HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Նոտար դառնալու համար ստաժավորումն արդեն պարտադիր չէ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2011 թ. համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թ. նոյեմբերի 17-ը` մինչև ժամը 17:00-ը, իսկ նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2011 թ. նոյեմբերի 28-ին:

Նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքների հետ կապված նորություններն ավելի մանրամասն ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը.

- Պարոն Օրբելյան, նախորդ տարիների համեմատ նոտարների համար անցկացվող քննությունների կարգը որոշակիորեն փոխվել է: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարիների համեմատ, ինչպե՞ս դրանք կանդրադառնան նոտարի հնարավոր թեկնածուների վրա:

-Այս տարվա սկզբին, հաշվի առնելով նոտարական համակարգում առկա խնդիրները, նախարարությունը որոշակի փոփոխություններ ու լրացումներ էր առաջարկել «Նոտարիատի մասին» օրենքում, որոնք էլ ընդունվել էին Ազգային ժողովի կողմից: Առաջին ու հիմնական փոփոխությունն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ նոտար դառնալու համար նոտարական ստաժավորում անցնելն արդեն պարտադիր չէ: Մյուս փոփոխությունը կապված է ստաժավորման ժամկետների հետ. տեղի է ունեցել նշված ժամկետների ընդհանուր կրճատում, և հիմա թեկնածուները պետք է անցած լինեն վեց կամ երեք ամսվա ստաժավորում նախկին մեկ տարվա փոխարեն:

Նաև հստակեցվել են թեկնածուների կրթությանը վերաբերող դրույթները: Նախկինում որպես պահանջ նշված է եղել միայն բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանի մի շարք բուհերում հնարավոր է ստանալ իրավաբանի մագիստրոսի աստիճան՝ չունենալով իրավաբանի բակալավրի կրթություն, և արդյունքում օրենքը հնարավորություն էր տալիս քննություններին մասնակցել իրավաբանական բազային կրթություն չանցած անձանց, փոփոխություններից հետո անհրաժեշտ է իրավաբանության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման (դիպլոմի) առկայությունը:

Այսպիսով, գործող օրենքի համաձայն՝ նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում (անկախ աշխատանքային փորձի առկայությունից), կամ ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, ինչպես նաև երբ անձը չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

Այսպիսով նշված փոփոխություններն ընդհանուր առմամբ ընդլայնում են հնարավոր թեկնածուների շրջանակը, և նոտարների որակավորման քննություներին մասնակցելու իրավունքը կախման մեջ չի թողնում գործող որևէ նոտարի համաձայնությունից՝ անձին թողնել իր մոտ ստաժավորման:

-Իսկ ո՞րն է այս փոփոխությունների բուն նպատակը, ի՞նչ խնդիրներ պետք է լուծեն նշված փոփոխությունները:

- Փոփոխությունների հիմնական նպատակը քննությունների ընթացքն ավելի թափանցիկ ու ավելի պարզ դարձնելն է: Նախկին կարգի համաձայն՝ նոտարները, փաստորեն, կարողանում էին իրենք որոշել, թե ով հնարավորություն ունի դառնալ նոտար, ով՝ ոչ: Եթե անձը նոտարի մոտ ստաժավորում չէր անցնում, ապա չէր կարող նաև մասնակցել քննությանը, թեև նոտարիատի մասին օրենքով նոտարը կարող է և ոչ թե պարտավոր է ստաժոր ունենալ: Այսինքն՝ դա նրա իրավունքն է, ոչ թե պարտավորությունը:

Մյուս խնդիրը. նոտարները կարող էին ստաժավորման չվերցնել բավարար քանակությամբ մարդկանց, և նոր նոտար նշանակելու հնարավորություն չէր լինում: Մյուս կողմից՝ նոտարները զգալիորեն զբաղված լինելով բուն նոտարական գործունեությամբ՝ միշտ չէ, որ կարող էին իրենք անցկացնել մրցույթներ, թեստավորում կամ որևէ այլ կերպ ընտրել լավագույն մասնագետներին իրենց մոտ ստաժավորում անցնելու համար: Այսպիսով, փոփոխությունների արդյունքում պահպանելով լատինական նոտարիատի սկզբունքները՝ հնարավորություն է ստեղծվում հեռանալ նոտարական փակ, կաստայական համակարգից, ինչպես նաև հնարավոր թեկնածուների շրջանակը ընդլայնելով՝ հնարավորություն է ստեղծվում նոտարական համակարգ բերել առավել բանիմաց և պատրաստված անձանց:

- Արդյոք ստաժավորման բացակայությունը չի՞ բերի նորանշանակ նոտարների և իրենց կողմից մատուցված ծառայությունների որակի իջեցման:

- Իրոք, արդյունավետ նոտարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ինչպես իրավունքի գերազանց իմացություն, այնպես էլ նոտարական գործունեության պրակտիկ հմտությունների առկայություն: Եվ ստաժավորման նպատակը հենց նշված հմտությունները սովորեցնել է: Նշված հնարավոր խնդիրը լուծելու համար օրենքը նախատեսել է, որ եթե անձը չի անցել ստաժավորում և հանձնել է քննությունը, ապա նոտարի պաշտոնում նշանակվելու համար նա պարտավոր է անցնել հատուկ ուսուցում, որը կազմակերպելու է արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ նոտարական պալատի հետ համատեղ: Փաստորեն, անձը ամեն դեպքում անցնելու է ստաժավորում կա՛մ մինչև քննությունը, կա՛մ քննությունն անցնելուց հետո:

- Նոտարների քննությունները ավելի թափանցիկ դարձնելու համար ի՞նչ այլ պայմաններ են նախատեսված, նախորդ տարիների համեմատությամբ այլ փոփոխություններ կա՞ն:

- Քննությունների անցկացման նոր կարգի համաձայն՝ ավելացել է թեստավորման փուլը: Նախկինում միայն խնդիրներ էին առաջադրվում լուծել: Ի դեպ, թեստերի ձեռնարկը չի հրապարակվելու, քանի որ Հայաստանի Հանրապետությանը պետք չեն նոտարներ, որոնք կարող են անգիր սովորել թեստի, ասենք, 2500 առաջադրանք և հանձնել քննությունը: Հասարակությանը պետք են նորտարներ, որոնք գիտեն և հասկանում են իրավունքը:

Որակավորման ստուգումն իրականացնելու է արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը բաղկացած է 4 նոտարից և նույնքան՝ արդարադատության նախարարության աշխատակիցներից: Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, գրավոր և դռնբաց: Ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել: Թեստերի ստուգման փուլն ավտոմատացվել է, և մարդկային գործոնի միջամտությունը հասցվել է զրոյի (փաստորեն, որևէ մարդու մասնակցություն հնարավոր է լինելու միայն բողոքարկման փուլում):

Թեստավորման փուլն անցած անձանց կթույլատրվի մասնակցել խնդիրների լուծման փուլին: Խնդիրների փուլի նպատակն է ստուգել դիմողների՝ նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքները: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ: Խնդիրները լուծելիս դիմողն իրավունք ունի օգտվելու գրքերից, տեղեկագրերից, այլ փաստաթղթերից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտվել միայն հեռահաղորդակցության միջոցներից: Դիմողները որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկել:

Տարբեր փուլերի բողոքարկման և բողոքների քննման կոնկրետ ժամկետները սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ: Որակավորման ստուգման ցանկացած փուլի արդյունքները կարող են բողոքարկվել նաև դատական կարգով՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում: Խնդիրների փուլին հաջորդում է հարցազրույցի փուլը, որն անցկացնելու է ՀՀ արդարադատության նախարարը:

Անկաշկանդ երկխոսության, հարց ու պատասխանի միջոցով ստուգվելու են անձի բարոյական, էթիկական հատկանիշները: Ի դեպ, մերժման դեպքում նախարարը պարտավոր է պատճառաբանել և հիմնավորել կայացրած որոշումը: Որակավորման քննությունների բոլոր փուլերն անցած և նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար որակավորման ստուգման դրական արդյունքներն ուժը պահպանում են 5 տարի ժամկետով:

-Իսկ անցողիկ շեմը որքա՞ն է:

Անցումային բալլերը բավականին բարձր են՝ 80 թեստի ճիշտ պատասխան 100-ից` հարցերի դեպքում: Խնդիրների դեպքում անցողիկ շեմը 85% է: Թեստավորման փուլի հետ կապված ևս մեկ առանձնահատկություն կա. այսուհետ հարցն ունենալու է որոշակի քանակով ճիշտ պատասխաններ, և անձը պետք է ընտրի բոլոր ճիշտ պատասխանները և ոչ թե դրանցից մեկը: Համապատասխանաբար ավել կամ պակաս պատասխան գրելու կամ որևէ այլ սխալ պատասխան նշելու դեպքում ամբողջ հարցի համար տրվում է 0 միավոր:

Մեկնաբանություններ (1)

Անանուն
Կապանի ՄԻԱԿ նոտարը: Տեր Աստված,այդ կինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter