեղը փակվել է, Կարպիսն էլ անգործ է մնացել: «Քանի տեղ գնացի, հայկական անձնագիր կամ գրանցում ուզեցին: Ո՛չ մեկը ունենք, ո՛չ էլ միւսը: Գումար չունենք՝ 30 հազար, անձնագրերի համար վճարենք, միայն էլիզաբեթի համար ենք կարողացել նույնականացման քարտ հանել: Մի տեղ տեսան հիսուն տարեկան եմ, ասացին՝ փոքր կուզենք՝ քսաներեք-քսանհիգ տարեկան: Այսպէս կ՛ըլլա՞յ, այս վիճակէն տունը նստի՞լ: Էսպես չ՛ըլլար»:
Կարպիսը պատրաստ է ցանկացած գործ անել, ասում է՝ խոհանոցում ալ կ՛աշխատիմ, պնակ ալ կը լուամ:

Ընտանիքը դժվարանում է վճարել տան վարձն ու կոմունալ ծախսերը: «Ուտելիքի կողմը հեչ բան չկայ: Սառնարանը բացենք, սաղ դատարկ է: Հեչ բան մը չկայ ուտելիք: Տղաս աշխատի, երեք հազար դրամ առնի, մի օրվա հաց առնենք, ուտենք, հաջորդ օրուայ բան չկայ», - ասում է Կարպիսը:
Շուշանն ու Գէորգը այժմ հաճախում են Հունան Ավետիսյանի անվան N 74 դպրոց: Շուշանը գոհ է ուսուցումից, ուսուցիչներից, ժպտալով ասում է՝ խոսակցական հայերենի հարցում դժվարանում է, իսկ ռուսերեն ընդհանրապես չգիտի. «Հալեպում միայն անգլերէն և ֆրանսերէն ենք սովորել»: Որոշել է դպրոցն ավարտելուց հետո վարսահարդարում և դիմահարդարում սովորել:
Ջոզեֆը մինչ օրս տան հիմանական «կերակրող ձեռքն» է: Տղան այս տարի պետք է տասնմեկերորդ դասարանում սովորեր, բայց վարձավճարներն ու տան ամսավարձը վճարելու համար աշխատում է որպես մատուցող: Կարպիսը շատ է մտահոգվում որդու համար։ «Ժամը 13:00-ից մինչ գիշեր 2-3-ն կ՛աշխատէ: Սիրով, բայց պարտադրուած կը գնայ գործի: Հենց սկսիմ աշխատել, իրեն գործէն կը հանեմ, դպրոց կ՛ուղարկիմ, մեղք է: Երեխաս աշխատէ, ես նստի՞մ: Ամօթ է»:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել