HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հուսահատության ադրբեջանական ջղաձգումները. ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը չի կարողացել առաջ շարժվել ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, թե ՄԽ համանախագահող երկրները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, պետք է ապահովեն ՄԱԿ-ի ԱԺ համապատասխան բանաձևերի կատարումը:

Մամեդյարովի այս հայտարարությունը վկայում է ԼՂ հարցում Ադրբեջանի մարտավարության որոշակի փոփոխության մասին. Բաքուն Հայաստանի փոխարեն հրապարակայնորեն հիմնական թիրախ է դարձնում Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատը: Դիվանագիտական այս շրջադարձը կատարվում է նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հեղնակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևի չընդունման պատճառով, որում, ինչպես հայտնի է, ոչ երկրորդական դեր կատարեցին ՄԽ երեք համանախագահները: Նրանք վեհաժողովին կոչ արեցին չընդունել բանակցային գործընթացին վնասող և խնդիրն այլ հարթակներ տեղափոխելու նպատակներ ունեցող այդ բանաձևը: Բաքվի համար ակնհայտ դարձավ, որ համանախագահները  բացեիբաց շրջափակման են ենթարկում ԼՂ հիմնահարցի կարգավորման պրոցեսն իրենց կոմպետենցիայից հանելու Ադրբեջանի ջանքերը, և որ դա ոչ թե զուտ ԵԽ-ի մասով դրսևորվող եզակի դիրքորոշում է, այլ հստակ, սզբունքային քաղաքական ուղեգիծ՝ անխակ որ ուղությամբ կդրսևորվեն Բաքվի ջանքերը:

Պատահական չէր, որ դրանից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ համանախագահողների հասցեին ուղղված կոպիտ արտահայտություններով համեմված հայտարարությամբ: «Շատ եմ ափսոսում, որ ՄԽ համանախագահները, որոնց հիմնական անելիքն այդ հարցով զբաղվելն է, ձգտում են հակամարտության ոչ թե կարգավորմանը, այլ սառեցմանը: Նրանց այսօրվա գործունեությունն ամբողջությամբ անիմաստ է: Նրանք ոչ թե Հայաստանի նկատմամբ ճնշում չեն գործադրում, այլև պաշտպանում են նրան հնարավոր պրոբլեմներից: Տեսեք, թե ինչի հանգեցրեց նրանց սադրիչ գործունեությունը ԵԽ վերջին լսումների ժամանակ: Հարց է առաջանում՝ ու՞մ տեղն են նրանք իրենց դրել: Այսինքն՝ պետք է ճնշում գործադրեն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա՞, բոլոր կազմակերպություններին հրահանգներ տա՞ն...,- ներսում կուտակված մաղձն ու ցասումը արտահայտել է Ալիևը՝ վերջում, ստեղծված իրավիճակի համար բերելով աբսուրդային և ծիծաղելի մի բացատրություն,- մենք գիտենք պատճառը. երկակի ստանդարտները: Այստեղ դեր է խաղում կրոնական գործոնը: Մենք մուսուլմաններ ենք, այդ պատճառով մեզ վերաբերում են երկակի ստանդարտների տեսանկյունից՝ հատկապես ներկայիս շրջանում, երբ իսլամաֆոբիան Եվրոպայում հասել է գագաթնակետին»:

Ադրբեջանում չեն ուզում տեսնել, որ ՄԽ համանախագահների նման արձագանքի շարժառիթը ոչ թե ինչ-որ մտացածին սադրանքն է, այլ ամեն կերպ եռանախագահության ֆորմատը հեղինակազրկելու, բանակցային գործընթացից հրաժարվելու Բաքվի քաղաքականությունը: Անսխալականության բարդույթը, որով տառապում է ալիևյան վարչակարգը, արդեն սովորել է սեփական ձախողումներն իրենից դուրս գտնվող գործոնների ու սուբյեկտների վրա բարդելուն: Այս մառազմատիկ մոտեցումն այնքան է մթագնել Ալիևի գիտակցությունը, որ նա անգամ դիմում է կրոնական գործոնի շահարկմանը մի դաշտում, որտեղ այն ընդհանրապես գոյություն չունի՝ այն պարզ պատճառով, որ ուղղակի մանկամտություն է երեք համանախագահներից առնվազն երկուսի՝ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի պարագայում իսլամաֆոբիա փնտրելը: Բայց խնդիրն, իհարկե, սա չէ:

Թե ՄԽ համանախագահների առջև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պահանջ դնելը, թե կրոնական գործոնից կառչելը և թե առհասարակ ՄԽ-ի թիրախավորումը խոսում են մի բանի մասին. ԼՂ հացում և ընդհանրապես արտաքին քաղաքականության ոլորտում Ադրբեջանի դիվանագիտությունն ինքն իրեն մղել է փակուղի, որն արդեն հուսահատության և ցայտնոտի է մատնում առանց այն էլ հսկայական խնդիրների մեջ խրված այդ երկրի իշխանությանը: Բաքուն իր դեմ է հանել ոչ միայն Հայաստանին, այլև գործնականում ողջ միջազգային հանրությանը: «Պատերազմը» տեղափոխվել է ՄԽ եռանախագահություն-Ադրբեջան հարթություն, իսկ այդ հակամարտության առարկան Ադրբեջանին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելն է: Սակայն աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական այն  ընդհանուր իրավիճակը, որում հայտնվել է Ադրբեջանը, այդ ճակատամարտում նրան դարձնում է առավել խոցելի:

Կարծես թե ուրվագծվում է, որ Ռուսաստանը հրաժարվել է ԼՂ հիմնահարցը Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից հանելու հարցում ադրբեջանաթուրքական ծրագրերը սպասարկելուց և նախապատվությունը տալիս է առկա ստատուս-քվոյի պահպանմանը: Դրա մասին էր խոսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շաբաթ արած այն հայտարարությունը, թե ԼՂ հարցի կարգավորման այսպես կոչված «Լավրովի առաջարկներ» գոյություն չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի իրականում հենց այդ առաջարկությունները կողմերին ներկայացնելու համար նա անակնկալ այցեր կատարեց Բաքու և Երևան: Լավրովի վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՌԴ արտգործանախարարն իսկապես որոշ առաջարկներ ներկայացրել էր, և հենց դրանց շուրջ բանակցությունների նպատակով էր արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այցելել Մոսկվա:

Բացի դրանից՝ արդեն 2015 թ. դեկտեմբերի սկզբներից Ադրբեջանի զինուժն անակնկալ կերպով դադարեցրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումն ու արկակոծումը՝ չնայած այն հանգամանքին, որ նույն այդ ընթացքում ղարաբաղյան ճակատում գրեթե իսկական պատերազմ էր սկսել՝ հրետանու և տանկերի կիրառմամբ: Մարտավարական նման փոփոխությունը կարող էր բացատրվել միայն Ռուսաստանի լուռ կամ բացահայտ աջակցությունը կորցնելու հանգամանքով: Պատահական չէ, որ դա ամբողջությամբ համընկավ Սիրիայի սահմանին ռուսական ռմբակոծիչի կործանումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրմանը:

Հենց այդ գործոնը ստիպեց Ռուսաստանին վերանայելու իր ծրագրերը Հարավային Կովկասում՝ կապված ԼՂ որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու գնով հակամարտության գոտում խաղաղապահության քողի ներքո ռազմական կոնտիգենտ տեղակայելու մտադրությունների հետ, ինչը պայմանավորված էր նրա համար Հայաստանի և այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազայի ստրատեգիական դերի կտրուկ մեծացմամբ: Այսպիսով Ադրբեջանը դարձավ ռուս-թուրքական առճակատման քաղաքական պատանդը:

Մյուս կողմից՝ իրավիճակը ղարաբաղաադրբեջանական սահմանագծին կտրուկ լարելով, որը, նախ բխում էր Ռուսաստանի այդ պլաններից, իսկ հետո արդեն սպասարկում էր Ռուսաստանին երրրորդ հակամարտության մեջ ներքաշելու Թուրքիայի անթաքույց սպառնալիքը, Ադրբեջանն ինքն ստիպեց ակտիվանալու ԱՄՆ-ին և Եվրամիությանը՝ նոր լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կանխարգելելու նպատակով: Հենց այս համատեքստում ի հայտ եկավ սահմանի ողջ երկայնքով անվտանգության ապահովման մեխանիզմներ և հրադադարի խախումները ֆիքսող տեխնիկական միջոցներ տեղակայելու ամերիկյան նախաձեռնությունը, որ մինչև հիմա գտնվում է օրակարգում: Այսինքն՝ Բաքուն իր անհեռատես քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ստեղծեց մի իրավիճակ, երբ միջազգային հանրության, այդ թվում նաև Ռուսաստանի համար առաջնահերթությունը դարձավ ոչ թե ԼՂ հիմնահարցի կարգավորումը, այլ ցանկացած գնով առկա ստատուս-քվոյի պահպանումը՝ հրադադարի ռեժիմին վերադառնալու միջոցով:

Բաքուն հայտնվել է իսկապես անելանելի վիճակի մեջ: Մի կողմից՝ ռազմական գործողությունների մասշտաբների հետագա մեծացումը, իրավիճակի սրումը անկախ իր կամքից կարող է հանգեցնել այդ կանխարգելիչ միջոցների տեղակայմանը, որն այլևս իր պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն Բաքվին չի տա: Մյուս կողմից՝ հրադադարի ռեժիմին վերադառնալն այն դեպքում, երբ զուգահեռաբար մերժում է բանակցությունները, նշանակում է համակերպվել իրեն պարտադրվող՝ առկա ստատուս-քվոյի երկարաձգման կամ գուցե նաև հավերժացման փաստի հետ:

Մյուս կողմից՝ նաթվի համաշխարհային գների գահավիճումը երկրում ստեղծել է այնպիսի սոցիալ-տնտեսական վիճակ, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ սոցիալ-քաղաքական պայթյուն՝ ոչ միայն հանգեցնելով գործող տոտալիտար ռեժիմի կործանմանը, այլև Ադրբեջանի մասնատմանը: Նման պայմաններում ռազմական ակտիվ գործողությունների դիմելը, դիվանագիտական անհաջողությունները ռազմի դաշտում կոմպենսացնելու արկածախնդրությունը, նոր, անխուսափելի զոհեր տալը կարող են պարզապես դետոնատորի դեր կատարել: Սա ալիևյան ռեժիմին ստիպում է լինել ծայրահեղ զգուշավոր: Եվ գուցե հենց այս գործոններն են պատճառը, որ հունվար ամիսը, ի տարբերություն նախորդ տարվա, անցավ հարաբերական կայունության և հանդարտության պայմաններում: Այս ռեժիմը, հակառակորդի առանձին սադրիչ գործողությունները չհաշված, ընդհանուր առմամբ դեռևս պահպանվում է:

Եվ հիմա Ադրբեջանին կարծես թե մնում է երկու բան. վիրավոր գազանի նման սեփական որջում անելանելիությունից մռնչալ և, այս ձախողումների պատասխանատվությունն ամենաանհեթեթ պատճառաբանություններով ու հիմնավորումներով արտաքին աշխարհի և առաջին հերթին ՄԽ համանախագահների վրա բարդելով, փորձել արդարանալ սեփական հասարակության առջև:

Հայաստանին այս իրավիճակում շատ բան չի մնում անել: Որքան Ալիևը շատ նման հիստերիկ և անհավասարակշիռ վարքագիծ դրսևորի, որքան շարունակի համանախագահների հետ խոսել նախապայմանների լեզվով, այնքան ուժեղացնելու է հայկական կողմի դիրքերը և ավելի է ամրապնդելու ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման քաղաքական հիմքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter