HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի համայնքապետի թեկնածու. «Մտածեցի, որ 100 տոկոսով կպարտվեմ, չեմ կարա ես իրա հետ ոտք մեկնեմ»

Գայանե Սարգսյան

Փետրվարի 2-ին թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով ներկայանալով` ինքնաբացարկի դիմում է  ներկայացրել Թումանյան համայնքի համայնքապետի թեկնածու, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանը: Սա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ «Հետքին» տված հարցազրույցի ժամանակ թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է մինչև ընտրություն թեկնածությունդ հանես, պատասխանել էր, որ ներկա պահին թեկնածությունը հանելու մտադրություն չունի:

Հարցին՝ ո՞րն է թեկնածուի ինքնաբացարկի դիմում ներկայացնելու պատճառը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վահան Վանյանը հստակ պատասխան չուներ.

«Դա ինձ թվում է երևի նախօորք այդպես պայմանվորված էր, որովհետև մեկ թեկնածուով ընտրություն չի լինում…»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահը:

Փորձեցինք կապ հաստատել Էդգար Պետրոսյանի հետ, ով մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պատասխանեց ինքնաբացարկի հետ կապված հարցերին:

-Ինչո՞վ էր պայմանավորված ինքնաբացարկի դիմում ներկայացնելը:

-Պայմանավորված էր սենց էլի, ոնց որ ավելի շատ ես մտածեցի պարտության մասին, որովհետև իրա շրջապատն ավելի մեծ ա: Այսինքն՝ մտածեցի, որ հաստատ, 100 տոկոսով կպարտվեմ, չեմ կարա ես իրա հետ ոտք մեկնեմ:

 -Բայց առաջադրվելիս էլ գիտեիք, չէ՞, որ մյուս թեկնածուի շրջապատն ավելի մեծ է:

-Դե առաջ ուրիշ ձևի էի մտածում, պատկերացնում, հիմա ուրիշ ձևի: Դա իմ խնդիրն էր, իմ որոշումն էր:

-Իսկ ի սկզբանե ո՞րն էր առաջադրվելու նպատակը:

-Շատ նպատակներ, շատ հույսեր ունեի, բայց ներկա պահին որ էլ չկա, արդեն անիմաստ է….

-Խոսակցություններ էին շրջանառվում, որ Ձեր թեկնածությունն առաջադրել եք գործող քաղաքապետին՝ Լևոն Ձավարյանին աջակցելու համար:

-Միանշանակ նման բան չկա: Ես էլի եմ ասում. Ես առանձին մարդ եմ, ինքն առանձին մարդ ա, ես իմ տեղն ունեմ, ինքն իր տեղն ունի:

Երիտասարդ թեկնածուի ինքնաբացարկի արդյունքում Թումանյանի ներկայիս քաղաքապետ Լևոն Ձավարյանը կշարունակի նախընտրական հաղթարշավն առանց մրցակիցների: Համայնքապետի ընտրությունները Թումանյանում փետրվարի 14-ին են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter