HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նանսեն 150

Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակն է:  Նա իր կյանքով ու գործով աշխարհի մարդկության ցավերն ու հոգսերը շալակած՝ շարունակում է պտտվել  արեգակի շուրջ: Աշխարհը պետք ուներ Նանսենին,  և բնությունը նրան պարգևեց մարդկությանը: Նանսեն գիտնականը, բևեռախույզը, մեծ մարդասերն ու հայ ժողովրդի անկեղծ բարեկամը,  պարտք չմնաց բնությանը,  և իր անսպառ տաղանդն ու կարողությունը շռլայորեն նվիրաբերեց մարդկության հոգսերի թեթևացման գործին, որից նաև բաժին հասավ եվրոպական մեծ պետությունների կողմից խաբված  հայ ժողովրդին:

Այս օրերին, երբ Հայաստանում և աշխարհի բոլոր այն երկրներում , ուր  ապրում են երախտագետ հայեր, որտեղ միջոցառումներ են կազմակերպում՝ ի հիշատակ  Ֆրիտյոֆ Նանսենի, երբ թերթերն ու համացանցը հագեցված է Նանսենով, դժվար է նոր բան ասել: Նանսենը, հայ ժողովրդին նվիրած իր «Խաբված ժողովուրդ»  գրքով արդեն իսկ ամենամեծ հուշարձանն է կառուցել ինքն իր համար, որը վերջացնում է հետևյալ տողերով.

«Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ  հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում է:

Նա սպասում է մինչև օրս»:

Նանսենի գերեզմանի մոտ
Նանսենի տուն-թանգարանում

25 տարի առաջ էր: Նանսենի 125 ամյակի օրերին, Ստոքհոլմի Հայ- Շվեդական մշակութային կենտրոնի և Ուփսալայի հայ մշակութային միության մի խումբ անդամներ, որոշեցինք գնալ Նորվեգիա և ծաղիկներ դնել մեր ժողովրդին անմնացորդ նվիրված ու մեծ ծառայություններ կատարած Նանսենի գերեզմանին: Մեկնեցինք Օսլո: Պայմանավորված ժամին Նանսենի տուն թանգարանի առաջ մեզ դիմավորեցին Նանսենի թոռը՝ Այգիլ Նանսենը ( Eigil Nansen)-ը, ծոռը և տուն թանգարանի տեսուչը: Նրանք մեզ ընդունեցին հարազատի ջերմությամբ: Դժվար է նկարագրել այն ապրումները, որ  ունեցանք Նանսենի տան շեմին ոտք դնելիս: Նա տասնամյակներ այս տանն է ապրել, ստեղծագործե, ծրագրել իր անզուգական կյանքի գործունեությունը:  Նրա գրադարանի հայկական բաժնում խնամքով պահվում էին  գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր ու այն ամենն, ինչ վերաբերվում է հայերին ու Հայաստանին:

Մեծ գոհունակությամբ լսեցինք տուն թանգարանի տեսուչի բացատրությունները Նանսենի տուն թանգարանում գտնվող ամեն մի առարկայի մասին: Այնտեղ ավելի խորը զգացինք, թե ինչպիսի տիտանական կամքի ուժ ու խորը գիտելիքների տեր է եղել աշխարհի հոգսերով ապրած  Նանսեն մարդը: Մեզ հետ բերած ծաղիկները, հայերեն և նորվեգերեն լեզուներով՝ հայ ժողովրդի  անկեղծ բարեկամ  Ֆրիտյոֆ Նանսենին գրությամբ , մեծ հուզումով զետեղեցինք նրա գերեզմանին, որը գտնվում է  տուն թանգարանի բակում: Ծունկի եկա մեր մեծ բարեկամի շիրիմի առաջ ու համբուրեցի շիրմաքարն ու նկատեցի, որ Նանսենի տապանաքարի վրա ծննդյան և մահվան թվականներ չկան: Պարզ է: Նանսենի մեծությունը ժամանակի մեջ չի տեղավորվում, նա և նրա գործն անմահ են: Չլիներ Ֆ. Նանսենը, աշխարհը շատ բան կկորցներ, մեր օրերում ունենայինք Նանսեն, աշխարհը շատ բան կգտներ...

Դոկտ. Արամայիս Միրզախանյան

13/11/2011, Ստոքհոլմ

 

Մեկնաբանություններ (1)

Erik
Նորվեգիայի հայերը բախտ ունեն մոտ գտնվել Նանսենի Տանը և գերեզմանին և ամեն տարի տարբեր առիթներով, այդ թվում Ցեղասպանության հիշատակման օրը այցելում են մեծ մարդասերի շիրիմ... http://hetq.am/arm/news/610/norvegiayi-hayery-ogekochel-en-cexaspanutyan-zoheri-hishataky-ev-nshel-sb-zatiky.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter