Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել են հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ` նախադպրոցական կրթության նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով, որը հնարավորություն կտա ընդգրկել մոտ 1450 երեխա: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցու պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100 տոկոսի ափով փոխհատուցում, որը կազմել է ավելի քան 496 մլն դրամ: 2015-2016 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել է 1379 ուսանողի ուսման վարձը` գրեթե 307 մլն դրամի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ շարունակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպության» կարգավիճակ ունեցող ՀՀ պետական բուհերի «Հիմնադրամի» վերակազմակերպման հարցը: Ներկայում 16 պետական բուհերից 5-ն ունեն «Հիմնադրամի» կարգավիճակ: 2015-ին իրականացվել է դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովելու համակարգի ընդլայնման գործընթացը: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 12 հազար աշակերտ, որից 2 հազար 386-ը` ՀՀ Վայոց ձորի մարզից, 6հազար 52-ը` Սյունիքի, 13 հազար 618-ը` Արարատի մարզից: Ռոբոտատեխնիկայի զարգացման նպատակով հանրապետության 47 հանրակրթական ուսումնական հաստատությունում ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ:
Իր հերթին, Սամվել Հարությունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում ԳՊԿ առջև դրված բոլոր խնդիրներն ու գերակա ծրագրերը կատարվել են: ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև շուտով կկնքվի Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը, որպես ծրագրի լիիրավ մասնակից, կինտեգրվի Եվրոպական գիտական տարածք, ինչը հայ գիտնականներին թույլ կտա մասնակցել եվրոպական ծրագրերին և դրամաշնորհային մրցույթներին:
Ամփոփելով վարչապետ Աբրահամյանը ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտներըի զարգացումը կառավարությունը դիտարկել ու դիտարկում է գերակայություն: Վարչապետն առանձնացրել է 2015 թ.-ի ընթացքում կրթության և գիտության ոլորտում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԿԳՆ-ի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական ծրագրում, ինչի արդյունքում ցեղասպանության թեման եվրոպական մի շարք երկրներում ընդգրկվել է բուհական և դպրոցական կրթական ծրագրերում: Վարչապետը կարևորել է 2015թ. հայ դպրոցականների արձանագրած աննախադեպ ռեկորդային հաջողությունները միջազգային օլիմպիադաներում (21 մեդալ):
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև 2015թ. Երևանում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի անցկացումը, ինչպես նաև Երևանի՝ համաեվրոպական կրթական մայրաքաղաք հռչակվելու փաստը: Խոսելով 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում ներդրված նոր առարկաների մասին՝ վարչապետը դրանցից հատկապես կարևորել է «Միկրոէլեկտրոնիկա»-ի ներդրումը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ 2015թ. պետության սոցիալական ծրագրերը բարձրագույն կրթության համակարգում ընդլայնվել են. մասնավորապես պետության կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող հազարավոր ուսանողներ օգտվել են պետական աջակցության ծրագրերից, ինչը ևս կարևորագույն սոցիալական խնդիր է լուծել: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր է իրականացվել նաև մարտական հերթապահություն իրականացրած բանակից զորացրված ուսանողների համար:
Դրական գնահատելով կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջև դրված խնդիրները, կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015-ն առանձնացել է սոցիալական պաշտպանության ոլորտում նորաստեղծ համակարգերի կառուցվածքային ու բովանդակային փորձարկմամբ, գործող համակարգերի զարգացմամբ ու ամրապնդմամբ: Ըստ նախարարի՝ կենսաթոշակային ոլորտում հիմնական թիրախը շարունակում է մնալ կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումը: Այսպիսով՝ 2015թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմելով շուրջ 41 հազար դրամ, զինվորական հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 հազար, վետերանների պատվովճարը կրկնապատվել է՝ դառնալով 50 հազար դրամ: Անցած տարի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 136 հազար ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստացել ամսական միջինում 105 հազար 408-ը, նպաստի միջին չափը կազմել է 30 հազար 350 դրամ:
Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ արմատապես փոխվել է զբաղվածության պետական քաղաքականությունը՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի միջոցով Տավուշի մարզի 44 սահմանամերձ համայնքի շուրջ 400 գործազուրկ ընդգրկվել է վարձատրվող հասարակական աշխատանքներում: Հաշմանդամության բնագավառում ջանքերն ուղղված են եղել սահմանված իրավունքների իրացմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը, երեխաների իրավունքների մասով՝ այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման միջոցով, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը գտնվում է իր ուշադրության կենտրոնում և ընդգծել՝ նախարարության 2016 թվականի գերակա խնդիրը պետք է լինի ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, բարեփոխումների հիմքում դնելով արդարության և անառաչության ապահովման սկզբունքը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև սոցիալական ծառայությունների արդյունավետ և թափանիկ գործունեության ապահովումը, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության բարձրացումը: Դրական գնահատելով ոլորտում կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է առկա բացթողումների վերացման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացումը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2015թ. կատարած աշխատանքները
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր և Շիրակի մարզերում): Իրականացվել են շուրջ 28 դպրոցաշինության, 38 ճանապարահաշինության, 46 նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, 20 մշակութային, 39 ջրամատակարարման, 28 գազամատակարարման և այլ ծրագրեր:
Նախարարը հայտնել է, որ «Գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարված առաջին դրամաշնորհային մրցույթի արդյունքում ընտրվել են 8 ծրագրեր, որոնք իրականացվելու են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի և Վրաստանի Սամցխե–Ջավախեթի և Քվեմո-Քարթլի տարածաշրջանների միջև տեղական իշխանությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով` աջակցելու շահառու համայնքներին մշակել համընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համատեղ լուծումներ:
Արմեն Երիցյանը նշել է, որ 2015թ. ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերանայման խնդրանքով միգրացիոն պետական ծառայության կողմից ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկվել 7826 դիմում, որոնցից պատասխան է ստացվել 7091-ի վերաբերյալ: Դրական պատասխանների թիվը կազմել է 54%-ը, մերժում ստացած դիմումներից 697-ն առնչվել է դատական կարգով վտարման դեպքերին:
Ըստ նախարարի, 2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 999.506 զանգ:
Տեղեկացվել է նաև, որ Հայպետհիդրոմետի համակարգի 47 օդերևութաբանական կայաններում, 7 գետավազանային հիդրոլոգիական կայանների 95 ջրաչափական դիտակետերում շարունակվել է հիդրոօդերևութաբանական դիտարկումների գործընթացը: Հիդրոլոգիական կանխատեսումների արդարացման աստիճանը կազմել է տասնօրյակային կանխատեսումներինը` 96%, ամսական կանխատեսումներինը` 94%:
Անցած տարվա սկզբին նախարարության կողմից մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում, ինչպես նաև անցկացվել տեղական հանրաքվե:
Դրական գնահատելով նախարարության 2015թ. գործունեությունը՝ վարչապետը նշել է, որ անցած տարի լուրջ աշխատանք է իրականացվել և արտակարգ իրավիճակների, և տարածքային կառավարման ոլորտներում: Գործադիրի ղեկավարը կարևոր և հաջողված բարեփոխում է համարել համայքների խոշորացումը:
Մշակույթի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և նորահայտ հուշարձանների` ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործական ծրագրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել երաժշտարվեստի, օպերային և բալետային արվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, գրահրատարակչության ոլորտներում, կինոնախագծերի ստեղծման և միջազգային գրական ծրագրերի ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են «100 համերգ» և «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը։ Բեմադրվել են 2 բալետային ներկայացում և 7 թատերական նախագիծ: Հայկական կերպարվեստը ներկայացվել է Վենետիկի բիենալեում` «Հայություն» խորագրով ցուցադրությամբ (18 սփյուռքահայ արվեստագետ), որտեղ Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և Պեկինի միջազգային բիենալեում` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ (8 արվեստագետ` տարբեր երկրներից)։ Հայաստանում անցկացվել է 12 ցուցահանդես, 2 միջազգային նախագիծ։ Աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, «Այլևս երբեք» խորագրի ներքո կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր են ցուցադրվել մի շարք երկրներում: Իրականացվել են «Գրական տապան-ապրիլ», «Գրական տապան-2015» միջազգային գրական փառատոնները և ArmbookExpo ցուցահանդեսը։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը։ 2014-2015 թթ. Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք՝ հայերեն և օտար լեզուներով:
Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015 թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։ Ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին։ Մանկապատանեկան բեմադրությունների իրականացման նպատակով բեմադրվել է 5 ներկայացում: Մշակութային արտադրանքի տարածման նպատակով իրականացվել է 5 թատերական միջազգային և հանրապետական փառատոն։ Իրականացվել են 10 դահլիճի արդիականացման աշխատանքներ։ Արամ Խաչատրյան համերգասրահի տեխնիկական վերազինմանը զուգահեռ անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Մշակույթի նախարարը նշել է, որ դահլիճների նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը հիմնականում լուծվել է, այժմ կատարվում են ընթացիկ աշխատանքներ: ՀՀ մարզերում գեղագիտական դաստիարակության նպատակով իրականացվել են «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրեր» ծրագրերը, ինչպես նաև մի շարք մանկապատանեկան փառատոններ: Հայկական կինոժառանգության պահպանման և օգտագործման ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ները թվայնացրել են 21 խաղարկային և վավերագրական ֆիլմ։
Նշելով, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մշակույթի նախարարությունը մեծ աշխատանք է կատարել և´ Հայաստանում, և´ արտերկրում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել նախարարության գործունեության արդյունքներից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն ունեն հայկական մշակույթի ներկայացման գործում, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ 2016 թ. ևս նախարարությունը մեծ անելիքներ ունի, և բազմաթիվ ծրագրերի հիմքում պետք է դրվի միասնական մոտեցումը: Որպես առաջնահերթություն՝ վարչապետն առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը և հորդորել մշակույթի նախարարությանը մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը:
Քաղաքաշինության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ և սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը: Անցած տարի ներկայացվել է Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի ներդրումային-քաղաքաշինական ծրագիրը, որին հաջորդել է բանակցային գործընթացը՝ մի շարք օտարերկրյա ներդրողների հետ: Ըստ նախարարի՝ շինարարության ոլորտում կարևորվել է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը նպաստել է նշված ոլորտների վերազինմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:
Նախարարի տեղեկացմամբ, կառավարության պահուuտային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին Վանաձոր քաղաքում Ծրագրի շահառու ճանաչված 14 ընտանիքի՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, իսկ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկ սենյակի շահառու ճանաչված 15 ընտանիքի տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 104 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, ապա այդ նպատակով Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման, ինչպես նաև 33 ընտանիքների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվել են 2016 թվականի պետական բյուջեով:
Վարչապետին զեկուցվել է, որ քաղաքաշինության նախարարությունն անցած տարի հավաքագրել և ամփոփել է հանրապետության մարզերում առկա կիսակառույց օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն. ըստ այդմ՝հանրապետության մարզերում առկա են 230 կիսակառույց օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքների վերսկսման, օգտագործման կամ քանդման խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է իրականացնել կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ: Ներկայումս սահմանված կարգով ամբողջովին իրականացվել են կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունների հանձնման-ընդունման աշխատանքները:
Նախարարության կողմից մշակվել և կառավարության աշխատակազմ է ներկայացվել բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ 2016 թվականին լուրջ մարտահրավերներ կան ոլորտի համար, ուստի պետք է հետամուտ լինել բոլոր նեդրումային ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ թեև անցած տարի շինարարության ոլորտում արձանագրվել է աճ, այդուհանդերձ այն բավարար չէ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ոչ ստանդարտ, համարձակ, բայց հիմնավորված որոշումներ:
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի 2015թ. աշխատանքները
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրով կոմիտեն մշակել եւ կառավարություն է ներկայացրել «Ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշմամբ սահմանվում են ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգին ներկայացվող պահանջները, ֆիզիկական պաշտպանության մակարդակները ըստ նախագծային սպառնալիքի գնահատման, եւ դրանց հետ կապված միջադեպերին հակազդելու եւ կարգավորման ենթակա այլ հարցեր, կանխելու ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառությունը, նվազեցնելու դրանց հափշտակության կամ այլ անօրինական տիրապետման հետ կապված հնարավոր վտանգները:
Ա. Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման և վերանորոգման աշխատանքներին:
Վարչապետ Աբրահամյանը բավարար է գնահատել կոմիտեի աշխատանքը: Կարևորելով ատոմակայանի վերանորոգման աշխատանքները՝ գործադիրի ղեկավարը հորդորել է դրանք իրականացնել որակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել