HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնի թաղամասում նշվեց «Հիմնադրի օրը»՝ նվիրված Վահագն Հովնանյանի հիշատակին

Ս.թ. փետրվարի 16-ին Վահագնի բնակելի թաղամասում տեղի ունեցավ «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում՝ ի հիշատակ հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի: Այսօր նա կդառնար 84 տարեկան: Միջոցառումը այսուհետ կրելու է շարունակական բնույթ և թաղամասում նշվելու է յուրաքանչյուր տարվա փետրվարի 16-ին՝ պրն. Հովնանյանի ծննդյան օրը՝ վառ պահելու նրա լուսավոր հիշատակն ու անունը:

Միջոցառման ընթացքոմ կատարվեց մեծ բարերարի հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնության և օծման արարողությունը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հանդիսապետությամբ: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

1.75 մ բարձրությամբ և 54 սմ լայնությամբ գեղակերտ հուշարձանի բացումը կայացավ ս.թ. հոկտեմբերի 11-ին: Ստեղծագործության հեղինակն է վարպետ Վարազդատ Համբարձումյանը:

Խաչքարի օծմանը հաջորդեց հիշատակի երեկո Վահագնի ռեստորանում, որի ընթացքում հնչեցին հիշատակի խոսքեր պրն. Հովնանյանի վառ անհատականության մասին, սիրելի երաժշտական կատարումներ և ստեղծագործություններ, ինչպես նաև ցուցադրվեցին հատվածներ պրն. Հովնանյանի կենդանության օրոք արված տեսանյութերից: Մշակութային միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանն ու Սիլվա Յուզբաշյանը, Հայկական ավանդական նվագարանների համույթը՝ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Սահակյան: Երեկոյի նպատակն էր պատվել պրն. Հովնանյանի լուսավոր հիշատակը և վերհիշել նրա բազում ջանքերն ու բարեգործությունները, որոնց հիմքում ընկած են նրա՝ հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը:

Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Իր ողջ գործունեության ընթացքում պրն. Հովնանյանը բազմազան ծրագրերի և

նախաձեռնությունների սատարման միջոցով նշանակալի ավանդ է ունեցել հայ ինքնության պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև ավելի հզոր ու բարեկեցիկ հայրենիքի կերտման գործում: Զգալի է նրա ներդրումը հայրենիքի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների և, առհասարակ, ապագայի կերտման գործում:

1998թ. Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով հայրենիքում համախմբել աշխարհասփյուռ հայությանը և նպաստել համազգային ներուժի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter