
Ինչ վիճակում է ալկոհոլային խմիչքների արտադրությունը Հայաստանում
2015 թվականին Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում հիմնականում անկում է գրանվել։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 16,95 մլն լիտր կոնյակ, որը 9,4%-ով պակաս է 2014-ի ցուցանիշից։
Նվազել է նաև գինու արտադրությունը։ Նախորդ տարի այս խմիչքի արտադրության ծավալը կազմել է 5,93 մլն լիտր, նվազումը՝ 4%: Հատկանշական է, որ խաղողի առատ բերքի պայմաններում այս երկու խմիչքների արտադրությունը նվազել է, ինչը խոսում է երկրում տնտեսական ոչ արդյունավետ մեխանիզմների մասին։
Գարեջրի և օղու դեպքում ևս անկում ունենք՝ համպատասխանաբար 12,8% և 1,6%: Արդյունքում նախորդ տարի արտադրվել է մոտ 20,7 մլն լիտր գարեջուր և 9,3 մլն լիտր օղի։
Աճ է գրանցվել միայն լիկյորի, շամպայնի և վիսկու արտադրությունում։ Արտադրվել է 164,5 հազ. լիտր լիկյոր, 1,17 մլն լիտր վիսկի և 658,1 հազ. լիտր շամպայն։ Վերջինիս արտադրությունն աճել է 3,7 %-ով։ Իսկ մնացած երկու արտադրատեսակների մասով աճ ասվածը հարաբերական է։ Բանն այն է, որ 2014-ին Հայաստանում լիկյոր և վիսկի գրեթե չի արտադրվել։ Լիկյորի ծավալն այդ տարի կազմել է ընդամենը 3,8 հազ. լիտր, իսկ վիսկունը՝ 45,7 հազ. լիտր։ Ու հաշվարկների արդյունքում այնպես է ստացվել, որ լիկյորի արտադրությունն աճել է 43,3 անգամ, իսկ վիսկունը՝ 25,6 անգամ։
Վիսկու արտադրության մասով արդեն մի քանի անգամ գրել ենք, որ Հայաստանում դրանով զբաղվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը՝ «Ա և Գ» ՍՊԸ-ն։ Եվ արտադրանքը վաճառվում է «Երևան Սիթի» սուպերմարկետներում, որը ևս, ինչպես հայտնի է բոլորին, պատկանում է Ս. Ալեքսանյանին։ Այդ վիսկին, որը տարբեր տեսակներով է հանդես գալիս, ներկայացվում է որպես շոտլանդական հումքով պատրաստված բարձրորակ վիսկի, բայց թե որքանով է այն բարձրորակ, կարող են ասել իրական վիկսու արժեքը գնահատողները։
Գինու և կոնյակի ցուցանիշներն առավել մտահոգիչ են
Հատկապես գինու և կոնյակի արտադրության անկումն Հայաստանի տնտեսության համար մտահոգիչ է այն պատճառով, որ այդ երկու խմիչքներից արտահանվում է եթե չասենք մեծ, ապա՝ զգալի քանակությամբ, և հետո՝ աշխարհին հայկական կոնյակն ու գինին քիչ թե շատ ծանոթ են ու պահանջարկ ունեն։ Սա, իհարկե, չի նշանակում, որ գարեջրի արտադրության անկումն, օրինակ, մտահոգիչ չէ։
Թե արտադրության անկման պայմաններում որքան գինի և կոնյակ է արտահանվել ամբողջ 2015-ին, չենք կարող ասել, քանի որ ՀՀ մաքսային ծառայությունը առայժմ միայն առաջին կիսամյակի տվյալներն է ներկայացրել։ Բայց, որպես կանոն, որոշիչ է երկրորդ կիսամյակը։ Սակայն, երբ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում էր 2015-ը, շեշտեց խաղողի բերքի ռեորդային աճի և դրա հետ մեկտեղ՝ արտահանման ծավալների ռեկորդային նվազման մասին։ Խոսվում է մինչև 50% անկման մասին։ Իսկ թե հստակ որքան նվազում է գրանցվել, կիմանանք, երբ պաշտոնապես հրապարակվեն արտահանման ամբողջ տարվա ցուցանիշները։
Նշենք, որ 2015-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 2,683 մլն լիտր գինի՝ 14,7%-ով ավելին, քան 2014-ի առաջին կիսամյակում, բայց հետո անկում է գրանվել։ Այսինքն՝ 2015-ին շարունակվել է 2014-ին գրանցված անկումը, որը 2013-ի համեմատ կազմել է 8,2%:
Կոնյակի արտադրության ոլորտում ևս անկումը 2014-ից է եղել։ Այդ տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը նվազել է 8,1%: Իսկ 2015-ի առաջին կիսամյակում անկումը կազմել է 3,2%։
«Մեղավորը» նորից ռուբլին է
Հայաստանում արտադրվող կոնյակի մեծ մասն արտահանվում է, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստան։ Պատժամիջոցները և նավթի գների անկումը հանգեցրել են ռուսական ռուբլու արժեզրկմանը, ՌԴ տնտեսության վատթարացմանը, որը սկսվել է 2014-ի նոյեմբերից: Ու քանի որ ռուսական շուկան հայկական կոնյակի հիմնական և մասամբ՝ գինու արտահանման շուկան է, բացասական ազդեցությունը հայկական կոնյակ և գինի արտադրողների գործերի վրա ակնհայտ է։ 2015-ին նրանցից շատերը ոչ միայն առանց շահույթի են աշխատել, այլ նաև՝ վնասով։ Նրանք ռուսական շուկային խմիչքը վաճառում են ռուբլով, ուստի՝ ստացել են արդեն արժեզրկված ռուբլի, ինչը հանգեցրել է եկամուտների զգալի նվազմանը։ Այսինքն՝ երբ ասում ենք, որ Հայաստանում գինի-կոնյակ արտադրողների գործերը լավ չեն, նկատի ունենք, որ արտահանման հետ կապված խնդիրներ ունեն։
Բազմիցս նշվել է, որ ռուսական բացասական ազդեցություններից խուսափելու համար հայ արտահանողները պետության աջակցությամբ պետք է վերջ դնեն կախումը ՌԴ շուկայից և այլ շուկաներ գտնեն։ Բայց այս մասով դեռևս ակնառու ոչ մի քայլ չի արվում։ Եվ դա ոչ միայն գինի-կոնյակ արտահանողներին է վերաբերում, այլ՝ արտադրության ոլորտի մի շարք ճյուղերի արտահանողներին՝ պանրագործներին, ձկնաբույծներին, բանջարեղեն, հանքային ջուր և այլ ապրանքներ արտահանողներին։ Այսինքն՝ պետք է լուծվի աշխարհագրական կենտրոնացվածության խնդիրը։
Բացի ռուբլու արժեզրկման հետևանքով առաջացող խնդիրները, պետք է նաև հաշվի առնել, որ ռուսական շուկայում պահանջարկները պարբերաբար փոփոխվում են։ Օրինակ, եթե այսօր այդ շուկայում հայկական կոնյակի որակը գնահատվում է ինչ-որ չափով և պահանջարկ կա, ապա՝ չի բացառվում որ մի քանի տարի անց ռուսական շուկան նախապատվությունը տա այլ երկրի արտադրանքին։ Արդյունքում հայկական կոնյակ արտահանողները կկորցնեն իրենց հիմնական գնորդին։
Մեկնաբանել