Երևանում կառուցվում են մի շարք հեղեղատարներ
Այսօր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն այցելել ու տեղերում ծանոթացել է քաղաքապետարանի ծրագրով կառուցվող նոր հեղեղատար ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին:
Մայրաքաղաքի հեղեղատար ցանցի վերակառուցումն ու բարեփոխումն անհետաձգելի պահանջ էր դարձել՝ հաշվի առնելով հատկապես վերջին տարիներին անձրևի ու ձյան հալոցքի ջրերի կուտակումները, որոնք դժվարանցանելի էին դարձնում մայրաքաղաքի որոշ հատվածներ:
Խորենացի փողոցում շինարարները Տարոն Մարգարյանին վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի: Տարոն Մարգարյանը հետևել է նաև Լենինգրադյան փողոցում ավարտական փուլ մտած հեղեղատար ցանցի շինարարության ընթացքին: Այստեղ խողովակաշարերն արդեն տեղադրված են, ընթանում են անձրևատարների տեղադրման աշխատանքները:
Հոկտեմբերի 30 ից սկսած, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են ընթանում նաև Ռուբինյանց, Սևանի և Թևոսյան փողոցնորում: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 224 միլիոն դրամ է: Միջոցները հատկացվել են Երևանի համաքաղաքային բյուջեից:
Թևոսյան և Սևանի փողոցների հեղեղատարների շահագործման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 25-ը, մյուս 3 փողոցում աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 25-ին: Շինարարները, սակայն, վստահեցրել են, որ աշխատանքները կավարտեն ժամանակից շուտ: Հեղեղատարների կառուցման ծրագիրը կշարունակվի նաև 2012 թ.:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ այս տարի «Երևան ջուր» ՓԲԸ-ն արդեն գործարկել է ևս 5 նոր հեղեղատար Մյասնիկյան պողոտայում, Աբովյան պուրակ-Հերացի փողոցի թունել հատվածում, Կորյուն-Չարենց-Ալեք Մանուկյան փողոցների հանգույցում, Գյուրջյան և Հալաբյան փողոցներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել