
«Գործ տվող» իտալուհին Հայաստանում
Իտալուհի Էսթեր Վիոլանտեն Հայաստան է ժամանել մոտ 5 ամիս առաջ՝ Եվրոպական կամավորական ծրագրով: Մի օր, բացելով բնակարանի դուռը, տեսել է, որ իր դռան դիմաց կղանք է դրված: Հարևանները չեն հանդուրժում, քանի որ կարծում են, որ վերջինս «գործ տվող» է:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Էսթերը, լսելով վերևի հարկի հարևանների տանը տեղի ունեցող բռնության ձայները, զանգահարել է ոստիկանություն: Նա պատմում է, որ հարվածների, դխկոցների, տղամարդու գոռոցի և կնոջ բարձր լացի ձայն է լսել:
«Քանի որ այդ բղավոցի ու հարվածի ձայները շատ երկար տևեցին, ես անհանգստացա: Մտածեցի շատ վտանգավոր բան կարող է կատարվել: Սկզբում բարձրացա վերևի հարկ, մոտեցա իրենց դռանը, բայց չթակեցի: Ես լսում էի անընդհատ կնոջ լացի, տղամարդու գոռոցի ու հարվածի ձայները. այդ ամենն արդեն մեկ ժամ շարունակվում էր: Որոշեցի զանգել ոստիկանություն»,- պատմում է Էսթերը:
Ոստիկանությունում որևէ անգլերեն հասկացող աշխատակից չի գտնվել, նրան հայերենով ինչ-որ բան են ասել ու անջատել: Էսթերն այնուհետև զանգել է ընտանեկան բռնության արձագանքման թեժ գիծ, որտեղ նրան խոստացել են ոստիկանություն կանչել: Մոտ 10-15 րոպե անց ժամանել են 4 ոստիկան: Նրանք նախ այցելել են Էսթերի բնակարան, նրա հետ չեն կարողացել հաղորդակցվել՝ անգլերենին չտիրապետելու պատճառով: Այնուհետև ոստիկաններից երկուսը բարձրացել են վերևի հարևանի բնակարան: Քիչ անց նրանք հետ են վերադարձել՝ Էսթերին հասկացնելով, թե ոչինչ էլ չի եղել:
«Նրանք ինձ մի կերպ հասկացրին, թե ամուսնուն հարցրել են, նա պատասխանել է, որ կնոջը չի ծեծել: Ասացին ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր, հիմա իրավիճակը շտկված է: Ոստիկանները մի անգամ էլ գնացին նրանց տուն ու եկան, որից հետո հեռացան»,- պատմում է Էսթերը:
Ոստիկանների հեռանալուց 5 րոպե անց Էսթերի դուռը ծեծել է իրենց շենքում միակ անգլերեն խոսող հարևանուհին և սկսել ամոթանք տալ՝ ասելով, թե չէր կարելի ոստիկանություն զանգել, այն, ինչ կատարվում է ընտանիքի ներսում, այդ ընտանիքի խնդիրն է:
«Նա ասում էր, որ Հայաստանում նորմալ է, որ ամուսինը ծեծում է կնոջը: Ես ստիպված եղա բացատրել, որ եթե իրենց համար նորմալ է կնոջը ծեծելը, ինձ համար նորմալ չէ՝ անկախ իմ գտնվելու վայրից: Բռնություն ամեն տեղ կա, դա միայն Հայաստանի խնդիրը չէ, բայց իրավապահներին այդ մասին տեղյակ պահելը, օրինական ճանապարհը, փաստորեն, այստեղ ընդունված չէ»,- ասում է կամավորը:
Էսթերի հարևանները նրան անընդհատ անհանգստացնում են, զրպարտում շքամուտքում աղբ թափելու մեջ, այնինչ Էսթերը մի օր առավոտյան տեսել է իր դռան դիմաց դիտավորյալ դրված կղանքը: Շենգավիթ համայնքում գտնվող այս շենքի բնակիչներն աղջկան անընդհատ հիշեցնում են, որ պետք չէր ոստիկանություն զանգել, և ինքը միակն է այդ շենքում, որ իրեն այդ կերպ է պահել:
«Ես համոզված եմ, որ ոստիկաններից մեկն է տեղեկացրել ամուսնուն, որ զանգողը ես եմ: Դա է պատճառը, որ բոլորը գիտեին այդ մասին: Բայց իմ անձի մասին տվյալները պետք է գաղտնի մնային. Իտալիայում գոնե այդպես է: Ես շոկի էի ենթարկվել, երբ հասկացա, որ ոստիկանները կարող են հայտնել հաղորդում տվողի ինքնությունը, բայց թքած ունենալ իրական հանցագործության վրա»,- զարմանում է Էսթերը:
Հարևանուհիներից մեկն էլ Էսթերին ոստիկանություն զանգելու համար հանդիմանելիս ասել էր, որ վերևի հարկում ապրող ամուսիններից կինն այնքան համեստ և ամոթխած աղջիկ է, որ չէր համարձակվի ամուսնուն պատասխանել, իսկ եթե պատասխաներ, ամուսինը նրան կսպաներ:
«Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ փաստորեն իսկապես վտանգավոր ավարտ կարող էր ունենալ այդ ամենը: Իսկ եթե պատասխանե՞ր»,- ասում է Էսթերը:
Էսթեր Վիոլանտեին ոստիկանության Շենգավիթի բաժնից հրավիրել են հաղորդում տալու մասին արձանագրությունը լրացնել, վերջինս խնդրել է իրեն թարգմանչով ապահովել, սակայն ապարդյուն: Ոստիկանությունում անգլերենի իմացությամբ որևէ մեկը չի գտնվել: Վիոլանտեն ստիպված տեղացի ընկերոջ ուղեկցությամբ է այցելել ոստիկանության բաժին և լրացրել արձանագրությունը:
Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգն ու պահանջները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Իտալացի Էսթեր Վիոլանտեն կամավորություն է անում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ում: Նա աշխատում է Հայաստանում ազգային փոքրամասնություն հանդիսացող երիտասարդների հետ, փորձում օգնել նրանց ինտեգրմանը հայ հասարակություն:
Էսթերը կարծում է, որ իրեն պատահած դեպքը կամավորական ծառայության մաս է, քանի որ իր նպատակն է դրական փոփոխություններ մտցնել հասարակությունում՝ անկախ երկրից ու ազգային պատկանելությունից:
«Ինձ համար սա իրականում շատ մեծ խնդիր չէ: Ես այս դեպքը չեմ ուզում կապել հենց Հայաստանի հետ կամ բողոքել Հայաստանից: Աշխարհի բոլոր տեղերում փոփոխությունների կարիք կա: Ընդամենը մարդ է պետք, ով քաջություն կունենան այդ փոփոխությունն իրականացնել: Սա փոքրիկ միջադեպ է, որը պետք է բարձրաձայնվի, որ մաս դառնա մեծ դրական փոփոխությանը»,- եզրափակում է Էսթերը:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Այսօր խմբագրություն է զանգել Էսթեր Վիոլանտեն եւ խնդրել իր նախկինում ասած խոսքերում ճշտումներ կատարել։ Ստորեւ ներկայացնում ենք նրա գրած տեքստը. «Ես կուզեի մի քանի ուղղում մտցնել՝ ավելի արդար գտնվելու համար: Նախ երբ լսեցի մեր հարևանի բնակարանից եկող ձայները, զանգեցի ոչ թե մեր համայնքի ոստիկանություն, այլ արտակարգ իրավիճակների ծառայություն (911,-Հետք): Երբ զանգեցի այդ համարին, ինչպես դուք գրել եք, մենք չկարողացանք հասկանալ միմյանց՝ լեզվի պատճառով: Այնուհետև ես զանգեցի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», և նրանք իմ փոխարեն զանգեցին ոստիկանություն և բացատրեցին իրավիճակը: Երկրորդ, ուզում եմ նշել, որ երբ ոստիկանները եկան իմ տուն այդ գիշեր, նրանք անգլերեն չէին կարողանում խոսել, ինչպես գրված է, բայց քիչ հետո նրանք զանգեցին մեկ այլ անձի, ով խոսում էր անգլերեն: Այսպիսով՝ նա թարգմանում էր իմ և ոստիկանի միջև խոսակցությունը: Ավելի ուշ, երբ ես գնացի ոստիկանության բաժանմունք՝ իմ փաստաթղթերը տանելու, ես գնացել եմ այնտեղ միայնակ (ոչ թե ընկերոջս հետ), և այնտեղ ոստիկանները թարգմանիչ են գտել ինձ համար»,- գրել է Էսթերը: |
Մեկնաբանություններ (28)
Մեկնաբանել