HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնամեծար ազգ ենք, իսկ իրականում ... «ո՞վ է ծնելու տղաներ»

Արմինե Ղուկասյան

35-ամյա Հեղինեն (անունը փոխված է) ամուսնացած է արդեն 13 տարի: Երկու աղջիկները` տասնամյա Էլյան եւ իննամյա Լիլին, մոր եւ ընտանիքի հպարտությունն են եւ ուրախությունը, սակայն երիտասարդ կինը սկզբում թաքուն, իսկ վերջին երկու-երեք տարում մի բացահայտ երազանք էլ ունի: «Գիտեմ` ամուսինս եւ նրա ծնողները շատ են ցանկանում, որ արու զավակ ունենանք: Ես էլ դեմ չեմ երրորդ երեխա ունենալուն. միայն թե տղա, ու աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասում է երիտասարդ մայրիկը:

Աշխատանքի ու ցանկության արդյունքում էլ գրանցվել է երեք աբորտ` պայմանավորված սեռով: «Երրորդ աղջիկ չեմ ուզում, իսկ տղայի դեռ սպասում եմ,- իրեն արդարացնում եւ հուսադրում է Հեղինեն,- որոշումները դժվար եմ կայացրել, քանի անքուն գիշեր եմ անցկացրել, սակայն այլ բան չէի կարող անել»:

Հեղինեի եւ նրա նման շատ ու շատ կանանց համար տղա ունենալը դարձել է գերխնդիր, որովհետեւ այդպես են ցանկանում ամուսինը, ծնողները, հարազատները, իսկ իրենք...: Մինչ երազանքն իրականացնելու համար շատ կանայք ընտրում են ամենաուղիղ ճանապարհը, վիճակագրությունը փաստում է աղաղակող թվերի մասին: Համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունների` արդեն 20 տարի Հայաստանում նորածին սեռերի հարաբերակցությունը ներկայանում է 100 աղջիկ / 114 տղա պատկերով:

Իրավիճակն առավել մտահոգիչ է  Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում: Այստեղ արական սեռի նորածինների գերակշռությունը Չինաստանում արձանագրվածից էլ բարձր է: Չինաստանում 100 աղջկան բաժին է ընկնում 118 տղա, հանրապետության նշված երկու մարզերում `100 աղջկան` 124 տղա:

Նույն վիճակագրությունը փաստում է, որ մեզ մոտ պտղի սեռով պայմանավորված աբորտների դիմում են հիմնականում երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում:

2015 թ. Սեւանի տարածաշրջանում ծնված 547 նորածնից 195-ը ընտանիքի երկրորդ երեխան է` 96 տղա/ 99 աղջիկ հարաբերակցությամբ: Այստեղ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է, հավասարակշռությունը պահպանված է: Սակայն պատկերը փոխվում է երրորդ երեխայի գրանցման ժամանակ` 64 տղա/42 աղջիկ հարաբերակցությամբ, չորրորդ ծննդի դեպքում` 13 տղա / 5 աղջիկ հարաբերակցությամբ:

Ունենալով այսպիսի իրավիճակ եւ հստակ վիճակագրական տվյալներ` Հայաստանում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, Արմավիրի զարգացման կենտրոնը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը ԵՄ աջակցությամբ իրականացում են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:

Ինչպես նշում են ծրագիրն իրականացնողները, «նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի փոփոխությանը եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը»:

«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության արդյունքները, ինչպես նաեւ մեզ շրջապատող իրականությունը դարձան այն ազդակը, որոնց շուրջ էլ կառուցվեցին ծրագրի գործողությունները,- ասում է ծրագրի համայնքային ներգրավման մասնագետ Սոֆիկ Մինասյանը: Նա թվարկում է այդ գործողություններից մի քանիսը` համայնքներում հանրային կարծիքի ձեւավորման գործընթացի առանցքային դերակատարների ներգրավում «Տեղական մասնակցության եւ ոչ խտրականության» փորձի եւ գիտելիքի փոխանակման ցանցում, քաղաքացիական ակտիվ խմբերի ձեւավորում, կարողությունների զարգացում, բանավեճերի կազմակերպում, տեղեկատվական, կրթական եւ հաղորդակցության նյութերի մշակում, սոցիալական գովազդների պատրաստում, իրազեկման տեղայնացված գործիքների մշակում, ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշտադիտարկում: Այս եւ նման այլ գործողությունների միջոցով նպատակ ունեն մտածելակերպ եւ վարքագիծ փոխել, որի արդյունքում ակնկալում են աբորտների թվի կրճատում 10%-ով եւ 15% վերաբերմունքի փոփոխություն:

Հանրապետության 25 համայնքներում իրականացվող այս ծրագրում ընդգրկված է նաեւ Սեւան համայնքը: Սեւանում ձեւավորված քաղաքացիական ակտիվ խմբի ավելի քան 30 անդամները ներկայացնում են տարբեր կառույցներ, տարբեր տարիքի, մասնագիտության տեր կանայք եւ աղջիկներ են,  որոնց միավորում է նույն խնդրով մտահոգ լինելը:

Փոխցանցի անդամ, Սեւանի ֆասիլիտատոր Արփինե Մանուկյանը նշում է. «Ունենալով լուրջ եւ ահագնացող վիճակագրություն` փորձում ենք տեղում խմբի կարողությունները զարգացնել իրազեկման, փորձի փոխանակման, փոխգործակցության շնորհիվ: Հանդիպումների ընթացքում ձեռքբերվածը խմբի անդամները տանում են իրենց կոլեկտիվներ` խնդրին հաղորդելով առավել մեծ հնչեղություն, այն դարձնելով բոլորինը: Արդեն անցկացրել ենք մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում ցուցադրվել են թեմատիկ ֆիլմեր, ներկայացվել են վիճակագրական տվյալներ, իրական պատմություններ, որոնք ուղեկցվել են քննարկումներով:  Կարծում եմ, որ այս ծրագիրը  տարիներ անց կտա իր պտուղները»:

Արփինե Մանուկյան Զարուհի Դարբինյան

Քաղաքացիական ակտիվ խմբի անդամ, բժիշկ ռադիոլոգ Զարուհի Դարբինյանի դիտարկմամբ` տարիներ առաջ ամեն ինչ այլ կերպ էր, այժմ փոխվել է մարդկանց մտածողությունը: «Կինը, երբ գալիս է կոնսուլտացիա եւ ունի կոնկրետ նպատակ` ազատվել պտուղից, ցույց եմ տալիս ներարգանդային վիճակում գտնվող 12 շաբաթական  երեխային եւ ասում` եթե մտածում եք աբորտ անել, տեսեք, թե ինչի եք գնում: Դուք կտրտելու եք ոտքեր, ձեռքեր ունեցող, շնչող էակի: Պետք է ասեմ, որ սա երբեմն աշխատում է: Բժիշկը 10-15%-ով կարող է ազդել  որոշման վրա,  աշխատում է նաեւ կնոջ զարգացվածության աստիճանը, իրազեկված լինելը: Սեւանի տարածաշրջանում երկրորդ երեխայից ազատվելը տարածված չէ, որովհետեւ վախենում են այլեւս երեխա չունենալ եւ նաեւ երկրորդ աղջիկը շատ դեպքերում ցանկալի է: Վերջին մեկ տարում  ինձ մոտ երրորդ երեխայի սեռը որոշած 5-6 կին առանց երկմտելու ունեցել է երրորդ աղջիկը: Իրազեկվածությունը, խնդրին մասին բարձրաձայնելը ժամանակի ընթացքում իրենց գործն անելու  են»:

Բժշկուհին խոստովանում է, որ ինքն էլ ընտանիքի երրորդ աղջիկն է, եւ եթե այն ժամանակ «էխո» ասվածը լիներ, հավանաբար ինքը չէր ծնվի:

Խնդիրը միջազգային եւ տեղական կազմակերպությունների տիրույթից հասել է նաեւ Կառավարություն, որը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի վերաբերյալ փաթեթը, որով առաջարկվում  է արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը:

Սրանով առաջարկվում է օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված լրացուցիչ կարգավորումներ:

Բժիշկ-գինեկոլոգ, Սեւանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Հրաչյա Խալաֆյանը ողջունում է օրենսդրական բարեփոխումները, միաժամանակ նկատում, որ յուրաքանչյուր օրենք իր ներքին շերտերն ունի: «Այն կգտնի անօրինական մի այլ ճանապարհ եւ կշարունակի իր գործն անել: Ես այն բժիշկներից մեկն եմ, որ դեմ եմ աբորտներին ընդհանրապես: Միաժամանակ կարծում եմ, որ բժիշկների մեջ այս հարցում պետք է լինի միասնականություն, օրենքը գործի բոլորի համար»:

Բժիշկ-ռադիոլոգ Դարբինյանն էլ հավելում է, որ երբ հղին գալիս է իր մոտ եւ արդեն 14 շաբաթական հղիություն ունի, նշանակում է նա արդեն հասցրել է ստուգվել Երեւանում, գիտի` ինչ է ունենալու: «Կառավարության որոշումն էլ մարզերի համար ոչինչ չի փոխում, որովհետեւ սա ավելի շատ մայրաքաղաքի մենաշնորհն է. բոլորն էլ գիտեն` որտեղ են 12 շաբաթական հղի կանայք որոշում ապագա երեխայի սեռը, որտեղ է կարդացվում դատավճիռը»,- ասում է բժիշկ Դարբինյանը:

Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածն ամրագրում է. «Չի թույլատրվում մանկածնության օժանդակ բժշկական տեխնոլոգիաների կիրառումը ապագա երեխայի սեռի ընտրության նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ արվում է կանխելու ապագա երեխայի կողմից սեռով պայմանավորված հիվանդության ժառանգումը»:

Ի դեպ, Հայաստանը չի միացել եւ չի վավերացրել այդ կոնվենցիան:

Իհարկե, այս պարզ ճշմարտությունը դժվար է բացատրել կամ հասկացնել մի կնոջ, որն ունի երեք աղջիկ, պարտադրված կամ ցանկությամբ ուզում է աշխարհ բերել  արու զավակ, ու պարզվում է, որ կրկին աղջիկ է:

Աննան (անունը փոխված է) հենց այդ կանանցից է, ով արդեն մի քանի անգամ ընդհատել է հղիությունը, որովհետեւ 3 աղջկանից հետո չի պատկերացնում էլի մեկը, իսկ տղա պետք է. իրենից այդ են սպասում ամուսինը, նրա ծնողները, անգամ աղջիկները: Մեծ աղջիկն արդեն 15 տարեկան է, ու ինքն էլ հույսը չի կորցնում, որ մի օր բժիշկը կարտասանի երկար սպասված ցանկալի նախադասությունը. «Շնորհավորում եմ, Դուք  տղա եք ունենալու …»:

Տղա ունենալու հույսով տկն Ժաննան  էլ լույս աշխարհ է  բերել 5 աղջիկ անցյալ դարի 70-ական թվականներին: «Երկրորդ աղջկանից հետո անհամբեր սպասում էինք տղայի: Մինչ սպասում էինք, ծնվեցին երրորդ, չորրորդ, հինգերորդ աղջիկներս` մեկը մյուսից գեղեցիկ ու լավը: Այժմ թոռներով շրջապատված կինը, որ անթաքույց  հպարտությամբ  է խոսում աղջիկների մասին, խոստովանում է . «Ինչ է լավ է, որ այն ժամանակ հնարավոր չէր էխո անել եւ ինձ զրկել իմ աղջիկներից: Իսկ տղա կուզենայի ունենալ, չնայած վեց տղա թոռնիկներս լրացնում են այդ բացը»:

Հայաստանում տղայապաշտությունն ունի խոր արմատներ եւ դժվար է իր տեղը զիջում սթափ մտածողությանը: Բժիշկ-գինեկոլոգ Խալաֆյանը տղա ունենալը պայմանավորում է «օջախի ծուխը ծխալու, չմարելու» հայկական մենթալիտետով, որը հիմնականում արթնանում է  երկրորդ աղջիկ ունենալուց հետո ու դառնում սեւեռուն գաղափար: «Ընտանիքի ճնշման ազդեցության տակ կանայք հարմարվում են ու աշխատում արդարացնել բոլորի հույսերը թեկուզ սեփական ֆիզիկական ու հոգեբանական առողջության հաշվին»,- նկատում է բժիշկ Խալաֆյանը:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի համայնքային ներգրավման մասնագետ Սոֆիկ Մինասյանն առանձնացնում է երեք գործոն` հայ ընտանիքում տղա երեխայի նկատմամբ ընդգծված վերաբերմունք, նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կասեցնում են աղջիկ երեխայի ծնունդը եւ ծնելիության ցածր մակարդակ, երբ ծնողները, վերարտադրելով իրենց, ուզում են գոնե մեկ տղա ունենալ:

Անշուշտ, տղա ունենալը բնական եւ նորմալ ցանկություն է: Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Վերներ Հոգը նշում է, որ «միտումն ակնհայտ է` փոքր ընտանիք ունենալու ցանկության լույսի ներքո ծնողներն ուզում են վստահ լինել, որ իրենց երեխաներից մեկը տղա է»: «Առանց կնոջ կարգավիճակը հասարակության մեջ բարելավելու սելեկտիվ աբորտները կշարունակվեն` կործանարար հետեւանքներ ունենալով սերունդների համար»,- եզրակացնում է Վերներ Հոգը:

Մինչ սեղանին են դրվում օրենսդրական փոփոխությունների փաթեթներ, միջազգային եւ տեղական կազմակերպություններն էլ փորձում են շտկել իրավիճակը, թեմայի իրազեկմանը նվիրված գովազդներ, տեսահոլովակներ ու ֆիլմեր են ստեղծվում, կանխատեսումները փաստում են` եթե մարդկային մտածողության եւ վարքագծի փոփոխություններ չլինեն, մինչեւ 2060 թ·-ը Հայաստանը կկորցնի 93.000 աղջիկ:

«Բոլորս կանգնած ենք ազգային անվտանգության խնդրի առաջ եւ  պետք  է միավորվենք այս խնդրրի շուրջ` չմոռանալով մի շատ կարեւոր հարց` իսկ ով է ծնելու տղաներ»,-ասում է Սոֆիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter