
Տաթեւ եւ Թումանյան համայնքներում միավորված բնակավայրերը միասնաբար տեղական իշխանություն կընտրեն
Շինուհայրում պայքարում են իշխանությունը վերցնելու համար
Սյունիքի մարզի ամենամեծ գյուղը՝ Շինուհայրը, 2015 թ· մայիսի 17-ի հանրաքվեի արդյունքներով միավորվել է շրջակա 7 գյուղերի հետ՝ Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի: Երկու օրից, փետրվարի 14-ին, Տաթեւ համայնքում միավորված 8 գյուղերը պետք է ընտրեն միասնական տեղական իշխանություն՝ համայնքի ղեկավար եւ ավագանի:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել ենք, որ Շինուհայրում լրջորեն են նախապատրաստվել փետրվարի 14-ի ՏԻՄ ընտրություններին: Բանն այն է, որ հանրաքվեի արդյունքներով ձեւավորված Տաթեւ համայնքի կենտրոնը լինելու է Շինուհայր գյուղը, սակայն համայնքի ղեկավարի պաշտոնում իշխանությունները տեսնում են Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին: Նրա հետ միասին Տաթեւ համայնքի ղեկավարի թեկնածուներ են առաջադրվել եւս երկու շինուհայրցի, որոնցից Մ· Սիմոնյանին իրական մրցակից է համարվում Վարշամ Բագրատյանը:
Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, իշխանությունները համայնքների խոշորացման ծրագիրը չձախողելու համար, միավորված համայնքների ղեկավարներին խոստացել են վարչական ղեկավարներ նշանակել իրենց գյուղերում: Շինուհայրցիները, դատելով համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների թեկնածուների քանակից, չեն համակերպվում այդ մտքի հետ: Նրանք որոշել են լրջորեն պայքարել ոչ միայն համայնքի ղեկավարի պաշտոնի, այլեւ ավագանու կազմում հնարավորինս շատ տեղեր ունենալու համար: Երկրորդը պակաս կարեւոր չէ, քանի որ համայնքի ղեկավարն, առանց ավագանու ձայների մեծամասնությունն ունենալու, չի կարող որոշումներ պարտադրել համայնքին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) Տաթեւ համայնքի ավագանու 14 թեկնածու է գրանցվել, որից 7-ը Շինուհայր գյուղի բնակիչներ են (Շինուհայր համայնքի ավագանին նախկինում էլ 7 անդամ է ունեցել): Առաջադրված մյուս 7 թեկնածուները Տաթեւ համայնքում միավորված 5 գյուղերից են` Տաթեւ-1, Սվարանց-1, Հալիձոր-1, Խոտ-2, Հարժիս-2: Ավագանու անդամների թվակազմից դատելով, այս համայնքում միավորված մյուս գյուղերը, բացառությամբ Շինուհայրից, փոխհամաձայնության են եկել նաեւ ավագանու կազմում համամասնությունն ապահովելու նպատակով: Ավելին, նշված գյուղերից բնակչության թվաքանակով երկրորդը Տաթեւն է, սակայն այս գյուղից ավագանու մեկ թեկնածու է առաջադրվել:
Քանի որ ավագանու անդամների թիվը որոշվում է ընտրողների քանակով եւ 8 համայնքները միասին հազիվ 4000 ընտրող ունենան՝ Տաթեւ համայնքի ավագանին, լավագույն դեպքում, 9 անդամից կազմված կլինի: Շինուհայրցիները ավագանու կազմում կարող են մեծամասնություն ներկայացնել եւ դառնալ իրական հակակշիռ համայնքի ղեկավարին:
Տաթեւ համայնքում միավորված 8 գյուղերից երկուսը՝ Տանձատափը եւ Քաշունին, ավագանու թեկնածուներ չեն առաջադրել, որովհետեւ ընտրողների փոքրաթիվ լինելու պատճառով չեն կարող ավագանի ընտրել: Նույն պատճառով նրանք չեն ունենա նաեւ վարչական ղեկավար՝ Տանձատափը պաշտոնապես 99 բնակիչ ունի, իսկ հանրապետությունում բնակչության թվով ամենափոքր համայնքում՝ Քաշունիում, հաշվառված է 27 բնակիչ: Մինչդեռ, ՏԻՄ օրենքում Ազգային ժողովի 24.11.2015 թ·-ին կատարած փոփոխությունների համաձայն՝«այն բնակավայրերում, որտեղ 100-ից պակաս հաշվառված բնակիչ կա՝ վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է համայնքի աշխատակազմը»:
Թումանյան համայնքում ընտրությունների խաղաղ ընթացք է կանխատեսվում
Խոշորացվող երեք համայնքներից Թումանյան համայնքում ընտրությունների անհամեմատ հանգիստ ընթացք է կանխատեսվում: Նախ՝ Թումանյան քաղաքի շուրջ համախմբված 6 գյուղական բնակավայրերը՝ Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան, համայնքի ղեկավարի թեկնածու չեն առաջադրել: Այս համայնքում առաջադրված միակ թեկնածուն Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանն է (ՀՀԿ):
ԿԸՀ-ում Թումանյան համայնքի ավագանու համար 15 թեկնածու է առաջադրվել: Թումանյան քաղաքը, որի կազմի մեջ մտնում է նաեւ Քոբեր կայարանի գյուղը, միասին մոտ 2000 բնակիչ ունի։ Քաղաքի ավագանին կազմված է եղել 5 հոգուց, իսկ այս ընտրություններում Թումանյան քաղաքից ավագանու 3 թեկնածու է առաջադրվել: Թումանյան համայնքում միավորված բնակավայրերից բնակչության թվաքանակով երկրորդը 1075 բնակիչ ունեցող Լորուտ գյուղն է: Լորուտը, չնայած բնակչության թվաքանակով կրկնակի զիջում է Թումանյան քաղաքին, սակայն ավագանու 5 թեկնածու է առաջադրել: Այս համեմատության մեջ Թումանյան համայնքն ավելի հավասարակշիռ է գտնվել համաչափությունը պահպանելու առումով:
Մեկական թեկնածուներ են առաջադրել Քարինջ, Մարց եւ Աթան գյուղերը, երկուական թեկնածու՝ Ահնիձորն ու Շամուտը:
Թումանյան համայնքում միավորված բոլոր մյուս գյուղերը 170-ից մինչեւ 640 բնակիչ ունեն եւ միավորվելուց հետո նրանց ընդհանուր քանակը կազմելու է մոտ 5000 բնակիչ (ընտրողների թիվը մեզ հայտնի չէ): Հետեւաբար, Թումանյան համայնքի ավագանին նույնպես կարող է ունենալ մինչեւ 9 անդամ:
Միաժամանակ, այս համայնքում ընդգրկված բոլոր բնակավայրերը կունենան վարչական ղեկավար, քանի որ բնակչության թվաքանակով ամենափոքր գյուղում՝ Ահնիձորում, բնակչության թիվը 100-ը գերազանցում է: Այս գյուղում 173 բնակիչ է հաշվառված:
Մեկնաբանել