HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հրազդանի երկաթահանքի շահագործումը վտանգում է բնակչության առողջությունը

Աստված մի արասցե, որ մարդիկ «ղաչաղ» դառնալուց բացի այլընտրանք չունենան:

Հրազդան քաղաքի անմիջական հարևանությամբ կա երկաթի հանքավայր, որը բաց եղանակով շահագործելու իրավունքը «Նագին» ընկերությունն ամբողջությամբ կամ մասամբ վաճառել է չինական Fortune Oil ընկերությանը, վերջինս էլ արդեն սկսել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները: Իրենց սահմանադրական և գոյապահպանման իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիների նախաձեռնող խումբը բողոքի տարբեր միջոցառումներով, պայքարի տարբեր միջոցներով հանդես է գալիս անգամ մեր ազգային անվտանգությանը սպառնացող հանքավայրի շահագործման դեմ:

- Հանքի շահագործումն աղետալի հետևանքներ է ունենալու Հրազդան քաղաքի ոչ միայն էկոլոգիական, այլև ժողովրդագրական վիճակի վրա,- ասաց նախաձեռնող խմբի անդամ, «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը:- Շահագործումն իր հետ բերելու է ոչ միայն մթնոլորտի, հողի աղտոտում, այլև ջրի աղտոտում, իսկ այդ ջուրը խմում են մինչև Երևան քաղաքն ընկած բոլոր բնակավայրերի բնակիչները, շուրջ 300 հազար մարդ է օգտագործում այդ ջուրը: Ես այսօր մեր ժողովրդին ուղղակի կոչ եմ անում համախմբվելու, հավաքվելու, միասնական դառնալու՝ հանքի շահագործման դեմն առնելու համար: Պայքարի տարբեր եղանակներ կան, սա ձևերից ընդամենը մեկն է, մենք մտադիր ենք պայքարի շատ ավելի լուրջ մեթոդներ ու միջոցներ կիրառել: Մենք կորցնելու ենք մեր առողջությունը:

Ըստ Կ.Առաքելյանի՝ Հրազդան քաղաքի բնակչությունը չպետք է թույլ տա հանքավայրի շահագործումը՝ անգամ կանգնելով մեքենաների, բուլդոզերների առաջ, ինչի նախադեպերը շատ են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Բլրի գագաթից հանքի շահագործման նպատակով փորվելու է մի հսկայական փոս, խոռոչ, որի չափերը լինելու են մոտ 100 x 500 մ վրա՝ 270 մ խորությամբ,- ասաց «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ի նախագահ Մովսես Մանուկյանը:- Բլրի ստորոտին գտնվող խմելու ջրի աղբյուրները, որտեղից այսօր խմելու ջուր են ստանում Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան քաղաքները և Երևանի մի մասը, գտնվում են բլրի ստորոտից ընդամենը 4-5 մ խորության վրա, այսինքն՝ այդ խոռոչը խմելու ջրի աղբյուրներից գտնվելու է 70-80 մ ավելի խորը: Պատկերացրեք, թե ինչ է կատարվելու՝ խմելու ջրի աղբյուրներն այդ խոռոչից հեռու են ընդամենը 100 մ: Այդ քաղաքներ գնացող խմելու ջուրը կամ վերանալու է, կամ թունավորվելու է:

Անդրադառնանք ոռոգման ջրի խնդիրներին. բոլորս գիտենք, որ Հրազդան գետի ոռոգման համակարգով ոռոգվում է Արարատյան դաշտավայրի մեծ մասը: Հրազդան գետը հոսում է այս բլրի ստորոտով, և Ծովինար լիճն այդ համակարգի կարևոր բաշխիչ լճերից է: Հաստատված է 76 հա տարածք մոտակայքում, 4 կմ հեռավորության վրա, որտեղ լցվելու են հանքի մնացորդային ապարները, որոնք արդեն մշակված ու մանրացված են լինելու, և որոնց մեջ բացի երկաթից, որը կորզվելու է, առկա են լինելու այլ մետաղական միացություններ՝ ցինկ, արսենիում և այլ թունավոր մետաղական միացություններ, որոնք մանրացված վիճակում այդ 76 հեկտարի վրա տեղակայվելու են փոքր ձորակում: Պատկերացրեք, թե ինչ է լինելու ձնաջրերից, անձրևաջրերից հետո: Այդ մանրացված մետաղական բոլոր միացությունները ներծծվելու են ջրերի մեջ, միանշանակորեն խախտվելու է ոռոգման համակարգը, և Արարատյան դաշտավայրը ստանալու է ծանր մետաղներով հագեցած ոռոգման ջուր»:

Մ. Մանուկյանի հավաստմամբ՝ լուրջ վտանգի տակ է նաև Հրազդանի օդային ավազանը, որն առանց այն էլ, պաշտոնական տվյալների համաձայն, թույլատրելիից մի քանի անգամ ավելի աղտոտված է: Հանքի արդյունահանման, բեռնելու-բեռնաթափելու, այդ հանքանյութն աղալու ժամանակ մթնոլորտ են արտանետվելու փոշիներ՝ դարձյալ ծանր մետաղներով հագեցած, և մթնոլորտի աղտոտվածությունը Հրազդանում բարձրանալու է ևս մի քանի անգամ, բայց արդեն ավելի վտանգավոր միացություններով, որոնք մարդկանց, հատկապես երեխաների մոտ առաջացնելու են օնկոլոգիական լուրջ խնդիրներ, ինչն առկա է Ալավերդի քաղաքում:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հավաստմամբ՝ քաղաքային կոյուղին, կենցաղային կեղտաջրերը, ի վերջո, մտնում է ոռոգման համակարգ, կոյուղաջրերը հատուկ մաքրվում են, առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում ու գնում դառնում են ոռոգման ջուր: Մինչդեռ տվյալ հանքարդյունաբերության թափոնաջրերի մեջ կան ծանր մետաղներ, թունավոր նյութեր, որոնք քաղաքային կոյուղու մաքրման կայանի կողմից չեն կարող մաքրվել:

- Այնպես որ, բնապահպանության նախարարության տված եզրակացությունը հակագիտական է, էլ չեմ ասում, որ մոլորեցնող է,- հայտարարեց Հ. Սանասարյանը, ապա հավելեց, որ ժողովրդի ու պետության ունեցվածքը հանձնվում է առանձին ընտանիքների:

Այդ ընտանիքի կամ ընտանիքներից մեկի անունը բարձրաձայնեց Հրազդանի առաջին քաղաքապետ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Ըստ նրա՝ երկաթահանքի շահագործման դեպքում տարածաշրջանի բնակչությունը հարկադրված կլինի արտագաղթել, ապագա սերունդը, երբ հիվանդանա ու նույնիսկ հաշմանդամ դառնա, կարո՞ղ է ընդհանրապես բնակվել այդտեղ, թե՞ ոչ:

Ս. Միքայելյանը նշեց, որ հանքավայրի շահագործման իրավունքը փաստացի ձեռքբերողը, հանքավայրին, ըստ էության, տիրացածն ու հետագայում շահագործման իրավունքը չինացիներին վաճառածը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն է: Ասաց նաև, որ եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն և հանքավայրն, ի վերջո, շահագործվի՝ վտանգելով բնակչության առողջությունն ու շրջակա միջավայրը, ապա ինքը հարկադրված կլինի «ղաչաղ» դառնալ:

Ս. թ. նոյեմբերի 9-ի բողոքի միջոցառումը շարունակվեց դեպի Հրազդանի դիմաց գտնվող բլուր (հանքավայրի տարածք) երթով, որտեղ իրավացիորեն զայրացած բնակչությունը հերթական անգամ պահանջեց վերջ տալ հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներին: Ներկաներից մի քանիսը պնդում էին, որ տվյալ տարածքն իրենց սեփականաշնորհված թե վարձակալության տրված հողն է, և որևէ մեկն առանց իրենց թույլտվության իրավունք չունի մտնել այնտեղ և աշխատանքներ կատարել:

Տեղում հետախուզական նպատակով հորատման աշխատանքներ կատարող «Վահան» ՍՊԸ-ի աշխատակցից, որը ներկայացավ որպես հորատման տեղամասի ղեկավար, Մյասնիկ Մանուկյան անուն-ազգանվամբ (նա տեղամասում գտնվող ընկերության աշխատակիցներից ամենաբարձր պաշտոն ունեցողն էր, քանի որ ընկերության ղեկավարները, դատելով ամենից, խուսափեցին բողոքի միջոցառման մասնակիցների հետ հանդիպելուց), բնակիչները և նախաձեռնող խմբի անդամներն այս աշնան ընթացքում արդեն երկրորդ անգամ պահանջեցին համապատասխան փաստաթղթեր:

Սակայն ոչ նա, ոչ էլ ընկերության երկրաբանահետախուզական արշավախմբի ներկա անդամներից մեկ ուրիշը որևէ փաստաթուղթ չուներ: Բողոքողներից առավել զայրացած մեկ-երկուսը շուռ տվեցին հանքաքարի հանույթի նմուշներ պարունակող արկղերը և սպառնացին, որ եթե հաջորդ անգամ էլ փաստաթղթեր չներկայացվեն, հերթը կարող է հասնել հորատող տեխնիկան շարքից հանելուն: Հրազդանի երկաթահանքի շահագործման անթույլատրելի լինելու խնդրին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter