Նազարբեկյան 48 շենքը արդեն ապահովվել է նոր կոյուղագծով
Մայրաքաղաքի Նազարբեկյան 48 շենքը արդեն ապահովված է նոր կոյուղագծով: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը` նշելով, որ հունվարի վերջին նշված շենքի բնակիչների հետ կայացած Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանի հանդիպման ժամանակ շենքի կոյուղատար համակարգի բացակայությունը դիտարկվել էր որպես հրատապ լուծում պահանջող խնդիր: Ըստ այդմ, առաջնահերթության սկզբունքով անցկացվել է 200 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, այցելել ու տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը շենքի բնակիչներին վստահեցրել է, որ բազմաբնակարան շենքում առկա մյուս խնդիրները, որոնք բարձրացվել էին նախորդ հանդիպման ժամանակ, ևս փուլային լուծում կստանան՝ պայմանով, որ անավարտ շենքի բնակիչները, ինչպեսև ժամանակին հանձն են առել, իրենց մասնակցությունը կունենան այդ հարցում:
Շնորհակալություն հայտնելով կոյուղագծի անցկացման խնդիրը հրատապ լուծելու համար` Նազարբեկյան 48 շենքի բնակիչները մեկ անգամ ևս վերահաստատել են, որ պատրաստ են կատարել շենքի հետագա շահագործմանն ու պահպանմանը միտված իրենց պարտավորությունները:
Քաղաքապետարանը հիշեցնում է, որ Նազարբեկյան 48 շենքը սկսել է կառուցվել դեռևս խորհրդային տարիներին, սակայն բազմաբնակարանի վերջին հարկի ու տանիքի կառուցումը մնացել է անավարտ: Տարածքի ասֆալտապատման, ջրագծի և արտաքին լուսավորության ցանցի անցկացման հարցում, համաձայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամանակին աջակցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել