Իրադարձությունների ընթացքը
05.05.2007 - ԱԱԾ-ն խուզարկել է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գրասենյակը եւ բնակարանը՝ առգրավելով բոլոր համակարգիչները, բնակարանում եղած մի շարք փաստաթղթեր, 55.400 ԱՄՆ դոլար: ԱԱԾ-ում Արզումանյանը հրաժարվել է բացատրություններ տալ:
ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի բնակարանը՝ առգրավելով համակարգիչը, փաստաթղթեր, 28.000 ԱՄՆ դոլար:
Խուզարկվել է գրող Արտյոմ Խաչատրյանի (գրական կեղծանունը՝ Գագիկ Սարգսյան, «Ձոն Պազոլինիի» գրքի հեղինակը) տունը, առգրավվել է նրա համակարգիչը:
07.05.2007 - ԱԱԾ-ն տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
«ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2007 թ. ապրիլի 24-26-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, այսպես կոչված «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համաձայնության են եկել 2005-ից ՀՀ դատախազության թիվ 62205103 քրեական գործով (ֆինանսական զեղծարարությունների համար) հետախուզման մեջ գտնվող, ՀՀ նախընտրական շրջանում որոշակի նպատակներ հետապնդող եւ դրանց իրագործման ակնկալիքներ ունեցող ՌԴ քաղաքացի Լեւոն Գրիգորի Մարկոսի հետ` իրենց միջոցով կազմակերպելու կասկածելի ծագում ունեցող գումարների ՀՀ տեղափոխումն ու օրինականացումը : Մասնավորապես ֆիքսվել է, որ ս.թ. ապրիլի 27-ին Երեւանի «Կոնվերս» բանկ դրածո 9 անձանց անվամբ, բայց փաստացի իրենց համար նախատեսված, Մոսկվայից մաս-մաս փոխանցվել է 180 հազար ԱՄՆ դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Գործը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը»։
Հոդված 190. Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)
1. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը, տվյալ նյութական արժեքները ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործելը, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել նշված նյութական արժեքների կամ դրանց առնչվող իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, գտնվելու վայրը, տեղաբաշխումը, շարժը կամ իրական պատկանելությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
ԱԱԾ-ում հարցաքննվել են «Քաղաքացիական անհնազանդության» խորհրդի անդամ Արարատ Ասրյանը, ակտիվիստ Արկադի Կարապետյանը (Ագո):
Կեսգիշերից քիչ առաջ բնակարան մտնելիս ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ալեքսանդր Արզումանյանը:
08.05.2007 - ԱԱԾ-ում որպես վկա բացատրություն է տվել Վահան Շիրխանյանը:
10.05.2007 - Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.՝ Վազգեն Լալայան) բավարարել է ԱԱԾ-ի՝ Ա. Արզումանյանին երկու ամսով կալանելու վերաբերյալ միջնորդությունը:
Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյան
Ծնվել է 1959 թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում:
Ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Մինչեւ 1990 թ. աշխատել է Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երեւանի ԳՀԻ-ում (ՔԿԱՀԵԳՀԻ)՝ որպես ինժեներ-ծրագրավորող:
1988-1990 թթ. եղել է ՀՀՇ-ի լրատվական կենտրոնի տնօրեն, հրատարակել է շարժման լրատվական բյուլետենները (հայերեն եւ ռուսերեն) եւ մոսկովյան «Էքսպրես խրոնիկա» շաբաթաթերթը:
1990-1991 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի օգնական:
1991 թ. ՀՀ ԳԽ նախագահության եւ Նախարարների խորհրդի որոշմամբ գործուղվել է ԱՄՆ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու համար:
1992-1993 թթ.՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
1992-1996 թթ.՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
1996-1998 թթ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարար:
1998 թ.-ից առ այսօր զբաղվում է քաղաքական-հասարակական գործունեությամբ:
2000-2002 թթ.՝ ՀՀՇ վարչության նախագահ:
2001 թ.-ից Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամ է:
2002 թ.-ից աշխատում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
2006 թ.-ից «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր անդամ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել