HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պա՛պ, կա՛մ քեզ են ստել, կա՛մ դու ես ստում...

- Էս երկրից գնալ ա պետք ...

Լսում եմ, ամեն քալյափոխի լսում եմ նմանատիպ արտահայտություններ: Ուզում եմ վազելով տուն գալ, ականջներս ամուր սեղմել բարձերով, որ էլ չլսեմ:

Բայց, քանի որ մարդկանց հետ ուզած­-չուզած պիտի շփվեմ, նախընտրում եմ լսել նրանց ու չհավատալ, որովհետեւ հավատալ նրանց նշանակում է, որ պիտի չհավատամ հորս. կա՛մ նա է ինձ ստել, կա՛մ իրեն էլ են խաբել...

Ես ծնվածս օրվանից լսել եմ, որ չպիտի թողնեմ հողս, դեռ ես մայրիկիս արգանդում եմ եղել, երբ հայրս ամբողջ ընտանիքը թողած գնացել է պատերազմ՝ նույն հողը պաշտպանելու:

Ու էնտեղից ողջ­առողջ հետ գալուց հետո ինձ սովորեցրել է մի բան, որ պիտի մնամ իմ երկրում ու եթե կարողանամ, գոնե մի բան անեմ հայրենիքիս համար, որովհետեւ մեր երկիրը, չնայած իր հին պատմությանն ու տարիքին, անպաշտպան երեխա է, ում մասին պիտի հոգ տանենք...

Ինձ հայրս սովորեցրել է, որ պետք է սիրել երկիրն անկախ նրանից, թե ով է կանգնած երկրի իշխանության գլխին...

Ու հիմա, երբ անգամ փաստերով ինձ հակառակն են ապացուցում, ես չեմ ուզում իրենց հավատալ, ու գիտե՞ք ինչու, որովհետեւ ես չգիտեմ՝ ինչպես եմ նայելու կես դար ապրած հորս աչքերին ու ասելու՝ պա ՛պ, դու սխալվել ես, հագնվի՛ր, արտագաղթում ենք....

Ո՞նց եմ ասելու՝ գիտե՞ս, հայրի՛կ, էդ քո նկարագրած երկիրն էլ վաղուց չկա, քո ասած հողերը վաղուց էլ մերը չեն: Ո՞նց եմ բացատրելու, որ հողը, որը պահելու համար արյուն են թափել ինքն ու իր պես լիքը ուրիշ տղերք, վաղուց արդեն գրավ են դրել, ու որ հիմա թշնամին ոչ միայն մեր երկրի սահմանին է, այլ նաեւ ներսում:

Հիմա ներսում են գազանների վերածված իրար կոկորդ կրծում` մեկը աթոռը չի կարողանում մյուսի հետ կիսել, մեկը տարածքի կռիվ է տալիս, մեկն ուզում է բոլոր բիզնեսներն իրենով անել, մեկն էլ երազում է գոնե օրվա հացի փողը ճարել, որ տանը սովից լաց լինող երեխաների աչքերին չհանդիպի:

Պա՛պ, հիմա ամեն ինչ փոխվել է, էլ մարդիկ մահվանից չեն վախենում ու իրար սպանելուց հոգնելով սկսել են շենքեր սպանել...

Պա՛պ, կամ քեզ են խաբել, կամ դու ես ինձ ստում, որովհետեւ չես կարող հանդուրժել երկրի գլուխ կանգնած մարդկանց, ովքեր անխնա պատրաստ են բռնաբարել երկիրը, կտրել երկրի գլուխն ու հանել թե՛ երկրի, թե՛ այնտեղ ապրող մարդկանց աչքերը...

Լիլիթ Շաբոյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (10)

Նինա
Ափսոս,որ այդքան երիտասարդ եք ու արդեն ինձ տանջող ցավը Ձեզ էլ է հասել:
Աննա
Արի, Լիլիթ, բայց իմացիր, որ դառնալու ես հերթական ՈՉ-ՈՔը՝ անհայտ երկրից, օդում կախված, գաղթականի բարդույթներով, անվերջ կարոտախտով, և էլի, էլի․․․
Զարթոնք ակումբ
Լիլիթ ջան, քո ապրումներն ու մտածմունքները շատ-շատերին է պատել, բայց հաղթելու է նա, ով կհավատա, կպայքարի և կդիմանա։ Քո նշած մարդիկ կարող է իրենց գլուխը ուտեն, սակայն երկրինը ի վիճակի չեն լինի, իսկ հայ ազգը` արորդիների սերունդները, կհասնեն իրենց բաղձալի կենսակերպին, քանի որ հայի ոգին երբեք չի ընկճվել և չի պարտվել, այն երբեմն ընկրկել է, սակայն միշտ պատրաստ է եղել նվաճումների։ Այդպիսին է նրան արարել Արարիչը և նա դատապարտված է հավերժ ապրելու, այլ ուղի, քան հարատևել և զարգանալ իր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում, նա չունի, հետևապես քո հայրը ասել է ճշմարտությունը…
ԶԱՐԹՈՆՔ ակումբ
Լիլիթ ջան, քո ապրումներն ու մտածմունքները շատ-շատերին է պատել, բայց հաղթելու է նա, ով կհավատա, կպայքարի և կդիմանա։ Քո նշած մարդիկ կարող է իրենց գլուխը ուտեն, սակայն երկրինը ի վիճակի չեն լինի, իսկ հայ ազգը` արորդիների սերունդները, կհասնեն իրենց բաղձալի կենսակերպին, քանի որ հայի ոգին երբեք չի ընկճվել և չի պարտվել, այն երբեմն ընկրկել է, սակայն միշտ պատրաստ է եղել նվաճումների։ Այդպիսին է նրան արարել Արարիչը և նա դատապարտված է հավերժ ապրելու, այլ ուղի, քան հարատևել և զարգանալ իր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում, նա չունի, հետևապես քո հայրը ասել է ճշմարտությունը…
Arka Gatyan
How many more Lilits,Ninas,Ararats,Artaks,Gayanes and Gagiks have this common denominator of concern,frustration and love of Armenia. Too many are there and they are carrying this heavy burden on their shoulders. Where is the leadership? does anyone have faith in the leadership? only history will judge.
Գագիկ
ԱՐՏԱԳԱՂԹ (ակրոստիկոս) Արարատի Սուրբ գագաթին, վերջին անգամ եմ նայում, Րոպեներն եմ ես իմ հաշվում, լուռ ճամպրուկս հավաքում, Տնկած ծառիս պտուղները չեմ վայելի իմ երկրում, Արտագաղթի ճամփան բռնած, թաց աչքերով հեռանում, Գալու մասին արդեն վերջին, հույսերս էլ են մարում, Ազատ անկախ Հայաստանից, միայն հուշեր են մնում, Ղարաբաղի հերոսների տանջանքներից մրմռում, Թալանեցին իմ երկիրը, էս դարդին չեմ դիմանում:
Gagik
Տես Արտակ Գաբրիելյանի մեկնաբանությունը:
Գայանե
Ես միանում եմ Արտակ Գաբրիելյանի կարծիքին։ Նման տեսակի ու որակի մարդիկ են մեզ պետք ու -ի մարդիկ։ Ողբն ու դրաման վաղուց թարգել էր պետք, բայց դեռ չենք ուզում, կարծես ․․․․
Artak Gabrielyan
Ձեր հորը չեն ստել ու ինքն էլ չի ստել: Ինքը Ճիշտնա, ու պետք է հպարտանաք իրանով: Եթե ամեն քայլափոխի հանդիպող վախկոտ լացկանների տեղը գոնե կիլոմետրը մեկ հանդիպեին Ձեր հոր նմանները, հիմա շատ ավել լավը կլիներ մեր երկիրը: Ու եթե Դուք չնկնեք դրանց խելքին այլ ընդհակառակը, անպայման կունենանք Ձեր հոր երազած երկիրը:
Արարատ
էլ կարիք չկայ թուրքը մեզ ջարդի: Ցաւոք սրտի, մեզ ներքից են ջարդում ու բնաջնջում, ին՞չ արած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter