
«Չենք լռելու». «Հայլուրը» «Աղբ եթերից» մրցանակաբաշխության 5-րդ հաղթողն է
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության 5-րդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» («Հայլուր») հաղորդաշարը՝ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն, տարիներ շարունակ իշխանությունների գովքը անելու և հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար:
«Չենք լռելու»-ն այս անգամ խախտում է «Աղբ եթերից» մրցանակաբաշխության կանոնները և «Հայլուրը» կողմնակալ աղբից մաքրելու համար 100 դրամ չի ուղարկում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարը գոյատևում է այդ թվում նաև «Չենք լռելու» նախաձեռնության անդամների մուծած հարկերի հաշվին:
«Չենք լռելու»-ն պահանջում է ապահովել անաչառ լրատվություն կամ հրաժարվել բյուջետային փողերից՝ «Հայլուրի» համար գտնելով կոմերցիոն հովանավորների:
Այսօր առավոտյան «Հայլուրին» է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր:
Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր՝ սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:
Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր՝ զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ և կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:
Երրորդ մրցանակակիրը «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր՝ ամենօրյա եթերային լացուկոծի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:
Չորրորդ հաղթողը ATV-ի «Արի ամուսնանանք» հաղորդաշարն է՝ հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Մեկնաբանել