HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանցակազմ չկա՞

Ազգային ժողովի նախկին պատգամավոր (1999-2003 թթ.) Տարոն Սահակյանին Գլխավոր դատախազությունը մեղադրել է տարբեր հանցանքների մեջ եւ 2005 թ. քրեական գործ հարուցել: Տ. Սահակյանը եղել է «Էկոնոմինվեստբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահը: Բանկի գործունեության ընթացքում տեղ են գտել ապօրինություններ, ինչի կապակցությամբ եւս նախկին պատգամավորին առաջադրվել է մեղադրանք եւ կցվել արդեն իսկ հարուցված քրեական գործին: Սակայն, ի վերջո, նրա արարքներում դատախազությունը հանցակազմ չի տեսել:

«Էկոնոմինվեստբանկը» հիմնադրվել է 1998 թ.: Երեք տարի անց` 2001 թ. մարտին, Կենտրոնական բանկը (ԿԲ) զրկել է վերջինիս բանկային լիցենզիայից: 2002 թ. հունվարին «Էկոնոմինվեստբանկը» հայտնվել է ինքնալուծարային կարգավիճակում: Սա նշանակում է, որ բանկի ակտիվները գերազանցել են ունեցած պարտավորությունները: Ինքնալուծարային գործընթացի կառավարիչ է նշանակվել Բագրատ Ավանեսյանը, իսկ ԿԲ-ի կողմից վերահսկողությունն իրականացրել է Աշոտ Վահանյանը:

«Ինքնալուծարային գործընթացի հետ Տ. Սահակյանն իրավաբանորեն կապ չուներ: Բայց փաստացի բոլոր գործողությունները նա էր կատարում: Ավանդատուներն այդ մասին ցուցմունքներում նշել են: Կառավարիչն էլ է ցուցմունք տվել, որ ինքը ոչ մի ֆինանսական գործողություն չի արել, միայն հաշվետվություն է ներկայացրել»,- ասում է բանկի ավանդատու Սմբատ Մնացականյանը:

Տ. Սահակյանը հրաժարվեց թեմայի առնչությամբ մեզ հետ զրուցել` նշելով, որ իր համար միեւնույն է, թե ինչ կգրենք: Իսկ Ս. Մնացականյանը պատմում է, որ նա ավանդատուների հետ ունեցած բազմաթիվ անհատական հանդիպումների եւ ժողովների ժամանակ պնդել է, որ «Էկոնոմինվեստբանկի» ակտիվները մի քանի անգամ գերազանցում են ունեցած պարտավորությունները, եւ ավանդների վերադարձը միայն ժամանակի հարց է:

«2003 թ. ավանդատուների հետ հերթական ժողովի ժամանակ Տարոնն ասաց, որ բանկն օտարում է իր միակ խոշոր ակտիվը` Զաքյան 2բ հասցեում գտնվող մոտ 380 քմ մակերեսով տարածքը: Նա խնդրեց, որ մենք էլ գնորդ գտնենք` 1 քմ 1000 ԱՄՆ դոլարով»,- հիշում է Ս. Մնացականյանը եւ նշում, որ խորհրդի նախագահը շեշտել է նաեւ, որ վաճառքի գինը պետք է պակաս ձեւակերպվի` հարկերից խուսափելու համար:

«Ես ինքս մի քանի գնորդ եմ գտել: Բայց երբ նրանք լսում էին, որ պետք է վճարեն մի գին, ձեւակերպեն մի քանի անգամ պակաս գին, անմիջապես հետ էին կանգնում իրենց ցանկությունից»,- պատմում է Ս. Մնացականյանը:

Տ. Սահակյանը, այնուամենայնիվ, տարածքը վաճառել է: Մելանյա Սամսոնյանը եւ Լիլիթ Մուրադյանը գնել են 31 քմ տարածք: Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք իրենց տված ցուցմունքում նշել են. «Ընդհանուր հայտարարի ենք եկել, որ մենք բանկից գնելու ենք մոտ 30 քմ տարածք, որի դիմաց պետք է վճարենք 26000 ԱՄՆ դոլար` 1 քմ գինը 800 դոլարով: Դա տվյալ պահին համապատասխանում էր գործող շուկայական գներին: Տարոնն ասում էր, որ իրենց գումարը շտապ է պետք, եթե հիմա չգնենք, ապա հետո այլեւս այդ գնով չեն վաճառի: Տարոնը եւ Բագրատը մեզ առաջարկում էին, որ առքուվաճառքի պայմանագրում վաճառքի գինը պակաս ցույց տանք, սակայն մենք չհամաձայնվեցինք: Նրանք չէին պարզաբանում, թե ինչու են նման բան ցանկանում անել»:

Տարածքի գինը, այնուամենայնիվ, նվազեցվել է: Առքուվաճառքի պայմանագրում հայտնվել է նաեւ 3-րդ գնորդը` ոմն Կարեն Կարապետյան: Նա բանկից գնել է 30,9 քմ տարածք, ինչը միացվել է Մ. Սամսոնյանի եւ Լ. Մուրադյանի գնած 31 քմ-ին, եւ վաճառվելիք տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 61,9 քմ: Բայց գինը մնացել է անփոփոխ: Նշվել է միայն Լ. Մուրադյանի եւ Մ. Սամսոնյանի վճարած 26 000 դոլարը: Այսինքն` 1 քմ տարածքի գինը, ըստ այս պայմանագրի, մոտ երկու անգամ պակասել է:

«Կարեն Կարապետյանը Տարոնի բերած մարդն էր: Առքուվաճառքի պայմանագրում, որպես վաճառքի գին, նշվել է այն գումարը, որը ես եւ Լիլիթն ենք վճարել: Չգիտեմ էլ` Կարենի հետ գումարային հարցերն ինչպես են լուծվել»,- ցուցմունք տալիս հայտնել է Մ. Սամսոնյանը:

Ավանդատու Ս. Մնացականյանի խոսքերով` սա միայն խարդախության սկիզբն էր: Դրանից հետո Տ. Սահակյանը հրավիրել է «Տիգրիս» անշարժ գույքի գործակալությանը (ըստ Ս. Մնացականյանի` այս գործակալության տերը եւս Տ. Սահակյանն է), որն էլ, հիմք ընդունելով նաեւ վերոհիշյալ պայմանագրում նշված գինը, տարածքի 1 քմ-ը գնահատել է 400-450 ԱՄՆ դոլար: Այնուհետեւ բանկի մնացած` 318,2 քմ տարածքի համար որպես մեկնարկային գին է սահմանվել 143 հազար դոլար եւ ներկայացվել աճուրդի: Աճուրդի ընթացքում տարածքը վաճառվել է հատվածաբար, եւ յուրաքանչյուր մասն օտարվել է ավելի ցածր արժեքով: 1 քմ-ի գինը հասել է նույնիսկ մինչեւ 155 դոլարի:

«Այսպիսով, բանկի ամբողջ տարածքը` մոտ 380 քմ, օտարվեց 126 հազար դոլարով: Մինչդեռ դրա շուկայական գինն առնվազն 3 անգամ ավելի էր,- ասում է Ս. Մնացականյանը եւ շարունակում:-Դրանից հետո ավանդատուների մեծ մասն իրենց գումարները ստացան: Բանկն ինձ պարտք էր մոտ 10000 դոլար: Գիտեի, որ տոկոսներով գումարիս չափն անհամեմատ մեծացել էր: Բայց ես միայն մայր գումարս էի պահանջում: Անընդմեջ հանդիպումների ժամանակ Տարոն Սահակյանը պնդում էր, որ անպայման կվերադարձնի այն: Բայց 2005 թ. փետրվարին նա ասաց, որ բանկն ակտիվներ այլեւս չունի եւ դժվար էլ հայտնվեն, իսկ ավանդների հարցն անհնար է»:

Ս. Մնացականյանը «Էկոնոմինվեստբանկում» իր ներդրած ավանդի վերադարձի հարցով գրավոր դիմել է Կենտրոնական բանկի, Ազգային ժողովի եւ հանրապետության նախագահներին:

«ԿԲ-ի համապատասխան վարչության աշխատակիցները պարտավոր էին հետեւել նորմալ ինքնալուծարային գործընթացին: Անցել էր 4 տարի, բայց նրանց գրավոր պատասխանում նշված էր, որ դեռ անհրաժեշտ է սպասել»,- բողոքում է Ս. Մնացականյանը:

Նա ստիպված համբերել է: Լրացել են նաեւ ԿԲ-ի մատնանշած բոլոր ժամկետները: Ս. Մնացականյանը 4 ավանդատուների ստորագրությամբ հաստատված դիմում-բողոք է գրել, ուր մանրամասն նկարագրել է «բանկի ակտիվների հանցագործ եւ անօրինական օտարման մասին»:

«Ինձ սրիկա չզգալու համար որոշեցի վերջին անգամ հանդիպել Տարոն Սահակյանին: Ես նրան ցույց տվեցի դիմումը եւ ասացի, որ եթե գումարը չվերադարձնի, այն հանձնելու եմ գլխավոր դատախազություն: Քանի որ հենց նա էր յուրացրել բանկի ակտիվները եւ ավանդատուների գումարները»,- նշում է Ս. Մնացականյանը: Ըստ նրա` Տ. Սահակյանը սկզբում պատասխանել է, որ ոչ մի գումար էլ չի վերադարձնի: Սակայն, 2 օր անց զանգել է եւ խոստացել, որ ավանդը կվերադարձնի. «Աղերսում էր, որ չբողոքեմ, քանի որ փոքր երեխա ունի: Հետո ասաց, թե իբր ես ամեն ինչ իմացել եմ, որ բոլոր իրավապահ մարմիններն ընկել են իր հետեւից եւ ուզում են բնակարանն ու ունեցվածքը ձեռքից խլել»:

Ս. Մնացականյանը պատմում է, որ երբ հանդիպել է նախկին պատգամավորին, վերջինս գտնվել է տարօրինակ վիճակում: Ձեռքերն ու շրթունքները դողացել են, խոսել է ինչ-որ անհեթեթ բաների մասին. «Հետո իմացա, որ այդ ամենը գաղտնի նկարահանվում էր: Իսկ երբ ծրարով գումարը տվեց ինձ, հենց վերցրի, մի 10 հոգի` տեսախցիկներով ու զենքերով, մտան ներս ու ինձ ձերբակալեցին,- հիշում է Ս. Մնացականյանը:- Հետաքրքիրը 6-րդ վարչությունում գիշերվա խոսակցությունն էր: Ինձ «բիթի» էին գցում, որ ավանդիս մասին մոռանամ, թե չէ գլխիս գործ կբացվեր, քանի որ հանցագործություն եմ կատարել»:

Ս. Մնացականյանն առաջարկը չի ընդունել, եւ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով շորթման համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, անցկացնելով բազմակողմանի դատաքննություն, Ս. Մնացականյանին լիովին արդարացրել է: Ավելին` դատավճռում անդրադարձ է եղել նաեւ «Էկոնոմինվեստբանկի» գործունեությանը:

Դատաքննությամբ, գործի տվյալներով դատարանը հիմնավորված է համարել, որ «բանկի ինքնալուծարային գործընթացը փաստացի ղեկավարել է Տարոն Սահակյանը: Նա հանձնարարել է բանկում չաշխատող անձանց ստորագրել փաստաթղթեր, «Էկոնոմինվեստբանկի» անունից ինքը լիազորագիր է ստորագրել ու կնքել` չունենալով նման լիազորություն: Տնօրինել է բանկի հաշվապահական փաստաթղթերը` դրանք պահելով իր սեփական ավտոտնակում: Ապօրինաբար, ուղղակի վաճառքով իրացնելով բանկի անշարժ գույքի մի մասը, ակնհայտ կեղծ տեղեկություններ է ձեւակերպել առքուվաճառքի պայմանագրում այդ գույքի արժեքի վերաբերյալ... տարածքի մի հատվածը ձեւակերպել է որպես իր կողմից հիմնադրված «Էկոնոմինվեստմենթ» կազմակերպության սեփականություն, որը հետագայում վաճառել է եւ ստացած գումարը տնօրինել իր հայեցողությամբ»:

«Դատի ընթացքում միջնորդություն ներկայացրինք, որ տրամադրվի բանկի Զաքյան 2բ հասցեում գտնվող տարածքի կադաստրային գործը: Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից լրիվ պարզ դարձավ, թե կոնկրետ ինչը ոնց է արվել: Ես նույնիսկ մանրամասն կազմել եմ այդ տարածքի օտարման սխեման եւ հանձնել Գլխավոր դատախազություն»,- տեղեկացնում է Ս. Մնացականյանը:

Նշենք, որ մինչ այդ` 2005թ. հուլիսին, «Էկոնոմինվեստբանկը» ճանաչվել է սնանկ:

«Հետաքրքիրն այն է, որ սնանկության գործընթացի ղեկավար է նշանակվել ԿԲ-ի վերահսկողության բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Վահանյանը: Նույն անձը, ով չէր նկատել «Էկոնոմինվեստբանկի» ակտիվների անհետացումը»,- զարմանում է Ս. Մնացականյանը:

2005 թ. նոյեմբերին Տ. Սահակյանի նկատմամբ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Առաջադրված մեղադրանքները, սակայն, բանկի գործունեության հետ կապ չունեին: Սակայն, օրեր անց գործին կցվում են արդեն «Էկոնոմինվեստբանկին» առնչվող նյութեր, ինչպես նաեւ` Ս. Մնացականյանի դիմումը: Շուրջ 8 ամիս անց քննիչ Բագրատ Պետրոսյանը որոշում է կայացրել, ուր մասնավորապես նշված է.««Էկոնոմինվեստբանկ» ԲԲԸ ստուգումը հնարավոր չի եղել կատարել սկզբնական փաստաթղթերի բացակայության պատճառով: Փաստաթղթերի բացակայության եւ բավարար ապացույցներ չլինելու պատճառով քննությամբ հնարավոր չի եղել պարզել, թե 1998-2005 թթ. պարգեւատրումների անվան տակ, լիազորագրերի հիման վրա ում կողմից են ելքագրվել գումարներ, առանց գրավի վարկեր եւ չհիմնավորված բանկային երաշխիքներ տրամադրվել, հետ վերադարձված ավանդների գումարներն ավել, իսկ բանկին պատկանող գույքի վաճառքի գները պակաս ձեւակերպվել, ապրանքանյութական արժեքները շուկայական գներից թանկ ձեռք բերվել, հարկեր չեն վճարվել եւ կատարվել են այլ չարաշահումներ: Ուստի, այդ դրվագով անհրաժեշտ է գործի վարույթը կարճել` ապացույցների անբավարարության պատճառով:

Քրեական գործով կատարված քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաեւ, որ «Էկոնոմինվեստբանկ» ԲԲԸ շուրջ 318 քմ տարածքը վաճառվել է օրինական կարգով` աճուրդային եղանակով, եւ դրանով պետության եւ ավանդատուների շահերին վնաս չի պատճառվել: Բավարար ապացույցներ ձեռք չի բերվել բանկի լուծարային հանձնաժողովի, տարածքների վաճառքի աճուրդի կազմակերպչի կամ կատարողի, ինչպես նաեւ Տ. Սահակյանի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ: Ուստի, այդ դրվագով եւս անհրաժեշտ է գործի վարույթը կարճել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ» :

«Բանկի փաստաթղթերն առգրավվել են Տարոնի ավտոտնակից: Նա թաքցրել է դրանք ու զգալի մասը ոչնչացրել: Սա արդեն իսկ հանցագործություն է` համաձայն Քրեական օրենսգրքի 192 հոդվածի 1-ին մասի»,- ասում է Ս. Մնացականյանը եւ շեշտում, որ արդարության դեպքում առնվազն այս մասով Տ. Սահակյանը կենթարկվեր պատասխանատվության:

Ս. Մնացականյանը քրեական գործը կարճելու մասին քննիչ Բ.Պետրոսյանի որոշումը բողոքարկել է վերադասին: Արդյունքի չհասնելով` նա դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատավոր Գ. Հակոբյանը եւս բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ «բողոքի բավարարումը կհանգեցնի Տարոն Սահակյանի վիճակի վատթարացմանը...»:

«Դուրս է գալիս, որ դատախազության կամայական որոշումը բողոքարկելու իրավունք չունես: Որովհետեւ ինչ-որ մեկին, բնականաբար, վնաս կլինի»,- եզրակացնում է Ս. Մնացականյանը:

Նա դիմել է նաեւ Վերաքննիչ դատարան եւ հույս ունի, որ գոնե այս ատյանում արդարությունը կհաղթի:

Ի դեպ, «Էկոնոմինվեստբանկը» 4 ավանդատուների գումարները դեռեւս չի վերադարձրել: Տնտեսական դատարանի վճռով միայն Ս. Մնացականյանի գումարի չափը տույժ-տուգանքներով կազմում է 35 676 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter