Հրդեհ Նժդեհի հրապարակում. վնասվել են տաքսիները
Առավոտյան՝ ժամը 10:15 սահմաններում, Գարեգին Նժդեհի հրապարակում հանկարծակի բռնկվեցին 1 համար տրոլեյբուսի էլեկտրալարերը: Ուղևորներն անմիջապես դուրս բերվեցին տրոլեյբուսից: Հրդեհի վայր ժամանեցին ոստիկաններ, որոնք կանգառում կանգնածներին նույնպես հեռացրին տարածքից: Կրակը դեռ չէր հանգչել, իսկ վարորդը չգիտեր՝ ինչպես կանխել հրդեհը, որի բոցերը թափվում էին կանգառի տարածքում կանգնած մեքենաների վրա:
Կրակը հանգչելուց հետո տրոլեյբուսը շարունակեց ճանապարհը: Տարածքի բնակիչներն ասում են, որ տրոլեյբուսի լարերը այդ հատվածում հաճախ էին կայծեր արձակում:
Հրդեհից մարդկային առողջությանը վնաս չի պատչառվել, փոխարենը նյութական վնաս են կրել տարածքում կայանած երկու տաքսիները:
«Ոստիկանները մեզ ասեցին, որ պետք է դիմենք քաղաքապետարան, հետո դատարան, դատարանից էլ կա՛մ կմերժեն, կա՛մ՝ չէ, էդի արդեն խղճի հարց ա, - ասաց տաքսու վարորդ Արտաշը, հետո ավելացրեց,- հույս չունենք, թե էս երկրում մեր վնասը կհատուցեն»:
Ռոմանի տաքսին նույնպես վնասվել է, թափվող կրակի հետևանքով հալվել են կողային ու հետևի ապակիները: Ըստ նրա, եթե ամբողջը փոխվի, մոտ հարյուր հազար դրամ կկազմի: Իսկ ապահովագրական ծառայությունը հրաժարվել է վնասը հատուցել: «Զանգեցի իմ ԱՊՊԱ, ասեցին, որ քո մեղքով չի եղել, մենք չենք փոխհատուցում»,- ասաց Ռոմանը:
Օրենքը նման դեպքերը սահմանում է հետևյալ կերպ. «Տուժողի փաստացի կրած այն վնասները, որոնք հատուցման ենթակա չեն ԱՊՊԱ պայմանագրով (Բյուրոյի կողմից), հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով (ՀՀ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենք, հոդված 8 կետ 6)»:
Տաքսու վարորդներն ասում են, որ նման դեպք էլի է եղել, ու սա խնդրահարույց հարց է, որովհետև տրոլեյբուսները ապահովագրված չեն, ու փոխհատուցում ստանալու համար դատական պրոցեսների միջով է պետք անցնել: «Եթե դիմենք դատարան, մի երեք տարի կքաշքշեն, յա կտան, յա չեն տա», - ասաց տաքսու վարորդը:

Հարցը պարզելու համար քաղաքապետարանի հետ կապ հաստատելու փորձերն ապարդյուն եղան:
Ազատուհի Խաչատրյան
ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել