HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳետնԱնցումային մշակույթ

Գարգին Նժդեհի հրապարակն ամբողջությամբ զբաղեցնող գետնանցումը բավական  նշանակալից է իր կողմնակի գործառույթներով: Հայտնի է, որ Երևանում գետնանցումները ոչ միայն փողոցն անվտանգ անցնելու համար են, այլև ծառայում են որպես առևտրի կետեր, որտեղ կարելի է գտնել ամենաբազմազան իրեր:  Այս անցումի բազմազանության մեջ կան նաև հասարակական-մշակութային վայրեր՝ ինչպիսին, օրինակ, թատրոնն  է:

«Մետրո Թատրոն»-ը հիմնադրվել է դեռևս 1992թ.–ին, որը ղեկավարում էր  Վիգեն Ստեփանյանը: Առաջին ներկայացումը, որով բացվեց թատերաշրջանը «Ուիլլի, Թիթի, Ջիգ, ու երեքն Էլ մի աղջիկ» ներկայացումն էր. սրա դեկորները դեռ դրված են թատրոնի` դահլիճ տանող սրահում:

Այսօր չկա թատրոն, չկա գեղարվեստական ղեկավար, չկա դերասանական մշտական կազմ, փոխարենը կրթության և գիտության նախարարության ներքո գործում է «Մետրո Թատրոն ստուդիան», որտեղ սովորում են վեցից քսան տարեկան մոտ հիսուն աշակերտներ: 

Ստուդիայի աշխատանքների կազմակերպիչ և դերասանի վարպետության ուսուցչուհի, նախկին թատրոնի դերասանուհի Սոնա Մարտիրոսյանը դրական հուշերով է խոսում ժամանակների մասին, երբ թատրոնը դեռ գործում էր. ներկայացումներ, լիքը դահլիճներ, շենքային լավ պայմաններ, բեմի ու տեխնիկայի նորմալ վիճակ, գործում էր նաև բար՝ դերասանների ու թատրոնի աշխատակիցների համար: Չնայած առաջին երկուսը մեծ ջանքերի շնորհիվ դեռևս շարունակվում է. ստուդիայի սաները տարին մի քանի անգամ անվճար ներկայացումներ են ցուցադրում: Հիմնական հանդիսատեսը դպրոցի, մանկապարտեզների, հատուկ կարիքներով կենտրոնների երեխաներն են:

«220 տեղի համար 250 տեղ են գալիս,-ասում է ստուդիայի տնօրեն Կարեն Միրաքյանն ու հավելում,- 1992 թվին ոնց սարքել են, նենց էլ մնացել ա։ Մենք էս ընթացքում մեր ուժերով ու,  համագործակցելով մի քանի կառույցների հետ, սանհանգույցն ենք վերանորոգել, պատերը ներկել»: 

Չնայած ունենում են հրավերներ դպրոց կամ հատուկ կենտրոններ գնալու, նախընտրում են իրենց դահլիճում խաղալ ներկայացումը. «Երեխան անկախ իր հնարավորություններից, սոցիալական դիրքից պետք է թատրոն գա: Դա սկզբունք է մեզ համար: Վարագույր պետք է բացվի, երեխան պետք է սպասի ինչ-որ բանի ,-ասում է Սոնա Մարտիրոսյանն ու հավելում,-բեմը՝ որպես թատերական բեմ, շատ լավն է, լավ ակուստիկա ունի, բայց ունենք տեխնիկան փոխելու կարիք. շատ հին, սովետական լամպեր են, շատ տխուր է բեմում, ձայնի խնդիր կա, աթոռների. հանդիսատեսն ուզում է նստել հարմարավետ միջավայրում. չպիտի ճռճռան աթոռները: Կուզեի, որ թատրոնը վերանորոգվի: Բավական ծախսերի հետ է կապված, որը պետական միջամտությամբ պետք է արվի»:

Հարցին, թե դիմել են այդ խնդրով որևէ կառույցի, Սոնան պատասխանեց. «Էնպես չի, որ պետք է նոր բարձրաձայնվի այս խնդիրը: Այն, որ թատրոնն ունի դրա կարիքը, բոլորը գիտեն: Մութ ու ցուրտ տարիներին թատրոնը շատ լավ էր գործում, քանի որ էդ խնդիրները չուներ: Էսօր չես կարող լավ ներկայացումով հանդիսատեսին պահել էդ հին, կոտրած, ճռռացող մթնոլորտում, էսօր չես խաբի հանդիսատեսին»:

«Համոզված եմ, որ եթե թատրոնը վերանորոգվի, ներկայացումներ էլ կլինեն: Շատ ռեժսորներ կան, որոնք սիրով բեմադրություններ կանեն: Բոլորն էլ ուզում են, որ թատրոնը գործի»,-ասաց Կարեն Միրաքյանը: 

Ազատուհի Խաչատրյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter