
Մեղրիի տարածաշրջանում ցրտահարվել է արքայախնձորի բերքը
Ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով՝ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Վարդանիձոր համայնքներում ցրտահարվել է արքայախնձորի չիրացված ամբողջ բերքը: Լեհվազի համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանի խոսքով՝ իրենց գյուղում ցրտահարվել է մոտ 150 տոննա պտուղ:
«Արքայախնձորից ստացված եկամուտը գյուղի մարդկանց ապրուստի հիմնական միջոցն է: Նախորդ տարիներին մինչև դեկտեմբերի վերջը բերքի իրացումը շարունակվում էր, ստացված միջոցներն ուղղվում էին մարդկանց սոցիալական ապահովության խնդիրների լուծմանը: Այս տարի մարդիկ անգամ վառելափայտ և առաջին անհրաժեշտության սննդամթերք, ինչպես օրինակ, կարտոֆիլ գնելու հնարավորություն այլևս չունեն»,- ասում է գյուղապետը:
Ցածր ջերմաստիճանի պատճառով արքայախնձորի բերքի 50 տոկոսը ցրտահարվել է նաև Մեղրի քաղաքում, Ալվանքում, Կարճևանում: Տուժել են նաև Շվանիձորի, Ագարակ քաղաքի ֆերմերային տնտեսությունները: Նախնական տվյալներով՝ ընդհանուր հաշվով ցրտահարությունների պատճառով արքայախնձորի բերքի կորուստը կազմում է մի քանի հարյուր տոննա:
Ինչպես տեղեկացնում է Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գյուղատնտեսության խորհրդատու Գևորգ Մարգարյանը, վերջին օրերին Մեղրիում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -4 աստիճան, որը տարվա տվյալ ժամանակահատվածում Մեղրիում երբևէ չէր դիտարկվել:
«Այս տարի ֆերմերներն ավելի ուշ սկսեցին իրացնել ստացված բերքը, քանի որ գնորդները, ովքեր հիմնականում մայրաքաղաքից և նրան հարակից տարածաշրջաններից էին, կարծես թե չէին շտապում Մեղրի հասնել: Բարեբախտաբար, ցրտահարությունից չեն տուժել ծառերի ընձյուղները, սակայն մարդիկ հուսահատ վիճակում են», -ասում է Գ. Մարգարյանը:
Նա հավելում է, որ ըստ բժիշկների՝ վերջին օրերին մի քանի անգամ ավելացել է շտապօգնության կանչերը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել