HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ֆրանսիան բաժանում է նորաստեղծ ընտանիքին

Չնայած Ֆրանսիայի Հանրապետությունն օրինական է համարել Զեյնալյան Համլետի ու Ժուաննայի 2004թ. գրանցված ամուսնությունն իր երկրի տարածքում, սակայն 2007-ին վտարել է Համլետին երկրից` բաժանելով նորաստեղծ ընտանիքը:

2006 թ. նոյեմբերին Համլետին Ֆրանսիայի ոստիկանները պատահաբար բռնել են փողոցում եւ դատարանի որոշմամբ վտարել երկրից` կեցության իրավունք չունենալու հիմնավորմամբ: Նրան բացատրել են, որ Ֆրանսիան չի փակում ճանապարհն իր առջեւ, սակայն պարտադիր է համարում այդ ճանապարհի օրինական լինելը:

«Ես գիտակցում եմ, որ Ֆրանսիայի իշխանությունների պահանջն արդար է, եւ որ ես պետք է օրինական ճանապարհով միանամ ընտանիքիս, բայց կան մի շարք հանգամանքներ, որոնք բարդացնում են իմ խնդիրը: Օրինական ճանապարհը սպառնում է ինձ մի քանի տարով հեռու մնալ իմ ընտանիքից, իսկ աղջիկս արդեն 1.5 տարեկան է եւ մեծանում է առանց ինձ»,- պատմում է արդեն Հայաստանում գտնվող Համլետ Զեյնալյանը:

Ներկայումս ֆրանսիական դատարանը որոշում է, թե արդյոք Համլետը կարող է Ֆրանսիայում իր ընտանիքի հետ ապրելու իրավունք ստանալ: Սակայն, Համլետին շատ է մտահոգում այն հանգամանքը, որ դատարանում դատախազի կողմից հնչել է մի կարծիք, թե երեխան հայրական խնամքի կարիք ունի միայն առաջին 8 ամիսների ընթացքում: «Բայց չէ՞ որ հենց հիմա երեխաս իմ կարիքն ունի, ու ես ուզում եմ նրա կողքին լինել: Եվ միայն դատարանի որոշումից է կախված մեր ընտանիքի կարգավիճակը»,- ասում է Համլետը:

«Մի ճանապարհ էլ կա, բայց շատ երկար է: Որպեսզի կինս ինձ կանչի, նա պետք է ունենա մեկ տարվա աշխատանքային փորձ, համապատասխան բնակտարածություն, իսկ դա հիմա հնարավոր չէ ունենալ, որովհետեւ նա նոր է ուսումն ավարտել, բացի այդ, երեխան դեռ փոքր է եւ խնամքի կարիք ունի: Դրա համար մի քանի տարի կպահանջվի»,- բացատրում է Համլետը:

Համլետն արդեն 2 ամիս է Հայաստանում է ու կարոտում է կնոջն ու երեխային: Բացի կարոտից, կան նաեւ այլ խնդիրներ. Համլետի կինը չի աշխատում, իսկ ընտանիքի եւ երեխայի խնամքի հետ կապված հոգսերը միայն նա էր հոգում:

Ամուսինները ծանոթացել են Ինտերնետով 2003 թ. եւ հանդիպել են Ֆրանսիայում, քանի որ Ժուաննան իր ընտանիքի հետ արդեն 9 տարի ապրում էր Ֆրանսիայում: Համլետը Ֆրանսիա է մեկնել տուրիստական վիզայով, որը թույլ էր տալիս այդ երկրում մնալ միայն 20 օր, բայց նա խախտել է այդ պայմանը եւ մնացել Ֆրանսիայում` դիմելով կեցության իրավունք ստանալու համար: Սակայն իր` Ֆրանսիայում անօրինական գտնվելը դարձավ այս երկրում կեցության իրավունք տալու մերժման հիմքը:

«Եթե նույնիսկ մեկ անգամ մատների արանքով ես նայում իրենց օրենքներին, նրանք հետագայում հակված են մերժել գրեթե ամեն հարցում»,- նշում է Համլետը:

Համլետն ասում է, որ կարող է նաեւ ուրիշ երկրում ապրել, միայն թե ընտանիքի կողքին լինի, սակայն նրա կինը հաշմանդամ է եւ ուսում է ստացել Ֆրանսիայում ու այնտեղ կարող է աշխատանք գտնել:

«Ես գիտեմ, որ Հայաստանում նա չի կարողանա աշխատանք գտնել, մինչդեռ Ֆրանսիայում հաշմանդամությունը երբեք չի կարող խոչընդոտ լինել սովորելու կամ աշխատելու համար: Ինչ կրթություն էլ ունենա, նա այստեղ աշխատանքի խնդիրներ է ունենալու, իսկ այնտեղ նման բաներին ուշադրություն չեն դարձնում, մարդկանց թերությունները չեն կարող աշխատանքի տեղավորման համար խոչընդոտ լինել: Ես առաջարկել եմ գալ Հայաստան, բայց նաեւ հասկանում եմ, որ դա ավելի մեծ դժվարությունների հետ է կապված: Իմ ընտանիքն ապրում է Չարենցավանում: Այնտեղ նույնիսկ ես չեմ կարողանում աշխատանք գտնել»,- բացատրում է Համլետը:

Ֆրանսիայում կեցության իրավունք ստանալու իր դիմումը Համլետը հիմնավորել է Հայաստանում աշխատանք գտնելու դժվարությամբ: Նրան մերժել են մի քանի անգամ: Կինն արդեն ունի կեցության իրավունք, սակայն նրան մերժում են տալ քաղաքացիություն, քանի որ ամուսինն օտարական է:

«Ամուսնությունից հետո այնտեղ բնակվելու հարցն արդեն այլ կերպ էր նայվում: Վարչության աշխատակիցները, համոզվելու համար, որ մենք իրական ամուսիններ ենք, եւ մեր ամուսնությունը խաբկանք ու պատրվակ չէ Ֆրանսիայում ապրելու համար, հարցնում էին մեր հարեւաններին, երեխայիս բժշկին, ֆրանսերենի իմ դասախոսներին, թե արդյոք մենք միասին ենք: Բայց, կարծում եմ, որ արդեն համոզվել են եւ պետք է որ որեւէ կասկած չունենան մեր ամուսնության իրական լինելու վերաբերյալ»,- ասում է Համլետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter