Գեղարքունիքի մարզում կգործեն ինժեներական խմբակ-լաբորատորիաներ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Վորլդ Վիժն» Հայաստանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի 4 դպրոցում այսուհետև կգործեն ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Լաբորատորիաները գտնվում են Մեծ Մասրիկ, Լուսակունք, Մարտունի համայնքների միջնակարգ և Գավառի թիվ 8 դպրոցներում:
Լաբորատորիաներում, ըստ ԻՏՁՄ-ի հաղորդագրության, ներառված են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր, որոնց օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:
Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է. «Ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրումը ԻՏՁՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք պլանավորում ենք մինչև 2019թ. դառնալ աշխարհի առաջին պետությունը, որն ինժեներական լաբորատորիաներ կունենա բոլոր դպրոցներում: Սա կարող է լինել մեր know-how-ն, որով, իմ կարծիքով, կարող ենք արժանիորեն ներկայանալ 2019թ. Հայաստանում կայանալիք ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսին (WCIT)»:
Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը ծրագրի նախաձեռնողներից բացի ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Դպրոցներում ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրման ծրագիրը, ըստ ԻՏՁՄ-ի նպատակ ունի Հայաստանում զարգացնել տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ՝ ընդլայնել ու տեխնոլոգիական ոլորտը: ԻՏՁՄ-ն մի շարք ընկերությունների աջակցությամբ Հայաստանում և Արցախում արդեն հիմնել են ռոբոտաշինության ավելի քան 60 խմբակ և 20-ից ավելի ինժեներական խմբակ-լաբորատորիաներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել