Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները նոյեմբերի 14-ին նշում են Շաքարային դիաբետի համաշխարհային օրը:
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:
Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարհով (ոչ ակտիվ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում) հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը:
Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2010թ, Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 5%:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել, և ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Շաքարային դիաբետի դեմ պայքարի» ռազմավարական ծրագրին և «Ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականցման» ցանկին: Ծրագրի նպատակներն են բնակչության բոլոր խավերում հավասարապես կանխարգելել և/կամ հետաձգել շաքարային դիաբետի առաջացումը, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել հիվանդների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2012 թ.-ից:
Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:
Ըստ ԱՀԿ տվյաների՝ ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: ԱՀԿ 193 անդամ-երկրից ստացված տվյալների համաձայն՝ վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ վարակիչ հիվանդությունների և վերջիններից առաջացած մահացության պատճառների վրա:
Ըստ Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի՝ 2010-ից 2030 թթ. շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թ. Հայաստանի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել