Տաթևի 37/2 ընտրատեղամասում վստահված անձանցից ոչ մեկը չուներ անձը, պաշտոնը հաստատող վկայական
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավարի թեկնածու Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ նկատե՞լ է, որ իր համայնքի ընտրատեղամասում վստահված անձինք վկայականներ չունեն: «Վստահե՛ք տաթևցիներին, եթե եկել են ընտրատեղամաս, ապա նրանց պետք է վստահել: Տաթևցիները խաբել չեն սիրում»,- պատասծանեց Մ. Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում ՏԻՄ ընտրություններ են Տաթեւ համայնքում: Տաթեւ համայնքում միավորվել է 8 գյուղ (Շինուհայր, Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի), այստեղ պետք է ընտրեն միասնական տեղական իշխանություն՝ համայնքի ղեկավար եւ ավագանի:
Համայնքի ղեկավարի թեկնածու Իգոր Աբրահամյանի վստահված անձ Հրաչ Ավետյանը պարզաբանեց, թե բեյջ ունի, գնացել էր հաց ուտելու, հանել էր, հետո մոռացել է նորից փակցնել:
Ընտրատեղամասի նախագահ Նորվարդ Մովսիսյանի փոխանցմամբ՝ 18:00-ի տվյալներով գրանցամատյանում գրանցված է հինգ վստահված անձ: Այնինչ այդ պահին չորսը ներսում էին, այդքան էլ՝ դրսում: «Ճիշտն ասած՝ առավոտյան ասել եմ փակցնեն, ասել են՝ կապելու թելերը չունենք, մի ձևով կպցրել են շորերին: Դե, ընտրատեղամասում կա՛մ վստահված անձինք են, կա՛մ լրագրողներ: Ուրիշ մարդ ներս թույլ չենք տալիս»:
Ընտրատեղամասից դուրս ևս վստահված անձինք կան, ովքեր ևս փակցրած վկայականներ չունեն, բայց և մեր խնդրանքով ցույց տվեցին դրանք: «Հո իրենք երեքով ներս չեն մտնելու: Մտնում, դուրս են գալիս, տեղ չունեմ անընդհատ գրանցելու: Ոմանք դուրս են եկել, չեմ գրել, որպեսզի տեղ ունենամ գրելու, բայց բոլորն էլ գրանցված են»,- հավելում է Մովսիսյանը:
Նշենք, որ մեր այս հարցից հետո ընտատեղամասում գտնվող վստահված անձինք փակցրեցին վկայականները:
Դիանա Ղազարյան
Մեկնաբանել