
Սպասվում են թանկացումներ. տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցություններից մեկը
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավոր հետևանքների մասին «Հետքի» հետ զրուցել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը
Ինչպիսի՞ որակում կարելի է տալ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին, և արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել դրանից:
Տնտեսական ճգնաժամը ես համարում եմ երկրաշարժի պես մի երևույթ, որը ցնցեց աշխարհը: Երկրորդ ալիքը հետցնցում է, որն անխուսափելի է: Ես կարծում եմ, որ այն բուն ճգնաժամից անհրաժեշտ դասեր չքաղելու արդյունք է, այդ պատճառով էլ շարունակվում է:
Երկրոդ ալիք ասելով՝ տվյալ դեպքում մենք պետք է հասկանանք արտաքին պարտքի ճգնաժամ, որովհետև նախորդ փուլում զարգացած երկրներին չհաջողվեց ակումուլյացնել և արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսները, որպեսզի անցնեին առողջացման փուլ:
Ինչո՞ւ այդ զարգացած երկրները միջոցներ ձեռք չեն առնում:
Պետությունը զարգացած երկրներում չափից շատ է միջամտում տնտեսության գործերին` միաժամանակ համարելով, որ դա լիբերալ տնտեսություն է, և զարգացող երկրներին էլ հորդորում է ազատականացնել տնտեսությունը: Բայց զարգացած երկրները վերջին տարիներին հատկապես պետական հովանավորչության մասով բավական ակտիվ են եղել:
Հունաստանի արտաքին պետական պարտքն անցել է 100 տոկոս սահմանագիծը: Նման իրավիճակում են գտնվում Եվրամիության տարբեր երկրներ, այդ թվում Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան: Այնպես որ, եթե համաշխարհային տնտեսության ֆինանսական համակարգը չառողջանա, ապա այդ երկրների ցանկը կարող է ավելանալ:
Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ առանձին երկրներ փորձում են իրենց տնտեսությունների աշխուժացման ծրագրեր ձևավորել և իրականացնել: Սակայն դրանք մեկուսացված են համաշխարհային տնտեսությունից, և համատեղ միասնական ջանքեր չեն գործադրվում իրավիճակի համար ունիվերսալ լուծում գտնելու համար. սա է խնդիրը:
Ինչպե՞ս կարող է ճգնաժամի այս ալիքն ազդել Հայաստանի վրա:
Հայաստանը 3.7 անգամ շատ ներմուծման ուղղվածության երկիր է, քան արտահանման: Ուստի, ցանկացած տեղաշարժ, փոփոխություն կամ ցնցում համաշխարհային տնտեսությունում իր անդրադարձը կունենա հատկապես ներմուծվող ապրանքների գների մասով, որովհետև մենք ոչ թե գներ ձևավորող երկիր ենք, այլ գներ ընդունող: Ուստի այս իմաստով ազդեցություն կլինի:
Կարելի՞ է արդյոք մեղմել այդ ազդեցությունը:
Կարելի է: Կան ներքին ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ է ճիշտ օգտագործել, համախմբել և նպատակային օգտագործել: Նաև կարծում եմ, որ նոր սարքավորումներ և տեխնիկա ներկրելու դեպքում, քանի որ կառավարության որոշմամբ դրանք ազատվում են մաքսատուրքերից, հայ գործարարները հնարավորություն կունենան վերազինել արտադրությունը, դարձնել այն ավելի մրցունակ: Եվ սա վերաբերվում է տնտեսության բոլոր ճյուղերին: Սա շատ կարևոր հանգամանք է, և եթե մենք առիթը ճիշտ օգտագործենք, ապա կարծում եմ, որ արդյունքերն իրենց սպասել չեն տա:
Որտեղի՞ց ֆինանսական ռեսուրսներ ճգնաժամի պայմաններում`սարքավորումներ գնելու համար. դրանք շատ թանկ են:
Ֆինանսական ռեսուրսները քիչ չեն: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում առնվազն 9,5-11 մլրդ դոլարին համարժեք ժամանակավորապես ազատ դրամական ռեսուրսներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ, իրենց տեղը չգտնելով, կապիտալի արտահոսքի ձևով դուրս են գալիս Հայաստանից, և դրանք էլ այն միջոցներն են, որոնք կարելի է ներդնել այդ ուղղությամբ: Ինչպե՞ս են այդ դրամական ռեսուրսները դուրս գնում Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ, եթե չկան:
Ո՞րն է Հայաստանի տնտեսության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերը:
Իմ կարծիքով, այստեղ անհրաժեշտ են կազմակերպչական լուրջ աշխատանքեր: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է լուրջ վերազինի տնտեսությունն ու օգտագործի ներիքն ռեսուրսները: Միաժամանակ կարծում եմ, որ պետք է դիվերսիֆիկացվի համախառն ներքին արդյունքի կառուցվածքը, այսինքն՝ տեղական արտադրությունները պետք է զարգացում ստանան նաև պետության աջակցությամբ:
Եթե մենք տեղական արտադրությանը զարկ տանք ու զարգացնենք, ապա այդ դեպքում կկարողանանք փոխհատուցել վնասները, այլապես ազդեցությունը կարող է մեծ լինել: Որքանով մեծ կլինի ճգնաժամի ազդեցությունը` կախված է նրանից, թե որքանով արդյունավետ կաշխատի Հայաստանի կառավարությունը: Կան հնարավորություններ. ինչքանով դրանք կօգտագործվեն` ցույց կտա ապագան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել