
Իրանի առողջապահության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին` նշել է, որ Հայաստանը և Իրանը հաջողությամբ համագործակցում են նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:
«Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում և գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով:
«Վստահ ենք, որ հայ գործընկերների հետ Ձեր բանակցությունները դրական արդյունք կունենան՝ ի օգուտ մեր ժողովուրդների առողջության»,- ընդգծել է Ա.Մուրադյանը:
Ըստ նախարարության՝ այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:
Մուրադյանը տեղեկացրել է նաև, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաև Իրանի բժշիկների համար:
Համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու նպատակով հատկապես կարևորվել է հարևան պետությունների սերտ համագործակցությունը առողջապահության բոլոր ուղղություններով:
Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդիի խոսքով՝ իրենց երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:
«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:
Նա նշել է, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:
Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվել է նաև դեղարտադրությունը: Քննարկվել են դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Պատվիրակությունն կայցելի նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:
2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը:
Մեկնաբանել