Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վանաձորի վթարային շենքերին
Գոհար Մովսիսյան
1988թ.-ի երկրաշարժից հետո Վանաձորում քանդվել է ընդհանուր առմամբ 130 շենք, վթարայինի կարգավիճակ ստացել՝ 84-ը: «9 շենք փլվելէ է, 39 քանդվել-կիսաքանդվել, 66-ը երկրաշարժից հետո քանդել են ռուսները, 16-ը՝ մինչև 1995 թ.-ն են քանդել: Ընդհանուր 130 շենք քանդվել է: 84-ի ճակատագիրը պարզ չի»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանը:
Վանաձորի վթարային շենքերի սեյսմակայունությունը վերջին անգամ ստուգվել է 2004թ.-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ էլ տրվել է ցուցակ, համաձայն որի՝ 84 շենք Վանաձորում ունի վթարայնության երրորդ կարգ, քանդման ենթակա շենքեր չկան: Սակայն քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ ժամանակին քանդման ենթակա շենքերից մի քանիսի վթարայնության կարգը չորրորդից փոխվել է երրորդի: «Ռուսները հետազոտել են, գրել են, որ այսքան շենք կա քանդման ենթակա, պետք է քանդվի, սակայն հետազոտությունից հետո պարզվեց, որ քանդման ենթակա շենքերի մի զգալի մասը կարելի է նորոգել»,-հիշում է Ք. Թադևոսյանը:
Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանն էլ հիշում է, որ «1989-2002թթ. Վանաձորում վթարային 30 շենքեր ամրացվեցին, որոնք բնակարանով ապահովեցին 1132 ընտանիքի, մնաց 84-ը. դրանից հետո այդ ուղղությամբ այլևս գործ չի արվել»:
Վանաձորի 84 վթարային շենքերում կա 3280 բնակարան։ Այսօր, սակայն, այդ շենքերը բնակեցված են առավելագույնը 30 տոկոսով: Պատճառը շենքային պայմաններն են: «Այդ 84 շենքերի վիճակն օրեցօր ավելի է վատանում՝ կլիմայական պայմաններ, տանիքների վատ վիճակ, նկուղներում ջուր է հավաքվում, մարդիկ չեն կարողանում իրենց բնակարանը ճիշտ շահագործել, որովհետև շենքում ապրում է 30 տոկոս, չբնակեցված բնակարաններում, որտեղ պատուհանները բացակայում են, ջրերի կանգնակները սառչում են, և բնականորեն ջրերը թափվում են նկուղները, հիմքերը: Այն շենքերը, որոնք որ հնարավոր էր ամրացման ենթարկել, արդեն խարխլվել են: Բազմիցս ասվել է, որ շատ ռիսկային գործ է այդտեղ ապրելը, բայց այլ տեղ մնալու հնարավորություն չունենալու պատճառով մարդիկ ամեն օր իրենց կյանքը վտանգի ենթարկելով ապրում են այդտեղ»,-ասում է փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը:
![]() |
![]() |
| Քաջիկ Թադևոսյան | Նորիկ Սարդարյան |
Այդ 84 շենքերը վթարայնության 3 աստիճանի են բաժանված Ա, Բ, և Գ: Վերին սահմանը Ա-ն է, որն արդեն 4-րդ կարգն է, այսինքն՝ քանդման ենթակային մոտեցող սահման է. այդպիսի 20 շենք կա Վանաձորում, Բ կարգի՝ 34, և Գ կարգի՝ 30 շենք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շենքերի վթարայնության աստիճանը վերջին անգամ վերանայվել է 2004թ.-ին, բացառությամբ առանձին դեպքերի, ապա շատ հավանական է, որ տասը և ավելի տարի հետո այդ շենքերի վթարայնության աստիճանը փոխված լինի, բնականաբար՝ ոչ դեպի լավը:
«Դե դրական ուղղությամբ փոխված չէր լինի. ուսումնասիրությունները չեն կատարվել, որպեսզի ես դա ասեմ որպես մասնագիտական եզրակացություն, բայց աչքով նայելով էլ շենքեր կան, որոնք արդեն, իմ կարծիքով, միայն քանդել է պետք: Եթե դուք «Բազում» թաղամաս գնաք, կտեսնեք: Բավական ժամանակ է անցել, և, իմ կարծիքով, չարժի նորից վերանայել դրանց վթարայնության աստիճանը, պիտի հիմնավոր լինի այդ ամեն ինչը. եթե կա հույս, որ կտրամադրվեն միջոցներ, որպեսզի այդ շենքերն ամրացվեն, այդ ժամանակ միայն արժի փող ծախսել ու նորից վթարայնության աստիճան որոշել: Բացի դա, մարդկանց մոտ հույսեր են առաջանում, հետո հուսախաբ են լինում. եկան, նայեցին, ստուգեցին, և ի՞նչ եղավ, պիտի պատասխանենք, չէ՞, այդ հարցերին վերջիվերջո: Հակառակ դեպքում՝ ի՞նչ անենք այդ մարդկանց հետ, եթե ուսումնասիրեցինք ու պարզվեց, որ այդ շենքերն այն աստիճանի են, որ ապրել ընդհանրապես չի կարելի, նորից մտնելու ենք դատարան, նորից այդ մարդկանց այդտեղից հանենք. հանենք-ի՞նչ անենք, մեկը պիտի մի բան առաջարկի՞ վերջիվերջո»,-ասում է Վանաձորի փոխքաղաքապետը:
Վանաձորի քաղաքապետարանը խնդրի մասին վաղուց է բարձրաձայնում: 2006թ.-ից գրեթե ամեն տարի դիմում են կառավարություն: «Մենք 2006 թ.-ից այդ հարցը բարձրացնում ենք՝ և՛ ավագանու ուղերձ կա, և՛ քաղաքապետի գրությունները կան, ներկայացնում ենք կառավարություն, ոչ մի տարի ոչ մի բան չի արվում»,- ասում է Նորիկ Սարդարյանը:
Տարիներ առաջ, երբ որ կառավարության հետ համատեղ ուսումնասիրություն կատարվեց, պարզվեց, որ նվազագույնը 109 հազար դրամ կպահանջվի շենքի 1 քառ. մետրի ամրացման համար, այսինքն՝ մեկ շենքի ամրացման համար միջինը կպահանջվեր 300 միլիոն դրամ, մինչդեռ, հաշվի առնելով այսօրվա շուկայական գները, նշված աշխատանքի իրականացման համար կպահանջվի շատ ավելին: « «Բազումում» շենքեր կան, ասենք, ինը հարկանի շենքեր են՝ չորս շքամուտքով, կամ, ասենք, Ավետիսյան 57, 59 շենքերը. դրանք 1 միլարդ 200 միլիոն դրամի խնդիրներ առաջացնող շենքեր են, մի գյուղի չափ բնակչություն է ապրում այդ շենքերում: 100 բնակարան է, և եթե տակի մասի խանութներն ու գրադարաններն էլ մենք մեկսենյականոց բնակարանների ենք վերածում, որովհետև մեկսենյականոցի պահանջ այսօր շատ-շատ կա, ապա դառնում է 120 բնակարան»,-հայտնում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
![]() |
![]() |
| Լևոն Ասլանյան | Սամվել Դարբինյան |
«Եթե չեմ սխալվում, 2010թ.-ին թվագրված քաղաքաշինության նախարարի պատասխանով այդ ժամանակվա գներով 21 միլիարդ դրամ էր անհրաժեշտ այդ շենքերը ամրացնելու համար: Մեր տարեկան բյուջեն մոտավորապես 2 միլիարդ դրամ է, այսինքն՝ մեր քաղաքի տասը տարվա ամբողջ բյուջեն որ տրվի, այսքանով հանդերձ, խնդիրը չի լուծվի. իհարկե քննադատությունների սլաքը միշտ ուղղվում է դեպի քաղաքապետարան, բայց մենք հարց բարձրացնողն ենք և բարձրացրել ենք՝ ինչքան հնարավոր է, որտեղ որ հնարավոր է, որ այդ շենքերը ամրացնեն»,-տեղեկացնում է Նորիկ Սարդարյանը:
Այս տարի ևս Վանաձորի համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը դիմել են կառավարությանը՝ ներկայացնելով առավել հրատապ ամրացման ենթակա տասը շենքերի ցանկը: Շենքերիի ընտրության հարցում և՛ վթարայնության աստիճանն է հաշվի առնվել, և՛դրանցում ազատ բնակարնների առկայությունը, որոնք որ շենքերի ամրացումից հետո հնարավոր կլինի վերաբաշխել նաև այլ վթարայինների բնակիչներին:
Կառավարությունից ստացված պատասխանը, սակայն, հուսադրող չէ: Ասում են՝ համապատասխան միջոցներ առայժմ չկան: «Իմ կարծիքով 2016թ.-ի համար ոչինչ սպասել պետք չի,-եզրակացնում է Ն. Սարդարյանը, ապա հավելում,- իհարկե, նաև հասկանում եմ կառավարության դիրքորոշումը, դա հո կամակորություն չի, չկան այդ միջոցները, իսկապես չկան, շենքերը ամրացնելու համար չկան, բայց մարդկանց անվտանգությունը ապահովելու համար հարկավոր է քայլեր անել, ես էլի եմ առաջարկել, հիմա էլ եմ այդ կարծիքին մնում, որ եթե բնակարնների գնման վկայագրերի համար էլ գումար չկա, գոնե բնակարաններ վարձենք, որովհետև բավական ազատ բնականներ կան: Մեր 178 հազար բնակչություն ունեցող քաղաքում այսօր մնացել է դրա կեսը կամ կեսից էլ քիչ, ու ազատ բնակարններ կան, համապատասխան վարձատրության դեպքում կարող են բնակարաններ վարձել մարդկանց համար, տեղափոխել անվտանգ բնակարաններ»:
Լոռու մարզպետարանում այս հարցի լուծման համար այլ ճանապարհ են տեսնում, այնպես, ինչպես եղավ Վանաձորի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած 14 ընտանիքի դեպքում, այսինքն՝ կիրառել բնակարանների գնման վկայագրերի բաշխման մեթոդը:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի խոսքով՝ ԲԳՎ-ների միջոցով հարցն ավելի արագ կլուծվի, բացի այդ՝ այս տարբերակն ավելի մատչելի է: «Աղետի գոտում այսօր ավելի շատ դատարկ բնակարաններ կան՝ ուզում է դա ներքին միգրացիան լինի, ուզում է արտաքին միգարցիան: Եվ հետո՝ նոր շինարարությունն ավելի թանկ է, քան բնակարանի գնման վկայականը: Նաև պետությանը պետք է այս հարցում հասկանալ, չէ՞»,-ասում է մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Քաղաքապետարանում, թեև դեմ չեն այս եղանակով խնդրի լուծմանը, սակայն առավել կողմ են հարցը լուծել առաջին տարբերակով: «Եթե գումար լինի, ես հակված եմ ամրացմանը, որովհետև ձեռք բերված բնակարանները հիմա այն կարգի ամուր չեն, որը որ մարդու համար կարող է ապահով տուն հանդիսանալ, որովհետև այդ շենքերն արդեն 50-60 տարվա վաղեմություն ունեն.այլ երկրներում դրանք քանդում և փոխարենը նոր շենք են կառուցում: Հիմա այդ բնակարաներն էլ շատ բարվոք վիճակոււմ չեն, իհարկե, շատ ավելի էժան են, շատ ավելի քիչ ծախսով է հնարավոր դրանք ձեռք բերել, և ինչքան գիտեմ քաղաքաշինության նախարարության կարծիքն էլ է դա. եթե ազատ բնակարններ կան, ինչի նորը ամրացնենք…»,-պարզաբանում է Վանաձորի փոխքաղաքապետը:
«Ասում ենք ԲԳՎ-ներով այդ մարդկանց բնակարաններ տանք: Բայց նշված դեպքում այդ ավիրակը եթե քաղաքի մեջ մնաց, ի վերջո դրա քանդելն էլ մեծ գումարների խնդիր է: Եթե կարկասը կա և դրա ամրացման համար 50 տոկոս գումար է պետք ծախսել, ապա հաստատ իմացեք որ քանդման համար էլ 25 տոկոս գումար պտի գնա»,-համոզված է քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Ի վերջո՝ ինչ լուծում կստնանա Վանաձորի 84 վթարային շենքերի հարցը, դեռևս անորոշ է. մարզի ղեկավարը տարեվերջյան ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ հարցը բազմիցս բարձրացվել և քննարկվել է վարչապետի, քաղաքաշինության նախարարի մոտ: «Առայժմ որևէ լուրջ քայլ չենք կարող իրականացնել», ասել է մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել