HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ. դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 30-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ, «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց նաև բավարարել մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննությամբ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն՝ հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:
2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած՝ արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի կողմից վարույթն իրականացնող մարմինը գրավոր տեղեկացվել է, որ Շ.Բախշյանն ունի ստացիոնար բուժման կարիք. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնևմոնիա և գրիպ «Ա», որպիսի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ, ուստիև՝ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել։
Քննիչը որոշում է կայացրել՝ Շ.Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter