HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Եկել է քաղաքական զատիկի ժամանակը»

Միասնական ընդդիմություն համարող քաղաքական ուժերի մայիսի 18-ի հանրահավաքին Ազատության հրապարակում հավաքվել էին անհամեմատ ավելի շատ մարդիկ, քան ընդդիմության նախորդ` մայիսի 13-ի ցույցին:

Այս արդյունքին հասնելու համար «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դեռ 3 օր առաջ նստացույց էր սկսել: Նպատակը ժողովրդի ուշադրությունը գրավելն ու նրան «1+1+» սկզբունքով նախատեսված ցույցին հրապարակ բերելն էր:

Հանրահավաքը վարում էր հենց Ն. Փաշինյանը: Այն սկսվեց մեկ րոպե լռությամբ: Մասնակիցները հարգեցին Գոհար Գասպարյանի հիշատակը: Այնուհետեւ Ն. Փաշինյանը մտավորականներ Գոհար Գասպարյանի եւ նրա ամուսնու` Տիգրան Լեւոնյանի` 2003 թ. մամուլին տված հարցազրույցներից մեջբերումներ արեց: Գ. Գասպարյանն ընդդիմությանը խորհուրդ էր տվել «չնահանջել, արդարության համար սկսած հրապարակային պայքարը շարունակել մինչեւ վերջ»: Իսկ Տ. Լեւոնյանը մեր իշխանություններին համեմատել էր կոկորդիլոսների հետ, որոնք չգիտեն, որ իրենց կերածը մարդ է:

«Այս խոսքերն այսօր էլ իրենց արդիականությունն ամենեւին չեն կորցրել,- հայտարարեց Ն. Փաշինյանը եւ հավելեց,-մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ արձանագրելու, որ Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի հետնորդները տեսնելու են այն, ինչը, ցավոք, նրանց չհաջողվեց տեսնել»:

Հարթակում կանգնած բոլոր քաղաքական գործիչների ելույթներում ընդծվում էր մեկ պահանջ, որ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, եւ նշանակվի վերաքվեարկություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Խաչատրյանը փաստերով ներկայացրեց մի շարք ընտրախախտումներ, որոնք տեղ են գտել Հայաստանի տարբեր շրջանների եւ Երեւանի ընտրատեղամասերում: Օրինակ` «Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 876 մարդ: Քվեատուփից դուրս է եկել 1076 քվեաթերթիկ: Ընդ որում` առաջին 200-ը եղել են «Հանրապետական» կուսակցության օգտին: Դրանք վերեւն են եղել, որովհետեւ քվեարկությունից հետո վերջում են լցրել: Սա օրինակներից մեկն է: Հսկայական փաստաթղթեր, մեղադրական ակտեր ունենք»,- հավաստիացրեց ԿԸՀ անդամը եւ նշեց, որ ընդդիմությունը անպայման դիմելու է Սահմանադրական դատարան (ՍԴ):

«Ամեն ինչ շատ կոպիտ` կվալդ ու լոմով են արել: Մենք ձեզ խոստանում ենք ՍԴ-ում ուժեղ կռիվ տալ: Ես չեմ ասում, որ ՍԴ-ն որոշում կկայացնի, որ մենք հաղթել ենք: Էս ՍԴ-ն կյանքում այդպիսի որոշում չի կայացնի,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:- Խոստանում եմ, որ դուք, սիրելի ժողովուրդ, բոլոր միջազգային դիտորդները, ամբողջ աշխարհը, ով հետեւում է Հայաստանին, ՍԴ մեր բողոքի մեջ այնպիսի փաստեր են տեսնելու, որ ընտրությունների կեղծված լինելը կասկած չի առաջացնելու»:

Ա. Սարգսյանի խոսքերով` էջը, որ կոչվում է ԱԺ ընտրություններ, դեռ նոր է բացվում: Նա արդեն իսկ ընդդիմության ձեռքբերում համարեց այն, որ նախորդ հանրահավաքին հարթակում կանգնած չորս ուժերին («Իմպիչմենտ» դաշինք, ՀԺԿ, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցություններ) այդ օրը միացել էր նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը:

«Մյուսների հետ քաղաքական բանակցություններ են գնում»,- նշեց Ա. Սարգսյանը:

Քիչ անց հայտարարվեց, թե հանրահավաքին մասնակցում են նաեւ «Ժառանգություն» եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչները:

Ն. Փաշինյանը քաղաքական ուժերին հորդորեց ընտրությունների ժամանակ ընդդիմության միասնական հանդես չգալու համար մեղավորներ չփնտրել, այլ արձանագրել սխալը եւ դրանից դասեր քաղել. «Բոլոր կուսակցությունները, ովքեր փոխադարձաբար վերապահումներ ունեն, պետք է ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ: Կանգնենք կողք-կողքի եւ հասնենք ժողովրդի իշխանության հաստատմանը,- շեշտեց նա եւ դիմեց ժողովրդին,-եկեք նաեւ ընդունենք, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք այսօր Հայաստանում ստեղծված վիճակի համար: Այո՛, նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցրել, ովքեր ծախել են իրենց ձայնը, մեղք են գործել: Բայց մենք ասում ենք` եկել է քաղաքական զատիկի ժամանակը: Եվ բոլոր քաղաքացիներն ունեն հնարավորություն այս հրապարակում քավել իրենց երեխաների ապագայի նկատմամբ գործած մեղքերը»:

Ըստ ընդդիմադիր գործիչների` սկսվել է հաղթանակի գործընթացը: Ուղղակի պետք է հետեւողական լինել այդ հաղթանակի ծիլերն աճեցնելու եւ պտուղը քաղելու համար:

«Մենք պետք է դուրս գանք այն մտայնությունից, որ մի քայլով բոլոր հարցերը կլուծվեն: Եթե պետք լինի, նստացույց կանենք, հանրահավաք, կշրջենք ամբողջ հանրապետությունով, կմտնենք տուն առ տուն, գիշերները հրապարակից չենք գնա: Բայց անպայման կհասնենք մեր նպատակին` ապօրինի վարչախմբի հեռացմանը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Հանրահավաքից հետո մասնակիցներն ընդդիմադիր գործիչների առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 25-ին` նույն տեղում, նույն ժամին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter