Անբավարար ջերմաստիճանի ու բացակայությունների մեծ թվի պատճառով Վանաձորի մանկապարտեզները մեկ շաբաթ էլ չեն գործի
Գայանե Սարգսյան
Շուրջ մեկ ամիս տևած դադարից հետո փետրվարի 1-ից աշխատանքը վերսկսած Վանաձորի մանկպարտեզները ստիպված են կրկին դադարեցնել գործունեությունը: Նման որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը երեկ հիվանդություների վերահսկման ու կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի կողմից իրականացրած մտադիտարկման արդյունքում, որի ընթացքում քաղաքի մանկապարտեզների գերակշիռ մասում արձանագրվել է անբավարար ջերմաստիճան ու երեխաների հաճախելիության ցածր մակարդակ:
«Վանաձորի թվով 20 մանկապարտեզներից 15-ում ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր: Եթե խաղասենյակների մեծ մասում այն համապատասխանել է կամ մոտ է եղել նորմային, ապա միջանցքներում ու սանհանգույցներում՝ ոչ»,- ասում է հիվանդություների վերահսկման ու կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:
Ջերմաստիճանն անբավարար է եղել հատկապես քաղաքի ծայրամասային Տարոն թաղամասի մանկապարտեզների մեծ տիպային շենքերում: Առավել ցածր ջերմաստիճանով առանձնացած մանկապարտեզներից կենտրոնի տնօրենը մատնանշում է մի քանիսը:
«Վանաձորի թիվ 24 ու 33 մանկապարտեզների խմբասենյակներում ջերմաստիճանը եղել է 16, նույն մանկապարտեզների միջանցքներում ու սանհանգույցներում՝ 12-13 աստիճան: Ամենացածր ջերմաստիճանը՝ 5 աստիճան, գրանցվել է Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի միջանցքում, 10 աստիճան էլ եղել է թիվ 7 մանկապարտեզի սանհանգույցում»,- նշում է նա:
«Ունենք տիպային պանելային մանկապարտեզներ, որտեղ անկախ ջեռուցման ժամկետներից ու հզորությունից համապատասխան ջերմաստիճանը դժվար է ապահովել մանավանդ որ հատկապես դահլիճներում բացակայում են ջերմամեկուսիչ շերտերը,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն ու վստահեցնում,-մենք այս որոշմանը հեշտությամբ չենք գնացել: Գոնե կիմանանք, որ այսպիսիով երեխաներին փորձել ենք զերծ պահել հիվանդանալուց»:
Մշտադիտարկման արդյունքում գրանցված բացակայությունների մեծ թիվը բաժնի պետի կարծիքով մի քանի պատճառ ունի.
«Դա պայմանավորված է ինչպես երեխաների հիվանդացությամբ, այնպես էլ ծնողների զգուշավորությամբ»,- ասում է Գոռ Բադյանը, փաստելով, որ այս պատճառների արդյունքում որոշ մանկապարտեզներում մինչև 70 տոկոս բացակայություն է գրանցվել:
Ներկայացնելով փետրվարի 1-ի դրությամբ մարզի բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թիվը, հիվանդություների վերահսկման ու կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի տնօրենը վստահեցնում է. մարզում սուր շնչառական հիվանադություններով հիվանդացության նկազման միտում կա:
Ներկայումս մարզում հոսպիտալացված է սուր շնչառական հիվանդությամբ 45 հիվանդ, որոնցից 35-ը 0-18 տարեկան և թոքաբորբով 54 հիվանդ՝ 17-ը 0-18 տարեկան:
Կվերագործարկվե՞ն արդյոք Վանաձորի բոլոր մանկապարտեզները փետրվարի 8-ին: Այս հարցին քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետի պատասխանը մեկն է. անելու են հնարավոր ամեն ինչ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու ու մանկապարտեզների գործունեությունը սահմանված ժամկետում վեսկսելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել