HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու է ձգձգվում 11 մլն եվրոյի լվացման գործի դատաքննությունը, և ինչ կապ ունի Արթուր Բաղդասարյանը

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով դատական նիստերը մշտապես հետաձգվում են: Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված հերթական նիստը նույնպես հետաձգվեց: Մեղադրող Արմեն Փանոսյանը տեղեկացրել էր, որ չի ներկայանալու դատական նիստին, քանզի մինչև փետրվարի 11-ը ծանրաբեռնված է: Դատարան չէին բերել նաև գործով մյուս մեղադրյալ՝ վարչության նախագահի տեղակալ, Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանին՝ վատառողջ լինելու պատճառով:

Արա Կիրակոսյանը երկու տարի է՝ անազատության մեջ է: Մեկ տարի է՝ գործը դատարանում է, սակայն, բացի դատավորի և դատախազի ինքնաբացարկի միջնորդություններից, դեռեւս ոչինչ չի քննվել, և ըստ էության գործի քննությունը չի սկսվել:

Արա Կիրակոսյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ դատական նիստեր տեղի չեն ունենում: Վերջին դատական նիստերը չեն կայանում, քանզի Մելիք Եսայանին կամ դատարան չեն բերում, կամ բերում են, սակայն առողջական վիճակի պատճառով նորից հետաձգվում են: Դատարանը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել, որի արդյունքում պարզվել է, որ Մելիք Եսայանը բարձր ճնշում ունի, և դատարանը պետք է այժմ քննարկի ու որոշի՝ առանձնացնե՞լ նրա մասով գործը և քննել միայն Արա Կիրակոսյանի մասով, թե՞ ոչ: Սակայն, երկրորդ նիստն է՝ մեղադրողը չի ներկայանում, և այդ հարցն էլ լուծում չի ստանում:

Արա Կիրակոսյանի պաշտպանն ասում է, որ սա անհիմն հարուցված քրեական գործ է և անհիմն հետապնդում իր պաշտպանյալի նկատմամբ, ավելին՝ այս կերպ ձգձգվում է նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը:

Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, բանկի 07.10.2011թ. հաստատված Կանոնադրության 9.3 կետով սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն (այսուհետ սույն որոշման մեջ կարող է նշվել նաև Բանկ) փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։ 

Փաստաբանը պատմում է, որ Սուրեն Գաբրիելյանը, ով ապրանք է ունեցել՝ նիկելի լար, որն օրինական իր սեփականությունն է եղել, վաճառել է և դրա դիմաց գումար ստացել: Գումարը փոխանցվել է մոսկովյան «Միր Բիզնես Բանկ»-ից: «Դրանից հետո ինչպես են դրա տակ տեսել փողերի լվացում, հայտնի չէ: Ոչ մեկ չի էլ բողոքել: Մարդը ապրանք է վաճառել և դրա դիմաց ստացել է գումար»,- ասում է փաստաբանը:

33 հատորանոց գործում, ըստ պաշտպանի, կան վկաներ, որոնք կապ չունեն գործի հետ, առաջադրված մեղադրանքները փաստական հանգամանքների հետ կապ չունեն: Իրականում բողոքող անձնավորություն չկա, բողոքողը եղել է ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Գործում կա Արթուր Բաղդասարյանի գրությունը՝ ուղղված ՀՀ ԱԱԾ պետին: Վերջինս, երբ դեռ Անվտանգության խորհրդի քարտուղար էր, գրել է, որ իրեն է դիմել ՀՀ-ում Իրանի դեսպանը, խնդրել է ընթացք տալ: Փաստաբան Ճարոյանը անձամբ հանդիպել է Իրանի դեսպանին: Վերջինս ասել է, որ չի դիմել Արթուր Բաղդասարյանին, և նման գրություն գոյություն չունի:

Երբ փաստաբանը հայտնել է, որ այս գործի «գործ տվողը» Արթուր Բաղդասարյանն է, վերջինիս մամլո խոսնակը սկսել է հերքել, փաստաբանին նաև սպառնացել են, որից հետո այդ փաստաթղթերը հրապարակայնացրել է:

Փաստաբան Ճարոյանն ասում է, որ դատական նիստերին, չնայած ապացուցման բեռն իրենց վրա չէ, սակայն ապացուցելու են, որ մեղադրանքը անհիմն է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 11-ին:

Լուսանկարում՝աջից՝ Արա Կիրակոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter