Ջավախքի Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի մասնաշենքն այլևս շահագործման ենթակա չէ
Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղի դպրոցում դասընթացներ անցկացնելն այլևս վտանգավոր է։ Այս մասին տեղեկացնում է «Ջավախք ինֆո»-ն:
Ձմռան բուք ու քամոտ օրերին գյուղի դպրոցի ծխնելույզներից ծուխը լցվում էր դասասենյակներ։ Դպրոցի տնօրենի կարգադրությամբ՝ արձակուրդների ընթացքում տնտեսվարը փորձել է լուծել այդ խնդիրը։ Այդ նպատակով բարձրացել է կտուր։ Մթության պատճառով ցանկացել է ճակատային մասից ինչ-որ անցք բացել և ծածկի թուլության հետևանքով ընկել է ներքև՝ հայտնվելով դասասենյակում։ Այստեղից պարզ է դարձել, որ դպրոցի մասնաշենքը տանիքի լուրջ խնդիրներ ունի:
Ժամանել է հատուկ հանձնախումբ, որը մոտավորապես երկու ժամվա ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրել է դպրոցի կտուրը և ծածկը։ Դպրոցի ներկայիս վիճակի իրական պատճառները հայտնաբերելու նպատակով հետազոտման համար վերցրել են փայտանյութի նմուշներ, որպեսզի պարզեն՝ արդյոք փայտի փտած լինելու հանգամանքն է պատճառը, թե ժամանակին թույլ տրված շինարարական անփութությունը։
Մասնագետները դպրոցի վիճակը գնահատել են «վթարային» և արգելել շարունակել դասընթացները տվյալ շենքում՝ համարելով, որ այն ենթակա չէ շահագործման։
Հանձնախմբի վկայությամբ՝ դպրոցի ամբողջ ծածկը ենթակա է փլուզման՝ բացառությամբ 3 դասասենյակներն ընդգրկող հատվածի, որոնք գրեթե առանձնացված են ընդհանուր շենքից։
Առավել անվտանգ համարվող 4 դասասենյակում աշակերտները 2 հերթով անցկացնում են իրենց դասընթացները, իսկ 5 դասարան (6-րդ, 9-րդ, 10- րդ,11-րդ և 12-րդ) էլ հաճախում է հարևան Բուռնաշեթ գյուղի դպրոց։ Տվյալ դասարաններն ընտրվել են ըստ աշակերտների քանակի (մինչև 15 աշակերտ), քանի որ դասասենյակների տարածքի խնդիր կա։
«Ներկայումս բանակցություններ եմ վարում Բուռնաշեթ գյուղի հանրային դպրոցի տնօրենի հետ՝ մինչև ուսումնական տարվա վերջ նրանց դպրոցում 2-րդ հերթով դասընթացներն անցկացնելու նպատակով»,- «Ջավախք ինֆո»-ի հետ զրույցում պատմեցԱզավրեթի հանրային դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը։
Ուսուցիչների համար ևս պայմաններ կստեղծվեն տրանսպորտով Բուռնաշեթի դպրոց գնալու և իրենց աշխատանքը շարունակելու համար: Ըստ էության, «դպրոցի անձնակազմը» մնում է անփոփոխ, փոխվում է միայն շենքը։ Տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքերով՝ դեռևս կբավարարվեն վերոնշյալ պայմաններով, մինչև նոր դպրոցի կառուցումը կամ այս մեկի վերանորոգումը։ Չնայած վերջին տարբերակը քիչ հավանական է գտնում։
Ազավրեթի դպրոցը կառուցվել է 1957 թվականին, 1999 թվականին մակերեսորեն վերանորոգվել է։ Նշենք, որ մինչև նշյալ դեպքերն էլ դպրոցը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ։ Դպրոցի 221 աշակերտները ուսանում էին ընդամենը 9 դասասենյակում՝ երկու հերթափոխով։
Արմինե Բերակչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել