HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եվրոպական երինջների «արկածները» Հայաստանում

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Աշոտ Գալստյանը որոշել էր իր գյուղացիական տնտեսությունը զարգացնել և 2013թ. գյուղատնտեսության նախարարության միջնորդությամբ ձեռք է բերել 25 գլուխ հոլշտին ցեղատեսակի հղի երինջ: Թեև տոհմային երինջներից թվով ինը հիվանդ են եղել, սատկել են, սակայն նախարարությունը պահանջում է երինջների գումարը և հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Աշոտ Գալստյանը միակը չէ, որ տոհմային երինջների ձեռքը կրակն է ընկել: Բոլորն էլ խաբվել են «գովեստի» խոսքերին, արդյունքում կանգնել լուրջ դժվարությունների առջև:

Ամեն ինչ սկսվեց կառավարության որոշումից

2007թ. մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, ըստ որի՝ նպատակ է դրվել առաջիկա տարիներին որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձևավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը:

Կառավարության մասնագետների կարծիքով՝ հոլշտինյան ցեղը աշխարհում ամենակաթնատու տավարի ցեղն է։ Այս ցեղի կենդանիների միջին կաթնատվությունը կազմում է 8-10 հազար լիտր: Հոլշտին ցեղատեսակի երինջները կարող են հարմարվել հարթավայրի բնակլիմայական պայմաններին, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում տավարի նախրի որակական կազմի փոփոխությունը նպատակահարմար է իրականացնել շվից և սիմենթալ ցեղերի հաշվին:

Ծրագիրը պետք է իրականացվեր 2008-2015 թթ. ընթացքում՝ երկու փուլով։ Ըստ այդմ՝ տոհմային երինջները ձեռք են բերվել և գյուղական ազգաբնակչությանը հանձնվել են լիզինգային եղանակով։ Հիմնավորումն այն էր, որ գյուղացուն հանձնվելու էր 3-6 ամսական հղիության շրջանում գտնվող երինջ: Ձեռք բերելուց ամենաուշը 6 ամիս անց, դրանց ծնելուց հետո, սկսվելու էր կաթնատվության շրջանը և գյուղացին իրացված կաթի գումարով ի վիճակի կլիներ մարել վարկը։

«Փաստորեն, երինջները ձեռք բերելուց հետո, 7-րդ ամսից սկսած, անասնատերը 4,5 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի վարկը։ Անասունները ձեռք բերելուց մինչև վարկի ամբողջությամբ մարման գործընթացը կավարտվի 5 տարվա ընթացքում։ Ձեռք բերված կենդանիներից անասնատերերը տարեկան կստանան առնվազն 4500-5000 լիտր կաթ, որի արժեքը լիովին բավարար է վարկի մարման համար»,-գրված է կառավարության որոշման հիմնավորումների մեջ։

Մեծ ակնկալիքներ, շատ խոստումներ, քիչ՝ եկամուտներ

Աշոտ Գալստյանի որդին՝ Վարդաբլուր համայնքի ղեկավար Արտավազդ Գալստյանը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ տարաժամկետ վճարման պայմանով գնել են 25 երինջ: Երինջներից 9-ը մի քանի ամսվա ընթացքում սատկել են, որից 5-ը՝մինչև ծնելը: Անասունները տարբեր ֆերմաներից են եղել և արտաքինից ակնհայտ տարբերվել են: Նրա խոսքերով՝ մի ֆերմայի անասունները ամբողջությամբ հիվանդ են եղել, իսկ երինջներից մեկը՝ չբեր,  մինչդեռ Աշոտ Գալստյանը որպես հղի երինջ էր գնել:

Արտավազդ Գալստյանի ասելով՝ բերված օրվանից երինջները առողջական խնդիրներ են ունեցել: Սատկելուց հետո ուսումնասիրել են կենդանիների ներքին օրգանները: Պարզվել է, որ 6 ամիս առաջ նրանց մարմնում օտար մարմին է եղել և ամբողջությամբ ախտահարել է երինջների թոքերը: Բացի այդ, երինջների ոտքերը վնասված են եղել: Արտավազդ Գալստյանը պատմում է, որ կենդանիները նստում էին ու չէին կարողանում կանգնել, իսկ բժիշկները ոչ մի կերպ չեն կարողացել բուժել:

«Ամենասկզբից դիմեցինք գյուղնախարարություն, մեր մոտի անասնաբույժները չէին հասկանում, նրանք էլ ասացին, որ իրենց բժիշկներն էլ չեն հասկանում: Առաջին տարին անձամբ ես վարկը վերցրել վճարել ենք երինջների գումարը, իսկ երկրորդ տարին Աշոտ Գալստյանը չկարողացավ վճարել, դա հնարավոր էլ չէր անել»,-ասում է Վարդաբլուրի համայնքապետը և հավելում, որ հոլշտեն ցեղատեսակի անասունների տված կաթն ու կերած կերը համատեղելի չեն, շատ են ուտում:

Նրա խոսքերով՝ Աշոտ Գալստյանին գյուղնախարարությունից ասել էին, որ այդ ցեղատեսակի կովի կաթը չի մնալու՝ լիտրը 200 դրամով մթերվելու է: Գյուղացիներին նաև ասել են, որ տոհմային երինջները ծնելուց հետո օրական մոտ 30 լիտր կաթ են տալու, ինչը համայնքապետի ասելով, լրիվ սուտ է: Բացի այդ, գյուղնախարարությունից հավաստիացրել են, որ դրսից ներկրված անասունները 2 կմ կարող են արոտ գնալ, բայց իրականում Եվրոպայից բերված կովերը չեն կարողանում երկար քայլել:

«Իրենց ասած կաթը կովերը չեն տալիս: Մեր մոտ էլ ամռանը կաթը մթերում են 110 դրամով, իսկ ձմռանը՝ 140-150: Իսկ գյուղնախարարությունից ասում էին, որ այս կաթը բիոկաթ է, նվազագույնը 200 դրամով են մթերելու: Ասել էին, որ իրենք մթերող ունեն գալու են հենց դռան դիմացից տանեն: Մեկը եկավ երկու անգամ կաթը տարավ ու փողն էլ չէր տալիս, մի կերպ վերցրեցինք: Ամենաշատ կթվող կովը 1 հատ է եղել, կթվել է 32 լիտր, մյուսները՝ 22:  Դրանց պետք է պարտադիր կոմբիկերներով պահես, խտացրած կերեր տաս»,-ասում է Վարդաբլուրի համայնքապետը:

Ովքե՞ր են ներկրում երինջները

Երինջների ներկրման ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին և ներառված չէ գյուղատնտեսության նախարարության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Ծրագրի շրջանակներում 2007-2015թթ. եվրոպական երկրներից ներկրվել է 2067 գլուխ տոհմային երինջ, որից 825 գլուխ՝ հոլշտին, 712 գլուխ՝ շվից և 530 գլուխ՝ սիմենթալ ցեղատեսակի:

Երինջներ գնողները գումարը վերադարձնում են 4 տարվա ընթացքում: Առաջին տարում ամբողջ գումարի 10 տոկոսն են վերադարձնում, երկրորդ տարում՝ 20, 3-րդ տարում՝ 30, իսկ 4-րդ տարում՝ 40 տոկոսը: Գյուղնախարարությունը գանձապետարանում ունի հատուկ հաշվեհամար, գումարները հավաքվում են այդ հաշվեհամարին ու այդ գումարներով նորից երինջներ են ձեռք բերվում:

Հայկական սցենար. Կնքել են պայմանագիր, հետո հիմնել ընկերություն

Վարդաբլուրի համայնքապետ Արտավազդ Գալստյանը պատմեց, որ երբ երինջները սատկել են, իրենք բողոքել են տարբեր ատյաններ: ՀՀ վերահսկիչ պալատից մասնագետներ են եկել և տեղում համոզվել, որ անասունները վատառողջ են: «Իրենց աչքով տեսան, բայց ոչ մի բան չարեցին»,-նշում է համայնքապետը:

Տոհմային երինջների ներկրման ծրագրին 2013թ. տարեկան զեկույցներում անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատը: Այսպես՝ 2012թ. տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ. գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի և անհատ ձեռնարկատեր Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ: Ընկերությունը երինջները ձեռք է բերել «Agro-Vest Plus s.r.o.» չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց և գումարը փոխանցելուց հետո: Չեխական ընկերության հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի և Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է:

Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն՝ մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1 մլն 371 հազար 195դրամ (ընդամենը 287 մլն 951 հազար դրամ` 210 երինիջի համար): Սա այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270 մլն 900 հազար դրամ: Կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբր կրել է 17 մլն դրամից ավելի վնաս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նշված տարում պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230 երինջ: «Agro-Vest Plus s.r.o.» չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար որպես գնորդ նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող` «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն:

Տոհմային երինջները դարձել են վերավաճառքի առարկա

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ Ֆուրման Գրիգորյանը ևս հայտնվել է դատարանում: Նա 2013թ. գնել է 5 հատ շվից ցեղատեսակի երինջ:  Մոտ 800 հազար դրամ ծախս կատարելուց հետո հասկացել է, որ չի կարողանա պահել:

«Զանգեցի գյուղնախարարություն, ասացի, որ ի վիճակի չեմ պահել: Նրանք էլ գնորդ գտան՝ ոմն Արշակ, նա եկավ 8 հատ տարավ: Երեքն արդեն ծնել էին, իսկ երկուսը «բռակ» են եղել, վիժել են: Իմ միամտությունից օգտվեց Արշակը: Ես պայմանագիրը չեմ անվանափոխել, բայց Արշակից ունեմ ստացական: Հիմա սպասում եմ, որ Արշակը գա անվանափոխություն անի: Ես դիմել եմ գյուղնախարարություն, բոլորը տեղյակ են, որ գումարը Արշակն է տալու, ես կապ չունեմ»,-ասում էր Ֆ. Գրիգորյանը: 

Նա ասում էր, որ դատական գործը կարճվել է, քանի որ նման դիմում է գրել դատարան, իսկ Արշակը պարտավորվել է պարտքը վճարել: Մինչդեռ datalex.am տեղեկատվական պորտալից տեղեկացանք, որ մարտի 3-ին նշանակվել է նախնական դատական նիստ: Ֆուրման Գրիգորյանը զարմացավ, որ իր դեմ դատական գործը շարունակվում է:

«Մեր մոտ անասնապահական գոտի է, մտածեցի՝ եթե լավ անասուններ են, բերեմ պահեմ, բայց չկարողացա:  Եթե կաթի գինը չընկներ, գոնե մի կերպ կարդարացներ իրեն, բայց կաթը էժան են մթերում: Այդ երինջներին պետք է լուրջ կերակրես, ես այդ պայմանները չունեմ, բազմազավակ ընտանիք ունեմ: Ասացի՝ իմ վրայից հանեմ, պարտքերի տակ չընկնեմ, հիմա էլ ընկել եմ քաշքշուկների մեջ»,-ասում է Ֆուրման Գրիգորյանը:

Գյուղնախարարության պաշտոնյայի խոսքերը չեն համընկնում գյուղացիների պատմածի հետ

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն ասում է՝ թեև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել տոհմային երինջներ, սակայն «այնպես չէ, որ ցանկացածի առջև դռները բաց են, ասում ենք՝ եկեք տարեք»:

Ըստ նրա՝ նախարարությունում գործում է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է դիմումներով: Հանձնաժողովը պարզում է դիմումատուների ունակությունները, հնարավորությունները, գիտելիքները: Անպայման պետք է ունենան համապատասխան գոմային պայմաններ, կերային բազա և հողամաս, որ կարողանան մշակել, կերային կուլտուրաներ ստանալ: Ակնհայտ է, որ գյուղնախարարության պաշտոնյայի ներկայացրածը չի համապատասխանում այն իրականությանը, որում հայտնվել են շատ գյուղացիներ:

«Հանձնաժողովը, լինելով տեղերում, ուսումնասիրում է, եթե պայմանները բավարարում են, դիմումատուները դառնում են շահառու: Երբ երինջները հասնում են Հայաստան, շահառուներին հավաքում ենք, Ագրարային համալսարանի գիտնականները բացատրում են, թե ինչպես խնամել, պահել երինջներին: Մրցույթը հաղթող ընկերությունը իր տրանսպորտով կենդանիներին տեղափոխում է մինչև շահառուի ֆերմա: Այնտեղ հանձնում է շահառուին, և եթե 14 օրվա ընթացքում բարդություն առաջացավ, պատասխանատուն վաճառողն է»,-ասում է Գ. Բաղիյանը:

Նախարարի տեղակալը նշում է, որ երինջների տեղափոխման հենց առաջին օրվանից նախարարության աշխատակիցները լինում են տեղում, ուսումնասիրություններ, բժշկական միջոցառումներ են իրականացվում, որպեսզի կենդանիները չհիվանդանան: Սակայն լինում են դեպքեր, հիվանդություններ:

«Այն անասնապահները, որոնք ուշադրություն չեն դարձնում, որոնք կերային, խնամքի պայմանները չեն ապահովում, կենդանիների կաթնատվությունը չի ապահովվում: Այդ ցեղատեսակները տարեկան 8-10 հազար լիտր կաթնատվություն են ապահովում: Մեր պայմաններում, եթե 5-6 հազար լիտր ապահովում են, ուրեմն բարձր ցուցանիշ է, քանի որ հանրապետությունում կովի կաթնատվությունը 2200 լիտր է»,-ասում է փոխնախարարը:

Պաշտոնյայի խոսքերով՝ տոհմային ցեղատեսակներից տեղում ստացված կենդանիներն իրենց արդարացնում են:  Օրինակ՝ 2012թ. Արզնու տոհմային տնտեսությունը տեղում ստացած երինջները արդեն վաճառել է Վրաստանի գյուղատնտեսներին: Վրացիները ևս եվրոպական կազմակերպություններից ձեռք են բերել երինջներ, սակայն, չհարմարվելով տեղի բնակլիմայական պայմաններին, ինչպես նաև հիվանդություններից կենդանիները սատկել են: Ըստ փոխնախարարի՝ այժմ վրացիները պայմանագրեր են կնքում Հայաստանի ֆերմերների հետ և այստեղից են երինջներ տանում:

«Հասել ենք մի աստիճանի, որ տեղում բազմացրած, տոհմային բարձր հատկանիշներ ունեցող կենդանիներին կարողանում ենք վաճառել: Շուրջ 300 գլուխ արդեն վաճառվել է: 1920 թվականից սկսած՝ առաջին անգամ է, որ Հայաստանից վաճառվում են տոհմային, սելեկցիոն աշխատանքներն անցած կենդանիներ»,-նշում է Գրիշա Բաղիյանը:

Նրա խոսքերով՝ ժամանակին եղել են խոսակցություններ, դժգոհություններ, բայց այդ դժգոհությունների հիմնական պատճառը գումար պահանջելու հետ է կապված: Երբ նախարարությունը սկսել է գումարը պահանջել, ձեռքբերողները սկսել են բողոքել, թե կենդանիները իրենց լավ չեն դրսևորել և այլն:

«Նույնիսկ այնպիսի հզոր տնտեսություն, որը 100 գլուխ երինջ է վերցրել, պահել է, 4 տարի հետո, երբ գումարը պահանջվել է, սկսել է պատճառաբանել, որ կենդանիներն իրենց լավ չեն դրսևորել: Հարց է առաջանում՝ եթե առաջին տարին լավ չէր, ինչո՞ւ այդ երինջներից նորից վերցրեցիր:  Ծրագիրը շատ դրական է, իրեն արդարացնում է, գյուղատնտեսության նախարարության ամենահաջողված ծրագրերից մեկն է»,-ասում է Գ. Բաղյանը՝ հակադրվելով գյուղացիների բացասական կարծիքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter