HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է տվել Ռուսաստանը Հայաստանին ԵՏՄ անդամակցության շրջանակներում

«Հետքը» ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել է, թե Ռուսաստանի Դաշնությունը որքա՞ն դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Խոսքը վերաբերում է այն դրամաշնորհներին, որոնք տրամադրվել են ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակներում իրականացված կամ իրականացվելիք ծրագրերին: Հարցրել էինք նաև, թե ի՞նչ նպատակներով է այն օգտագործվել կամ օգտագործվելու:

Հիշեցնենք՝ 2015թ. մայիսի 21-ին Մոսկվայում ստորագրել է «ՀՀ և ՌԴ կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամկցության շրջանակներում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագիրը: Համաձայն ֆինանսների նախարարության պատասխանի՝ դրանով սահմանված է, որ ռուսական կողմը անհատույց կերպով կիրականացնի աշխատանքների կատարման, սարքավորումների մատակարարման, ծառայությունների մատուցման և ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման ֆինանսավորումը մինչև 42 մլն դոլարի և 130 մլն ռուբլու (այժմ՝ 1,7 մլն դոլար) չափով: Այս գումարներն ուղղվելու են հետևյալ ոլորտներին՝

  • մաքսային վարչարարությանը,
  • սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումներին,
  • ապրանքների փոխադարձ և արտաքին առևտրի վիճակագրությանը
  • արդյունաբերության ոլորտի միջոցառումներին,
  • ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցման և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանը

42 մլն դոլար գումարից 14,1 մլն դոլարն անմիջականորեն հատկացվել է ՀՀ-ին և ուղղվել պետական բյուջե, մնացած 27,9 մլն դոլարը և 130 մլն ռուբլու օգնությունը տրամադրվելու է ՌԴ կողմից ապրանքների, աշխատանքների, մեքենաների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման և ՀՀ-ին տրամադրման տեսքով:

Նշվածից բացի, պարզվում է, նախատեսված են նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում հայկական կողմի ներկայացուցիչների ուսուցման և որակավորման բարձրացման միջոցառումներ, որոնք կազմակերպվելու են ռուսաստանյան համապատասխան գերատեսչությունների կողմից:

Ֆինանսների նախարարությունից հարցրել էինք նաև, թե ո՞ր կազմակերպությունները կամ կառույցներն են ներգրավված ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակներում իրականացված կամ իրականացվելիք ծրագրերում և որքան դրամական միջոց են այդ կազմակերպությունները ստացել կամ ստանալու ծրագրի իրականացման համար:

42 մլն դոլարի և 130 մլն դուբլու չափով օժանդակության շահառուները ՀՀ գերատեսչություններն են՝ ֆինանսների, աողջապահության, գյուղատնտեսության (ի դեմս սննդամթերի անվտանգության պետական ծառայության), էկոնոմիկայի նախարարությունները, ազգային վիճակագրական ծառայությունը և պետական էլեկտրոնային կառավարման ոնթակառուցվածքների ներդրման գրասենյակը («Էկենգ» ՓԲԸ):

«ՌԴ կողմից օժանդակության միջոցների հաշվին ֆինանսավորվող միջոցառումների գծով թե՛ Հայաստանում, թե՛  Ռուսաստանում հայտարարված են համապատասխան մրցույթներ, այդ միջոցները ծախսվելու են մինչև 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ուստի ծախսված գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրումը վաղաժամ է»,- պատասխանել է ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter