ՀՀ-ում դեռ ականապատված են մնում մոտ 60 բնակավայրի հարակից տարածքներ
Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ բնակավայրին հարակից տարածքում գարնանը մեկնարկած աշխատանքների արդյունքում ականազերծվել է շուրջ 21 հեկտար հողատարածք. հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ: Այս մասին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նոյեմբերի 11-ին վերոնշյալ տարածքում ՊՈԱԿ-ի սակրավորների ականազերծած տարածքները մարզային իշխանություններին հանձնելու արարողության ժամանակ:
Համապատասխան համակարգի միջոցով մեկ անգամ ևս ճշգրտվել է ականազերծված հատվածի սահմանների համապատասխանելիությունը քարտեզով սահմանագծված տարածքին:
Արարողությանը ներկա են եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը և ԱՄՆ-ի ռազմական կցորդ Ջասթին Բադը:
ՀՀ պաշտպանության նախարարության կայքի տեղեկացմամբ՝ հավաստագրի կնքման և հանձնման բուն արարողությունը տեղի է ունեցել Գորիսում, որտեղ պատվիրակության անդամներին ընդունել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
ՀՀ կառավարության ստեղծած և տվյալ աշխատանքների մոնիթորինգն իրականացնող քաղաքացիական կազմակերպությունը մարզպետին է հանձնել ականազերծումը փաստող և տարածքի սահմանագոտին ճշգրտող փաստաթղթերը:
Հրադադարի հաստատումից հետո դեռևս ականապատված են մնում ՀՀ շուրջ 60 բնակավայրի հարակից տարածքներ: Կասկածելի տարածքներն էլ 102-ն են՝ գրեթե 322 հազար մետր քառակուսի մակերեսով:
Նույն տվյալների համաձայն՝ հրադադարի հաստատումից մինչ օրս ականներից և չվնասազերծված զինամթերքից Հայաստանում տուժել է ավելի քան 400 մարդ, որից 112-ը՝ մահացու ելքով:
Ամենամյա ականազերծման նմանօրինակ աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, և ամենագլխավորը՝ նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել