HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տարածել են խնդրագիր՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի հարված էր Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի ժողովրդավարությանը։ Այս ողբերգությունը դեռևս չի ստացել իր համարժեք իրավական և քաղաքական գնահատականը։ Անպատժելիությունը ծնեց նորանոր հանցանքներ պետության եւ նրա քաղաքացիների դեմ, հանգեցնելով խորն անջրպետի հասարակության եւ իշխանություններին միջեւ: Անկախ Հայաստանում այսօր կրկին քաղաքական բանտարկյալներ կան, որոնք անազատության մեջ են ոչ թե հանցագործության կատարման մեղադրանքով, այլ իրենց ազատատենչության եւ այլախոհության պատճառով: Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք Ձեզ առաջարկով մինչեւ ս.թ. մարտի 1-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ կիրառելով ՀՀ նախագահին տրված սահմանադրական իրավունքը: Մեր պետության եւ նրա քաղաքացիների առջեւ խոյացող մարտահրավերների օրոք նման որոշումը կարող է լինել ժողովրդավարության և իրավական պետության սահմանադրական արժեքների նկատմամբ համազգային համերաշխության, վստահության և հավատի վերականգնման ճանապարհին կարեւոր, գիտակցված և անհրաժեշտ քայլ: Մենք դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին, խնդրանքով առցանց ստորագրել այս նամակը եւ այդպիսով սատարել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներին ազատելու մարդասիրական պահանջը:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան,

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter