«Օրենքը պետք ա մեզ համար լինի, ոչ թե մեր դեմ»
Գոհար Մովսիսյան
Բացօթյա առևտրով զբաղվող մոտ երեք տասնյակ վանաձորցիներ երեկ դիմեցին համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանին՝ ներկայացնելով իրենց դժգոհությունը՝ կապված 2004 թ. նոյեմբերի 24-ին ընդունված առևտրի և ծառայությունների մասին օրենքով բացօթյա առևտրին ներկայացվող պահանջների հետ: Համաձայն ասվածի՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչին համաձայն չեն առևտրականները:
«Պարո՛ն քաղաքապետ, մենք ուղղակի այդ օրենքի հետ համաձայն չենք և, որպես քաղաքապետ, Ձեզ ենք դիմում, որ մեր խնդրին լուծում տաք, որովհետև մենք ի վիճակի չենք այդ պահանջը կատարելու: Դրա համար մենք խնդրում ենք Ձեզ՝ մեր խնդրանքը տեղ հասցնել»,- ասաց Սևակ Օդաբաշյանը:
«Մենք ձեզ չենք արգելում, մենք ասում ենք՝ պետք է օրինականացվի ձեր աշխատանքը. եթե դուք կարծում եք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղ չկա, սխալվում եք, դա էլ է աշխատանք, դա էլ է աշխատեղ, և որպեսզի մեր կառավարությունը իմանա, թե իր քաղաքացիները ինչով են զբաղվում, դրա մասին ինքը հստակ տեղեկատվություն պետք է ստանա: Աստիճանաբար ամեն ինչ պետք է օրինական դաշտ մտնի, որ կառավարությունը, իշխանությունը, քաղաքապետարանը յուրաքանչյուր պահի իմանա, որ իր այսինչ քաղաքացին այսինչ տեղում աշխատում է, հիմա դա մասնավոր աշխատանք կլինի, պետական աշխատանք կլինի, թե սեփական գործունեություն, դա միևնույն է, պարզապես մենք ուզում ենք իմանալ, որ տվյալ քաղաքացին զբաղվում է թեկուզև վերավաճառքով»,- հավաքվածներին իրազեկեց Վանաձորի քաղաքապետը:
«Բայց այդ աշխատանքի համար ոչ մեկը մեզ չի վարձատրում. ոչ մեկը ոչ տեղ ա հատկացնում, ոչ մի հատ մաքրում ա, ոչ մի բանով չի զբաղվում, բայց մենք այսպես թե այնպես վճարում ենք»,- առարկեցին ցուցարարները:
Քաղաքացիների խոսքով՝ իրենք մի քանի օր է, ինչ տեղեկացվել են օրենքի մասին և համոզված են, որ այն իրենց շահերից չի բխում: Մինչ այժմ միայն իրենց զբաղեցրած մակերեսին համապատասխան հողի հարկ էին վճարում, այսուհետ ստիպված կլինեն այլ հարկատեսակներ էլ վճարել:
«Հասկանում ենք, որ փողոցային առևտուրը աչքի համար տհաճ ա, բայց մարդը ինչո՞վ ա մեղավոր, այլ աշխատատեղ կա՞, որ գնանք աշխատենք, ամբողջ օրը կանգնում ենք, թե մարդ պետք ա մոտիկանա, մի կիլո խնձոր առնի. սկի մեր օրվա հացի փողը զոռով ենք աշխատում, ինչ հարկային դաշտ,- դժգոհեց Վաչագան Համբարձումյանը, ապա հետաքրքրվեց,- իսկ էդ չեկերը, որի վրա բոլորիս անուն-ազգանունը գրվում ա, հիմք չի՞ էդ չեկերը, որ էս մարդիկ աշխատում են»:

Հարցին ի պատասխան Վանաձորի քաղաքապետարանի առևտրի, սպասարկման և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էռնեստ Գևորգյանը հավելեց. «Այս պահի դրությամբ հիմք է, բայց ձեր գործունեությունը շարունակելու համար ձեզ հարկավոր է անհատ ձեռներեցի վկայական հանել կամ իրավաբանական անձ դառնալ: Դա կառավարության պահանջն է»:
Վաչագան Համբարձումյանի խոսքով կառավարության պահանջը իրենց համար նույնն է, թե իրենց ընտանիքներին սովի մատնել: «Պտուղ-բանջարեղենի վաճառքը մի քիչ տարբերվում է ոչ փչացող ապրանքներից, մեր կարգավիճակը շատ ավելի է դժվարանում հարկային դաշտ մտնելով: Մենք չենք կարող հաշվիչով աշխատենք, մեզ համար դա նույնն է, թե թողնենք մեր ընտանիքները սոված մնան, այ դա է մեր պրոբլեմը, եթե կլինի հաստատագրված մի ձև՝ մինիմալ ամենափոքր չափով, որ մենք կարողանանք մուտք անենք, ու իմանանք, որ ամիսը այդքան մուտք ենք անելու, և մեր գործունեությունը շարունակենք, դա մեզ համար էլի նորմալ կլինի, բայց ԱՁ հանենք, հաշվիչ հանենք-չենք կարող, մեզ համար դա նշանակում է սովամահ լինել»,- ասում Է Վ. Համբարձումյանը:
Ֆուրման Ալավերդյանն էլ շարունակում է. «Ժողովուրդը աշխատանք չունի, ապրելակերպ չունի, գոնե այդ փողոցային առևտրով, միրգ ծախելով կամ մի քանի կապ կանաչի ծախելով կարողանում էինք մեր ընտանիքի գոյությունը պաշտպանել, հիմա եկել են թազա օրենքներ են հնարում, իբր թե կառավարության որոշում ա, մթամ թե կառավարություն գոյություն ունի, օրենք գոյություն ունի, հիմի էլ կառավարության որոշում ենք կատարու՞մ…պիտի կանգնեմ, թող միլիցիան գա, իմ բերած միրգը թող ոտնատակ ցրի: Էսքան, որ մարդիկ ստեղից փախչում են, զուտ դրա համար են փախչում, մի փոր հացի համար են փախչում: 100000-անոց Կիրովականը դառել ա 20000-անոց քաղաք. ամբողջ օրը կանգնում ենք, մի հատ մարդ չի անցնում, որ մի կիլո միրգ առնի, ի՞նչ են պահանջում: Իմ տարիքի մարդիկ սադերում նստած շաշկի են խաղում, ոչ թե իմ պես փողոցում կանգնում, սրա-նրա երեսին մտիկ անում: Առաջ թուրքերը որ բերում էին միրգ ծախում, ծիծաղում էինք վրները, իսկ հիմա նրանցից բեթար ենք դառել… ասենք մի յաշիկ խնձոր եմ ծախում, դրա համար մտնեմ հարկային դաշտ, սրան նրան հարկեր տամ, էլ ուր եմ գալիս ըտեղ կանգնեմ որ: Մթամ թե օրենք գոյություն ունի, հիմի էլ օրենքը պահելու ենք, իսկի կառավարությունը չի օրենքով աշխատում, մենք ե՞նք օրենքով աշխատելու, մի յաշիկ խնձոր ծախելու համար հարկայինին պտի անհանգստացնե՞նք»:
«Մենք սենց էլ օրինական ենք, մի օր կանգնում եմ, 2 օր չեմ կանգնում, 3 օր չեմ կանգնում, ստաբիլ չեմ աշխատում, ես ո՞նց մտնեմ օրինական դաշտ»,- դժգոհեց մեկ այլ առևտրական:
Քաղաքապետարանում հավաքված առևտրականները նշեցին, որ իրենց համար ավելի ձեռնտու կլինի հաստատագրված գումար մուծել, քան հարկային դաշտ մտնել: Սամվել Դարբինյանը լսեց բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը՝ մեկ անգամ ևս նշելով, որ այս հարցում քաղաքապետարանը որոշիչ դեր չի կարող ունենալ. «Եթե ՀՀ կառավարությունը պահանջ է դնում բացօթյա առևտրի կարգավորման, այդ ժամանակ տվյալ գործունեությունը կատարող մարմինը իրավունք չունի օրենսդրությամբ չաշխատելու: Եթե մենք ապրում ենք մի պետությունում, պիտի այդ պետության օրենսդրորեն սահմանված կարգը պահենք: Մինչև հիմա մեզնից այդքան պատասխանատու ձևով չեն պահանջել, բայց հիմա մենք չենք կարող օրենքին հակառակ աշխատել. Կա՛մ պիտի փողոցային առևտուրը փակենք, կա՛մ լրիվ օրենսդրական դաշտին համապատասխան գործենք»:
«Եթե օրենքը մարդկանց, սովորական խավին խանգարում ա, նա չի կարողանում իր ընտանիքը պահել, ինչպե՞ս հասկանանք այդս օրենքը: Օրենքը պետք ա մեզ համար լինի, ոչ թե մեր դեմ»,-դժգոհեցին հավաքվածները:
Ս. Դարբինյանը, սակայն, այստեղ դրական մի կողմ նկատեց. «Այսուհետ ոչ մեկը չի կարող ձեզնից անօրինական գումար գանձել, բայց մուտք չանել, հասկանու՞մ եք, սա օրինականացնելու մի ձև է, ընդամենը օրինական ձևով աշխատանքի կազմակերպում»:
Քաղաքապետը տեղում հանձնարարեց իրավաբանական բաժնի պետին՝ զբաղվել հիշյալ խնդրով: Իսկ արդյունքերի մասին ակցիայի մասնակիցները կտեղեկացվեն տասնօրյա ժամկետում: « Ես նորից եմ ասում՝ ես քաղաքապետ եմ, ես օրենքների կատարողն եմ՝ ոչ թե օրենք հրապարակողը, հասկանում ե՞ք: Ես իրավունք չունեմ ՀՀ օրենքները, օրենսդրական ակտերը, կառավարության որոշումները շրջանցելու»:
«Օրենքով բացօթյա առևտուր քաղաքացիներին չի թույլատրվում. թույլատրվում է միայն անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց: Մենք անում ենք ամեն հնարավորը, որ եթե կարգավորման այլ տարբերակ լինի, դա բերենք օրենքի դաշտ, բայց դրա սահմաններից դուրս գալ պարզապես չենք կարող: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսական տոնավաճառներ կազմակերպելուն, դա թույլատրվում է միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ աշխատանքային օրերին չաշխատելը ձեռնտու չի լինի ձեզ»,-նկատեց իրավաբանական բաժնի պետ Մարինե Գալստյանը:
Ակցիայի մասնակիցները հեռացան՝ տասնօրյա ժամկետում սպասելով ողջամիտ պատասխանի, բայց այն դիրքորոշմամբ, որ եթե խնդիրը հօգուտ իրենց չլուծվի՝ ձեռքերը ծալած չեն նստելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել