HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Եզդի քաղաքացիները պահանջում են բացահայտել իրենց տների գողությունները

Լուսադեմին, երբ Թառլան Սայդոյանը բացել է բնակարանի դուռը, ուժեղ հարված է ստացել: Օգնության հասնող ամուսնուն նույնպես հարվածել են, այնուհետև կապել նրանց ու բռնությամբ փորձել պարզել, թե որտեղ են ամուսինները պահում իրենց գումարն ու ոսկին:

Ամուսինը՝ Շիրին Ալիյանը, տեսնելով, որ տուն ներխուժած անձիք ամեն ինչի պատրաստ են, տվել է իրենց տան երկրորդ հարկի բանալին և ասել, որ իրենց փնտրածն այնտեղ է: Երբ երկրորդ հարկի գույքը վնասելուց հետո ոսկին ու գումարը չեն գտել, գողության երեք մասնակիցները շարունակել են բռնություն գործադրել ամուսինների նկատմամբ՝ միացնելով հեռուստացույցը, որպեսզի նրանց ձայները չլսվեն:

Ավազակային հարձակման մասնակիցները Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տնից հեռացել են 20 հազար եվրո գումարով ու ոսկեղենով: Շիրին Ալիյանը ենթարկվել է վիրահատության, Թառլան Սայդոյանը ասում է, որ դրանից հետո շաքարային դիաբետ է ձեռք բերել:

Ազգությամբ եզդի ամուսինները կարծում են, որ իրենց գործի բացահայտումը միտումնավոր կերպով դանդաղում է: Նրանք հավատացնում են, որ ճանաչում են իրենց տունը թալանողներից մեկին: Այն, որ դիմակավորվածների մեջ նույնպես եզդի է եղել, տիկին Թառլանը հասկացել է, երբ ամուսնուն եզդիերենով հորդորել է չասել «կոպեկ-կոպեկ» հավաքած գումարի տեղը: «Մեր լեզվով ասում եմ՝ Շիրի՛ն, մի՛ ասա, ինչի՞ ես ասում, արդեն լույսը բաց ա, իրանք կփախնեն: Իրանք ավելի [ուժեղ] խփեցին, դու մի ասա՝ եզդիներ են մեջը»,- պատմում է Թառլան Սայդոյանը:

Շիրին Ալիյանը իրենց տուն խուժածների մեջ ճանաչել է Տահար անունով խնամուն: Այդ ժամանակ վստահ չի եղել, բայց երբ իրենց հրավիրել են ոստիկանության Մաշտոցի բաժին ու ցույց տվել տեսախցիկների տեսագրությունները, նրա կասկածները փարատվել են: Տեսախցիկներն արձանագրել են հանցագործությանը պատրաստվողների շարժը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտակայքից սկսած: Բաժնում նաև ասել են, որ հանցագործության մասնակիցները ոչ թե երեքը, այլ հինգն են եղել. երկուսը հավանաբար սպասել են մեքենայում:

«Քանի ամուսինս դեռ ներսն էր, զանգերը գալիս ա իրանց, ես չգիտեմ ով ա, թող իրանք ասեն ով ա, ասում ա իմ ձեռը ճար չկա, ես չեմ կարա, արդեն ներսն ա, կարող ա ճանաչի: Հլա ամուսինս ներսն ա, արդեն իրանք եկել են ասում են՝ արա, ճանաչեց», - տեսագրությունները դիտելու դրվագը հիշելիս պատմում է տիկին Թառլանը:

«Երրորդ օրը իրան (Տահար Ավդալյանին – հեղ.) բռնել են: Գնացել ենք, առերեսում են արել էդ մարդի հետ: Դրանից հետո գալիս ենք տուն, երկրորդ օրը իրան թողնում են»,- պատմում է տիկին Թառլանը՝ այս հանգամանքը բացատրելով Տահարի այն խոսքով, թե «դատախազ Գրիգորյանն» իր քավորն է: Թե ով է «դատախազ Գրիգորյանը», տիկին Թառլանը դժվարացավ պատասխանել:

Քննչական կոմիտեի դեպարտամենտից «Հետք»-ին հայտնել են, որ գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդել չեն կարող. «Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնց ուղղությամբ ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ ապահովելու բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն»:

Սիլիկյան թաղամասի այս տան կողոպուտից մեկուկես ամիս անց՝ 2015թ-ի դեկտեմբերի 4-ին, Հայաստանի մի քանի տասնյակ եզդի քաղաքացիներ ցույց էին անում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել՝ իրենց գործերի բացահայտումն ապահովելու համար:

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ Մրազ Քոչարյանը, ով անասնապահությամբ է զբաղվում, ցուցարարների շարքում էր: Նրա տունը ևս կողոպտել են՝ դաժանաբար ծեծելով իրեն ու կնոջը, միայն թե 2013թ-ի ապրիլին: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժինը դեպքից չորս ամիս հետո քրեական գործի վարույթը կասեցնելու որոշում է կայացրել՝ «որպես մեղադրյալ ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով»: Այդ ժամանակից ի վեր Քոչարյանը դիմումներ է ուղղել Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին:

Դեկտեմբերի 4-ին Մ.Քոչարյանին առաջարկել են դիմում ներկայացնել նախագահի աշխատակազմին, բայց ինքը հրաժարվել է. «Ասի երկու տարի առաջ տվել եմ, ի՞նչ եք արել, որ նորից դիմումը ձեզ տամ: Ասի մեզ խաբում եք, ճանապարհում եք»,- հիշում է տուժողը՝ հավելելով. «միլիցեքը ձեռ էին առնում, ասում էին՝ խի եք եկել, ով պիտի ձեր գողերին բռնի»:

Քոչարյանն ու իր կինը, ի տարբերություն Սիլիկյան թաղամասում բնակվող ընտանիքի, «իրենց գողերին» չեն ճանաչում: Բայց կրկին համոզված են, որ իրենց առօրյային տեղյակ մարդիկ են եղել, քանի որ եկել են ճիշտ այն ժամանակ, երբ տանը եղել են միայն Մրազն ու կինը՝ Սեյրան Ջալիլյանը: Կեսգիշերից հետո հրավառության ձայն է լսվել հարևանի տնից, ում ընտանիքում ծծնդյան տոն են նշելիս եղել: Այդ ընթացքում դիմակավորված երեք հոգի տուն են մտել մուտքի երկու դռներից այն մեկով, որը բաց է եղել: Երբ փորձել են բացել մյուսը, կողպեքի ձայնից կինն արթնացել է և նկատել նրանց ստվերները: «Էն դռան մոտ, արդեն որ կինս ասեց՝ Մրա՛զ, տունը մարդ մտավ՝ մեր լեզվով, ես որ գլուխս բարձրացրեցի, երեք հոգի արդեն դռան մոտ կանգնած էին»,- հիշում է Մրազ Քոչարյանը:

Ամուսիններին դաժանաբար ծեծել են, պահանջել ոսկեղենն ու գումարը: «[Ասում էին] շուտ արեք, ասեք, էլի ունեք, էսքանը չի, եզդիները տեղաշորների մեջ են իրանց եղածը պահում: Ասի բալա ջան, մեր սուրբն ա, մենք էդ կեղտոտ բանը չենք դնում տեղաշորի մեջ»,- պատմում է Սեյրան Ջալիլյանը:

Զվարթնոց թաղամասի այս տանից գողերը հեռացել են երկու միլիոն դրամից ավելի գումարով և զարդեղենով: Ամուսիններն իրենց նյութական վնասը գնահատել են 4 մլն 965 հազար դրամ, վնաս է պատճառվել նաև նրանց առողջությանը: Նրանք հիշում են, որ ավազակային հարձակման մասնակիցները ցանկացել են տունն այրել, բայց նրանցից մեկը կանխել է դա:

Տուն մտնելուց հետո գողերը, տան բնակիչների պատմելով, անջատել են տան հեռախոսը և ջուրը գցել երեք բջջային հեռախոսները, որոնք անսարք են եղել: Ամուսինները նկատել են, որ նրանք դեպքի ողջ ընթացքում մի քանի անգամ հեռախոսային խոսակցություն են ունեցել: Ասում են, որ հանցագործների ինքնությունը կարելի է պարզել ՝ այդ զանգերի տեղն ու ժամանակը համադրելու միջոցով: Նրանց համար անհասկանալի է նաև, թե ինչու են հարցրել իրենց՝ արդյոք կճանաչեն իրենց ոսկեղենը, բայց որևէ զարդ այդպես էլ ցույց չեն տվել:

«Ես չեմ ասում հայ են, թուրք են, եզդի են, վրացի են, ինչ ազգ ուզում ա լինի: Ուզում ա թող իմ ախպերը լինի: Թող բռնեն, մարդիկ իրանց պատիժը կրեն: - ասում է Մրազ Քոչարյանը՝ բացատրելով, որ եզդիներից գուցե գողանում են՝ ենթադրելով, թե անասնապահությամբ շատ գումար են վաստակում,- Հիմա մեր՝ եզդիների տղաները, 80%-ը էս ձմռանը, էս ցրտին դուրսն են քնում իրանց անասունների խաթր, անասուն են դրսում պահում: Մեզ էլ ասում են՝ քեզ գումարը որտեղից...»:

Մրազի և Սեյրանի տղաներից երեքն այժմ Ֆրանսիայում են: Իրենց հետ ապրում է չորրորդ տղան՝ Յուրիկը՝ իր ընտանիքով: Դեպքից հետո այս տանը զգուշավոր են դարձել, Յուրիկն ասում՝ ժամը 8-ից բոլոր դռները փակում են: «Մինչև հիմա վախում ենք: Բա մենք ռիսկ չունենա՞նք՝ մեր տունը գոնե կարգին քնենք: Ես չեմ կարում նստեմ տունը: Մութ ա լինում, էլ տնից դուրս չեմ գալիս»,- ասում է Յուրիկի մայրը՝ Սեյրան Ջալիլյանը:

Երևանի Սիլիկյան և Էջմիածնի Զվարթնոց թաղամասի այս կողոպտված տների տարեց բնակիչները գրեթե ամեն օր գնում են ոստիկանության բաժանմունք: Նրանք միմյանց գործերից շատ բան չգիտեն, սակայն երբ համադրում ենք մանրամասները, որոշ ընդհանրություններ են ի հայտ գալիս: Երկու զույգերին էլ կապել են պատռած սավանների կտորներով, երկու դեպքերում էլ ցանկացել են սպանել իրենց, քանի դեռ կողոպուտի մասնակիցներից մեկը չի կանխել, իսկ կանայք պատմում են, որ իրենց ականջօղերը վերցնելու համար սպառնացել են կտրել ականջները:

Ազգությամբ եզդի այս քաղաքացիները չեն կարծում, թե իրենց համայնքի անդամների տները թիրախավորելու միտում կա: Առատաշեն գյուղում, օրինակ, 2015թ-ի երկրորդ կեսին կատարված կողոպուտների 4 դեպք են հիշում. միայն մի տան բնակիչներն են ազգությամբ եզդիներ եղել: Ժամանակագրական առումով դա եզդիների տներից կատարված կողոպուտներից վերջինն է, և տեղի է ունեցել Սիլիկյան թաղամասի դեպքից երկու շաբաթ հետո:

Հարևանի բակից վերցրած աստիճանի միջոցով պատուհանից (գլխավոր լուսանկարում) տուն մտած անձիք (պարզ չէ, թե քանիսն են եղել) ննջասենյակի զգեստապահարանից վերցրել են Արթուր Հասոյանի կնոջ զարդատուփը, Արթուրի ծնողների սենյակից փորձել են վերցնել գումարը, ինչի համար կոտրել են ննջասենյակի դռան ապակին, սակայն լսելով մոտեցող մեքենայի ձայնը՝ հեռացել են՝ վերցնելով հյուրասենյակում դրված համակարգիչն ու թողնելով արյան հետքեր: Ընդհանուր վնասը գնահատվել է 1 մլն 100 հազար դրամ:

Ոստիկանությունը «արնանման հետքեր»-ից վերցրել է փորձանմուշներ: «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «ենթադրյալ կասկածելի անձանցից վերցվել են փորձանմուշներ և նշանակվել դատակենսաբանական փորձաքննություններ»: Այս դեպքում ևս կոմիտեն հրաժարվել է հավելյալ տեղեկություն տրամադրել՝ «քրեական գործի շահերից ելնելով»:

Իրենք՝ տան բնակիչները, կասկածել են համագյուղացիներից մի քանիսին, որոնց ոստիկանությունը բերման է ենթարկել, բայց գողությանը մասնակցությունը չի հաստատվել: Արթուրի հորը՝ Վալոդ Հասոյանին ոստիկանությունից հայտնել են, որ բերման են ենթարկել ևս երկու հոգու, որոնց մեղավորության հարցը կպարզվի մի քանի օրից, երբ առկա լինեն փորձաքննության արդյունքները: Վ.Հասոյանին հայտնել են, որ կասկածյալները Էջմիածնի Զվարթնոց թաղամասից են:

Այնուամենայնիվ, ելնելով այն հանգամանքից, որ գողերը իմացել են իրենց անհրաժեշտ իրերի տեղը, իսկ տանը միայն թափված շորեր են եղել, առատաշենցի այս ընտանիքը ևս կարծում է, որ գողություն կատարողները անծանոթներ չեն եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter