HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձորի ՋԷԿ»-ի և «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձը

Գոհար Մովսիսյան

Հերթական անգամ «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ցույցի էին դուրս եկել՝  այս անգամ հավաքվելեվ «Վանաձորի ՋԷԿ»-ի բակում: Պահանջը դարձյալ նույնն էր՝ վճարել դեռևս 2011թ.-ից չվճարված չորս ամիսների աշխատավարձը և վերջնահաշվարկը: Աշխատակիցները պատմում են, որ  Արդարադատության նախարարությունից հեռախոսազանգ են ստացել, թե խնդիրը իրենց լիազորությունների շրջանակից դուրս է, իսկ գործարանի աշխատակիցների հետագա քայլերի համար գրավոր պատասխան կուղարկեն առաջիկայում: Աշխատակիցները ասացին, որ ձեռնարակության տարածքից մեքենաներով հանվում են խողովակներ եւ այլ գույք։

ՋԷԿ-ի տնօրեն Էդիկ Հունանյանը չհերքեց, որ ձեռնարկության  գույքը վաճառվում է: Հավելեց նաև, որ վաճառքի է դրվում գործարանի հետագա շահագործման համար այլևս ոչ պիտանի գույքը, իսկ այնպիսիք, որոնք հետագայում կարող են շահագործվել, նույնությամբ պահպանվում են: Գործարանի տարածքում խողովակներով ծանրաբեռնված բեռնատարները լրագրողների ներկայությամբ  արագորեն դատարկվեցին, իսկ անհայտ անձինք լքեցին գործարանի տարածքը: 

«ՋԷԿ-ը, Քիմպրոմը դրել են աճուրդի, կտրած ծախում են, տանում են ավտոներով, հիմի մենք որոշել ենք գանք, փակենք դռները, ոչ մի ավտո բաց չթողենք, մինչև մեր աշխատավարձերի հարցը չլուծեն»,-ասում է Գառնիկ Մարտիրոսյանը:

«Ստեղից մինչև էն էստակադա լրիվ խողովակաշար ա եղել, հիմի մնացել ա ընդամենը մի հատ տեխնիկական ջրի խողովակ, մնացածը տարել են»,-մատնացույց է անում մեկ այլ աշխատակից:

«Իսկ ովքե՞ր են կտրում-թալանում, էդ արդեն ոչ մեկը չգիտի, արդեն ով հասցնում ա, ինչ ուզում են անում են, բայց աշխատավարձի մասին ոչ մի բան չկա, արդեն յոթ ամսվա պարտք ունեն ՋԷԿ-ի ժողովրդին. հիմա գիտե՞ք հարցը ինչումն ա, որ մենք չգիտենք ում դիմենք արդեն, բոլորն էլ ասում են մենք գործ չունենք: Խողովակները կտրում-տանում են, բայց չէ որ դրա դիմաց իրանց փող են վճարել, ճիշտ ա՞, բա ուր ա էդ փողը, որտեղ ա գնում էդ փողը, եթե աշխատավարձը չեն գոնե տալիս, բյաց չէ որ առաջնահերթ պետք է ժողովրդի աշխատավարձը տան, մեղք չեն էս ժողովուրդը, ամեն օր գալիս ենք էլ մարզպետարան, էլ քաղաքապետարան, Էլ ՏԷՑ, խի մեզ բան ու գործ չունե՞նք անելու, ըտենց ա ստացվում. գործերներս կտրենք, գանք սաղ օրը կանգնենք, ողորմություն խնդրե՞նք, դա սխալ ա չէ»,-ասում է Զորիկ Բաբաջանյանը:

« Ձեր աչքի առաջ բոլորը բարձում-տանում են էս ապրանքները, վաղը հնարավոր ա  որ գան ասեն՝ բացի այն որ չեք աշխաըում, նաև փող էլ չկա, արդեն չենք էլ պատկերացնում ինչ կարող ենք անել»,-ասում է Աշոտ Ղազարյանը:

ՋԷԿ-ի տնօրեն Էդիկ Հունանյանն այսպես արձագանքեց աշխատակիցների բողոքներին․ «Բոլորդ տեղյակ եք, որ մենք ունեինք պարտքեր, Քիմպրոմի մասով, ճիշտ ա, մի տարի ու քանի ամսվա պարտքեր, այդ պարտքերի հետ կապված վճարում կատարվեց ժողովրդին՝ շուտ դեկտեմբերի- նոյեմբերի ընթացքում, պայմանով, որ քանի որ էս ՏԷՑը, Քիմգործարանը հետագա շահագործման էլ պիտանի չեն ու ունեն բավական պարտքեր, որից առաջնայինը աշխատավարձի պարտք, այդ պարտքի դիմաց ոնց որ դրված է Երևանի բորսայում, աճուրդի է դրված, վաճառքի են հանել, այդ գումարները, որոնք որ այստեղից վաճառվում է, գնում է բորսա, բորսայի միջոցով էլ մեր աշխատավարձերի պարտքի դիմաց տրամադրված գումարն է մարվում: Այսինքն՝ որը պիտանի չի հետագա ոչ մի տիպի աշխատանքի համար, և որը ենթակա է վաճառքի, վաճառենք, գոնե մեր աշխատավարձի խնդիրը կարգավորենք. այդ վիճակի մեջ բոլորս ենք՝ կապ չունի տնօրեն է, թե պահակներն են, թե ընդհանրապես ով է»:

Է. Հունանյանի խոսքով ինքը գույքի վաճառքի հետ որևէ առնչություն չունի, իր խնդիրը արտադրամասի անվտանգության պահպանումն է. «Դա կատարվում է բորսայի միջոցով, գները նրանք են դնում, աճուրդի են հանում. դե բնական է, որ  եթե բորսան վաճառում է, ով որ պարտք է տվել, նրա պարտքը պետք է փակվի»:

Տնօրենի հետ զրուցելուց հետո աշխատակիցների հետ եղանք արտադրամասի այն հատվածում, որտեղ սովորաբար գույքի վաճառքն է կատարվում: Արդեն խողովակներով բեռնավորված մեքենաները, որ պատրաստվում էին  մեկնել, մեր ներկայությամբ դատարկեցին բեռնված գույքն ու շտապ լքեցին գործարանի տարածքը՝ տեղում թողնելով բեռնատարներից մեկը, որի հետևից ավելի ուշ մարդ էին ուղարկել: Այս ամենը կատարվեց արտադրության պետի բացակայության ժամանակ։ Վերջինս գործարանի տարածքում էր, բայց մեզ հետ նշված վայր չեկավ:  Նա ի պաշտոնե պետք է ներկա լիներ գործընթացին:

Ինչ վերաբերում է նախկին «Region energy»-ի մոտ 130 աշխատակիցների շուրջ 100 միլիոն դրամի աշխատավարձի պարտքին, տնօրենը դժվարացավ պատասխանել: «Ֆինանսական մասի պատասխանները կարող են տալ ֆինանսական ղեկավարները, ես տեխնիկական մասի ղեկավար եմ, տեխնիկական մասով եմ առաջնորդվում, ինձ ասում են այ այս բանը կառուցի, ես գնում ու կառուցում եմ»,-ասաց Էդիկ Հունանյանը, ապա հավելեց. «մինչև հիմա այդ պարտքը մնացել է, մենք տարբեր մոտեցումներով, տարբեր մեթոդներով փորձում ենք, որ այդ խնդիրը լուծենք՝ դեռ չի ստացվում; Մեր կարելի ա ասել բոլոր աշխատակիցները տվել են դատի, դատը շահել են, հիմա գործը ԴԱՀԿ-ում է գտնվում, բայց գումարի հետ կապված, քանի որ Քիմպրոմը պարտք է Ռեջիոնին, Ռեջիոնն էլ միջոցներ չունի, պետք է Քիմպրոմը նորից էլի ինչ-որ բան վաճառի, և այլն, որ նրա պարտքը վճարի, որպեսզի Ռեջիոնն էլ գումար ունենա ու մեր պարտքը վճարի: Դա իմ կարծիքն է, որովհետև ուրիշ ձև նա չի կարող մեզ փող տալ, ինչ-որ այլ միջոցներ չունի»:

Է. Հունանյանը՝ ի տարբերություն ՋԷԿ-ի աշխատակիցների լավատեսորեն է տրամադրված: Պատճառը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունն է այն մասին, որ Վանաձորի մոտակայքում նախատեսվում է «Համակցված շոգեգազային ցիկլով»  նոր էլեկտրակայան կառուցել: Ծրագրի իրականացման համար կներդրվի 220 միլիոն դոլար: «Ես մեծ հույսեր ունեմ, այս նոր կառուցվելիք ՋԷԿ-ով բոլոր խնդիրները կլուծվեն, այ հիմա մենք պետք է մտածենք նոր երիտասարդ կադրերի մասին, խելացի մարդկանց մասին՝ քիմիկներ, մեխանիկներ, էներգետիկներ, այն տարիքով մարդիկ,  ովքեր որ աշխատել են ՋԷԿ-ում,  արդեն  60-65 կամ 70-ն անց մարդիկ են, նրանք այս նոր դրվող տեխնիկայով հնարավոր չի կարողանան աշխատեն՝ ո՛չ ֆիզիկապես, ոչ էլ մտավոր, հիմա մեր համար առաջին խնդիրը կադրերի խնդիրը պետք է լինի»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter